ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևատևրեց Ռուսաստանի հայերի միության Վոլգոգրադի տարածաշրջանային բաժանմունքի և Վոլգոգրադի հայկական համայնքի խորհրդի անդամ Արթուր Մարտիրոսյանին

Մայիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախարարության «Պողոս Նուբար» մեդալով պարգևատրեց Ռուսաստանի հայերի միության Վոլգոգրադի տարածաշրջանային բաժանմունքի խորհրդի անդամ, Վոլգոգրադի «Հայկական համայնք» հասարակական կազմակերպության նախագահ, «Մաքս» ընկերակցության ղեկավար Արթուր Մարտիրոսյանին:

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց Ա.Մարտիրոսյանի կողմից Վոլգոգրադ քաղաքում իրականացրած բարեգործական բազմաթիվ ծրագրերը, որոնք նպաստել են հայապահպանությանը և հայ մշակույթի տարածմանը:

«1989թ. հեռանալով Հայրենիքից՝ տարիներ շարունակ հեռավոր Վոլգոգրադում ծավալել եք հայապահպանությանն ուղղված լայնածավալ գործունեություն: Համայնքին մատուցած Ձեր ծառայություններն արդեն իսկ բարձր են գնահատվել Ռուսաստանի հայերի միության կողմից: Իսկ այսօր ավելի քան 100 հազար հայություն ունեցող Վոլգոգրադում հովանավորում եք կառուցվող նոր հայկական Սբ. Գևորգ եկեղեցու և հայկական հոգևոր-մշակութային կենտրոնի շինարարությունը»,- նշեց նախարարը:

ՀՀ սփյուռքի նախարարը հորդորեց նոր բացվող մշակույթի կենտրոնն անվանել Մեսրոպ Մաշտոցի անունով և կոչ արեց Եկեղեցում մատուցված պատարագներից հետո մանուկներին ու պատանիներին անպայման ուղղորդել մշակութային կենտրոն, որտեղ նրանք կհաղորդակցվեն նաև հայկական մշակութային արժեքներին:

Շնորհակալություն հայտնելով նախարարությանը Սփյուռքում ապրող հայության հանդեպ ուշադիր և հոգատար վերաբերմունքի համար՝ Արթուր Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ այսուհետ Վոլգոգրադի հայ համայնքն առավել ակտիվ կգործակցի գերատեսչության հետ և իր մասնակցությունը կբերի Հայրենիք-Սփյուռք մերձեցմանն ուղղված բազմաթիվ ծրագրերին:

IMG_1235 IMG_1242 IMG_1248

Scroll Up