ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը Զավեն Խանջյանին Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու առիթով

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ

ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ

ՊԱՐՈՆ ԶԱՎԵՆ ԽԱՆՋՅԱՆԻՆ 

Հարգարժա´ն պարոն Խանջյան,

Սիրով շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու առիթով, ինչը Ձեր նվիրյալ և ազնիվ ծառայության ու ազգային գործիչի յուրօրինակ ավանդի և հավատարմության գնահատականն է։

Ձեր աշխատանքով Դուք արդարորեն վաստակել եք Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության, նրա անդամների սերն ու վստահությունը՝ Ձեր ձեռագիրը թողնելով «Հայաստան» հիմնադրամի, Հյուսիսային Ամերիկայի Ավետարանչական միության, Միացյալ հայկական կոնգրեգացիոնալ եկեղեցու, Մերդինյան Հայ Ավետարանական դպրոցի, Բեյրութի Հայկազյան համալսարանի և «Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունների հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական և հայանպաստ աշխատանքներին:

Համոզված ենք, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենի պաշտոնում շարունակելու եք Ամերիկյան պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին Ձեր ակտիվ մասնակցությունը:

Վերջին տարիներին նախագահելով Սիրիայի Հայ օգնության ֆոնդը՝ Ձեր հարուստ փորձառությամբ անգնահատելի աշխատանքներ եք իրականացրել, և վստահ ենք, որ այս նոր ու պատասխանատու պաշտոնում առավել ակտիվությամբ Ձեր ջանքերը կնպատակաուղղեք սիրիահայության համար կենսական նշանակության խնդիրների լուծմանը:

Պարո´ն Խանջյան, ակնկալում ենք, որ Ձեր ղեկավարությամբ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն իր արժանի դերակատարությունը կունենա Հայաստան–Սփյուռք գործակցության զարգացմանը, իսկ ամերիկահայ համայնքը ակտիվ մասնակցություն կունենա ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերին:

Թող Աստծո Ամենակարող Աջը միշտ հովանի լինի Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը, Ձեզ, պարո´ն Խանջյան, և ողջ ամերիկահայությանը:

ԽՈՐԻՆ ՀԱՐԳԱՆՔՈՎ՝

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ    

Scroll Up