Ախալցխայում մայրենիի ուսուցիչները ՀՀ սփյուռքի նախարարի անունից ստացան պատվոգրեր

Մայիսի 2-ին Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնում քաղաքի հայկական դպրոցի հայոց  լեզվի ուսուցիչներին հանձնվեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից տրված պատվոգրերը՝ հայոց լեզվի պահպանման եւ զարգացման գործում ունեցած ներդրումների, երիտասարդ սերնդին հայեցի կրթություն եւ դաստիարակություն փոխանցելու համար:

Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղի մայրենի լեզվի ուսուցչուհի, երկար տարիների վաստակ ունեցող Վերոնիկա Հակոբյանը Սփյուռքի նախարարի կողմից արժանացավ «Մայրենիի դեսպան» շքանշանին:

Արարողությանը ներկա էր նաեւ Ախալցխայի շրջանի Գամգեբելիի տեղակալ Աշոտ Մանասյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց Սփյուռքի նախարարության ուշադրությունը Սամցխե-Ջավախք շրջանի մայրենի լեզվի ուսուցիչների հանդեպ՝ նշելով, որ մայրենիի ուսուցիչների գործը անհամեմատ կարեւոր է մեր երեխաների ապագայի համար:

ԱՀԵԿ-կենտրոնի ղեկավարության խոսքերով` այս նախաձեռնությունը շատ կարեւոր է, եւ ամենայն հավանականությամբ ՀՀ սփյուռքի եւ կրթության նախարարությունների կողմից ապագայում եւս տեղի կունենան գնահատանքներ՝ մայրենի լեզվի ուսուցիչների հայրենանվեր մեծ գործի նկատմամբ:

Շքանշան եւ պատվոգրեր ստացած ուսուցիչները իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը: Ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին նաեւ ԱՀԵԿ կենտրոնի ղեկավարությանը՝ պատվոգրերի, շքանշանի փոխանցման եւ ուսուցիչների մեծարման երեկո կազմակերպելու համար:

Akhaltskha.Net

unnamed (24) unnamed (23)

Scroll Up