«Արի տուն-2014». Վարսիկ և Մարիամ Պապոյաններ. «Երբ ավարտվի «Արի տուն»-ը, շատ կտխրենք…»
Այս գեղեցկադեմ հայուհիները, ովքեր իրենց մասնակցությունն են բերել ծրագրին ՌԴ Կրասնոյարսկ քաղաքից, հերթական շրջայցի ողջ ճանապարհին ավտոբուսի մեջ անդադար պարում էին և ընկերներին ոգևորված պարի հրավիրում: Ակնհայտ էր, որ նրանք մերվել են հայկական միջավայրինև հատկապես` մասնակից ընկերներին: Իրենց տպավորություններով նրանք կիսվեցին մեզ հետ:
Քույրերի ոգևորությունն ու ուրախությունը մեծ է, որ մասնակցում են այս ծրագրին: Ասում են` շատ են սիրել Հայաստանը. այստեղ մարդիկ, ի տարբերություն այնտեղի, շատ ջերմ, սրտաբաց և ուրախ են: Իսկ ծրագրին որոշել են մասնակցել իրենց ծանոթի խորհրդով: «Որոշեցինք մասնակցել, քանի որ շատ վաղուց չէինք եղել Հայաստանում: Այժմ, երբ արդեն մեր հայրենիքում ենք, ծրագրի շնորհիվ շատ բացահայտումներ արեցինք մեզ համար, պատմական գեղեցիկ վայրերում եղանք, որոնց մասին լսել էինք միայն: Հատկապես հավանել ենք Գառնին, Գեղարդը»-ասացին քույրերը: Քույրերից Վարսիկն իր խոսակցականի մեջ արդեն դրական տեղաշարժ է նկատում. սկզբում միայն ռուսերենով էր շփվում մարդկանց հետ, իսկ հիմա մայրենի լեզվով խոսելը գերակշռում է, ինչը շատ է ուրախացնում նրան:
Հայկական ճաշատեսակները հավանել են, պասուց տոլման են առաջին անգամ համտեսել, որը բացահայտում էր իրենց համար, իսկ քաղցրահամ սուջուխը, ինչպես նրանք են նշում, անփոխարինելի համ ունի:
Խանդավառությամբ են պատմում իրենց արդեն ամուր և մտերմիկ դարձած ընկերության մասին, որը հասցրել են ձևավորել մյուս մասնակիցների հետ. «Չէինք պատկերացնում, որ այսքան շուտ կմտերմանանք, բոլորս հասկանում ենք միմյանց և հարգում, խոստացել ենք, որ ծրագրից հետո էլ կշարունակենք կապ պահպանել և շփվել, հեռախոսահամարներով ենք փոխանակվել, համացանցով ևս խոսելու հնարավորություն կունենանք, նույնիսկ պայմանավորվել ենք հարմար առիթի դեպքում հյուր գնալ իրար: Մի խոսքով, երբ ավարտվի «Արի տուն»-ը, շատ կտխրենք, չենք ուզում վերջանա այս ամենը»,- հուզմունքով ասացին քույրերը:
Գևորգ Չիչյան