Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վաշինգտոնում
Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, Վաշինգտոնի Հայ առաքելական եկեղեցիների հոգևոր առաջնորդները, ամերիկահայ համայնքային կազմակերպությունների և Վաշինգտոնի ու շրջակա նահանգների հայ համայնքների ներկայացուցիչները ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ մասնակցել են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ավանդական ոգեկոչման արարողությանը:
Հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղկեպսակներ են զետեղել հուշարձանի: Այնուհետև Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ Խաչ եկեղեցիների հոգևոր առաջնորդների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի ներկայացուցիչ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանի գլխավորությամբ մատուցվել է Սբ. Պատարագ՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, բարձր գնահատելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում իրականացված ջանքերը, ընդգծել է, որ միայն միասնական հետևողական գործունեությամբ է հնարավոր հաղթահարել Թուրքիայի ժխտողականության և լռության պատը: