Ագարակի միջնակարգ դպրոցում նշեցին Գալուստ Գյուլբենկյանի 145-ամյակը

ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի միջնակարգ դպրոցում ապրիլի 25-ին նշեցին Հայ մեծ բարերարի 145-ամյա հոբելյանը: 8-րդ դասարանցիները, դասարանական խորհրդի անդամները ոգևորությամբ կահավորեցին իրենց դասարանը և դասընկերներին ներկայացրին Գալուստ Գյուլբենկյանի կյանքը, գործունեությունը, ինչպես նաև «Նավթային գեներալի» կատարած բարերարությունները:
1920-1940 թթ. Գալուստ Գյուլբենկյանը իր հովանու տակ է վերցրել Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի, Իրաքի հայկական դպրոցներն ու բժշկական կենտրոնները, ձեռնարկել Միջին Արևելքի բազմաթիվ եկեղեցիների կառուցումը: 1936թ Գյուլբենկյանը 400 հազար դոլարի օգնություն է տալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին`թանգարանի վերկառուցման և պարիսպների վերականգնման համար:
Ողջ կյանքում Գյուլբենկյանը երազել է Հայաստան գալ ու իր ամբողջ կարողությունը կտակել Հայաստանին: Խորհրդային տարիներից առ այսօր «Գյուլբենկյան հաստատությունը» օգնում է Երևանի պետական համալսարանին և Մաշտոցի անվան Մատենադարանին:
«Գիտության մարդ և երազող պարտեզի մը մեջ`իմ ուզածիս համաձայն. ահա երկու բաներ՝ կյանքիս մեծ նպատակները, որոնց չկրցա հասնիլ…»,- մի առիթով գրել է մեծ բարերարը: