ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանին Կանադայի Հայոց թեմի առաջնորդ ընտրվելու առթիվ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/Без-имени-14.jpg)
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ
ԿԱՆԱԴԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ
ՀՈԳԵՇՆՈՐՀ ՏԵՐ ԱԲԳԱՐ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ
Հա՛յր Սուրբ,
Իմ ջերմ ողջույններն ու շնորհավորանքներն եմ հղում Ձեզ` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանադայի Հայոց թեմի առաջնորդ ընտրվելու առթիվ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Ձեր ընտրությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Նրա Գահակալի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, յուրովի գնահատականն է Ձեր նկատմամբ ունեցած մեծ վստահության և Ձեր նվիրյալ ծառայության:
Կանադայի ժողովրդի հյուրընկալ հողում արդեն մեկ դար բնակվող հայությունն իր ազգային արմատներին ամուր կառչած է մնացել Հայրենիքի կենարար հոգևոր-մշակութային արժեքներով մշտապես սնուցվելու շնորհիվ:
Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ Թեմը շարունակելու է Հովնան Սրբազանի ավանդները և տեղի հայության համար դառնալու է հոգևոր-մշակութային նոր լիցքեր ստանալու սրբատեղի, կրթա-դաստիարակչական, հայ ազգային քրիստոնեական մտածելակերպի հիմնատարրերով հագեցած դարբնոց, որի հոգևոր անսպառ ուժը ի զորու է հայ համայնքի հոգում անմար պահել Սուրբ Գրիգոր Լուսավորչի կանթեղի լույսը:
Հա՛յր Սուրբ, երիցս ոգևորիչ է, որ Ձեր հոգևոր ծառայությունը այսուհետ առնչվելու է աշխարհասփյուռ հայության Կանադայի հայ համայնքին: Ընդգծելով Ձեր ազգանվեր գործունեությունը Աջարիայի հոգևոր հովվությունում՝ առաջնորդական տեղապահությունները Վիրահայոց և Բուլղարիայի Հայոց թեմերում, համոզված ենք, որ Կանադայի հայ համայնքում Ձեր ծառայությունը կլինի դրանց տրամաբանական շարունակությունը:
Համոզված եմ, որ ուծացման ահագնացող վտանգը, Տորոնտոյի ու Մոնրեալի հայ համայնքների առջև ծառացած նոր մարտահրավերները, Ձեր հովվապետությամբ կմշակվեն ազգային ավանդույթների պահպանմանը և ազգային ինքնության ու ինքնագիտակցության բարձրացմանը նպաստող ծրագրերի ընդլայնմանն նպաստող նոր կառուցակարգեր, որոնց համատեքստում չի անտեսվի նաև օգնությունը սիրիահայ մեր եղբայրներին: Դուք Ձեր թեմակալությամբ դառնալու եք Հայաստան – Կանադայի հայ համայնք կապերի խորացման և ամրապնդման երաշխավորը:
Հա՛յր Սուրբ, թող Ձեր առաջնորդությամբ կանադահայ 17 եկեղեցական համայնքները, թեմի Պատգամավորական ժողովը և ատենապետ տիար Ժաք Ստեփանյանը զորավիգ դառնան Ձեր բոլոր նախաձեռնություններին՝ համախմբվելով թեմի շուրջ, համատեղ իրականացնեն բոլոր ծրագրերը:
Հա՛յր Սուրբ, Ձեր գլխավորությամբ ակնկալում ենք Հայաստան – Սփյուռք գործակցության է՛լ ավելի սերտացումՙ և կանադահայ համայնքի աշխույժ մասնակցություն ու ներգրավվածություն ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերին:
Մաղթում եմ Ձեզ նոր հաջողություններ միջեկեղեցական և էկումենիկ հարաբերություններում, հատկապես՝ Եկեղեցիների կանադական խորհրդում:
Թո՛ղ Աստծո Ամենակարող Աջը միշտ հովանի լինի Կանադայի Հայոց թեմին, Ձե՛զ, Հա՛յր Սուրբ, և Կանադայի հայությանը:
ԽՈՐԻՆ ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ