ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը Հունաստանի Հայ կապույտ խաչի հիմնադրման 90-ամյակի առթիվ

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԿԱՊՈՒՅՏ ԽԱՉԻ (ՀՕՄ)

ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՂԵԿԱՎԱՐ ՏԻԿԻՆ ԼՅՈՒՍԻ ՇԱՆԳԱՅԱՆԻՆ

Հարգարժա´ն տիկին Շանգայան, սիրելի՛ հոմուհիներ,

ՀՀ սփյուռքի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Հունաստանի Հայ կապույտ խաչի հիմնադրման 90-ամյակի առթիվ:

Հիմնադրվելով 1924թ. Աթենքում՝ Հունաստանի Հայ կապույտ խաչն իր ծիլերը տարածեց Հունաստանի գրեթե ողջ տարածքում և մասնաճյուղեր բացեց հայաշատ քաղաքներում՝ իր գլխավոր նպատակը դարձնելով ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների, որբերի համար տանիք ստեղծելու և նրանց օգնելու անչափ կարևոր գործը:

Հունաստանյան այս կառույցն իր 90-ամյա պատմության ընթացում հարգանք և ակնածանք է ներշնչել յուրաքանչյուր հայի մոտ` իր կատարած բարեսիրական գործերի, կուտակած ավանդույթների և իր լինելության,  հայապահպանությանը նվիրված ձեռնարկների շնորհիվ:

Անգնահատելի է նաև կառուցի դերը հայ ինքնության պահպանման, հայրենիքից դուրս ապրող երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության և հայոց պատմության ու մշակույթի զարգացման և տարածման գործում: Իր երկարամյա գործունեությամբ Հունաստանի Հայ կապույտ խաչն ապացուցել է հայ ժողովրդին իր անմնացորդ նվիրվածությունն ու հայ մարդու կողքին լինելու իր պատրաստակամությունը: Այս համատեքստում պետք է հատուկ նշեմ նաև 1988թ. Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո աղետի գոտուն ցուցաբերած Հունաստանի հոմուհիների անգնահատելի աջակցության, անկախ Հայաստանի կողքին լինելու  մասին:

Սիրելի´ քույրեր,

Վստահ ենք, որ այսուհետ ևս Հայ կապույտ խաչի Հունաստանի կառույցին անդամագրվածները և բարերարները կշարունակեն իրենց ազգանվեր գործունեությունը և նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ կարձանագրեն հայանպաստ բոլոր նախաձեռնություններում:

Մաղթում ենք Ձեզ նորանոր հաջողություններ և արգասաբեր աշխատանք` ի բարօրություն  մեր ժողովրդի և հանուն համայն  հայության իղձերի իրականացման:

Խորին շնորհակալությամբ և ջերմ բարեմաղթանքներով`

ՀՀ սփյուռքի նախարար

 ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up