Ցեղասպանության հիշատակի օրը Ստամբուլում բազմամարդ հավաք է ակնկալվում
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Թուրքիայում նախատեսվող հիշատակի ապրիլքսանչորսյան արարողությունները աննախադեպ չափեր են ունենալու:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.netը, Թուրքիայում գործող DurDe («Ոչ ասա ռասիզմին և խտրականությանը») կազմակերպությունն ԱՄՆում ստեղծված Project 2015 կազմակերպության հետ համատեղ կոչ է արել աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերին մասնակցել Ստամբուլում նախատեսվող հիշատակի արարողությանը:
«Որպես հայեր` մեր ընտանիքների անդամների դաժանաբար սպանության հիշատակությանը մասնակցելու նպատակով Ստամբուլ ենք գնալու: Եվ 100 տարի հետո էլ Թուրքիայի կառավարությունից դեռ հաշիվ ու արդարություն ենք սպասում», նշել է Project 2015 կազմակերպության անդամ Սարահ Լիհ Ուիթսոնը: Կազմակերպության մեկ այլ անդամ` Նենսի Կրիկորյանը, նշել է. «Մեծ իմաստ կա նրանում, որ Հայոց ցեղասպանությունը հիշատակենք հենց այնտեղ, որտեղ հանցագործությունն իրականացվել է: Սա ելույթ կլինի` ընդդեմ Ստամբուլում մեր գոյությունը հերքելուն և ոչնչացնելուն»:
Թուրքական DurDe կազմակերպության անդամ Լևենթ Շենսևերը նշել է, որ իրենք ցանկանում են խոսել այդ հողերի վրա բնակվող հնագույն ազգերից մեկի` հայերի Ցեղասպանության մասին: «Անգամ եթե Թուրքիայի կառավարությունը դեռևս չի առերեսվել իր անցյալի հետ, մենք` որպես Թուրքիայի քաղաքացիներ, պատրաստ ենք առերեսվել անցյալի հետ և ցանկանում ենք դա ցույց տալ աշխարհին», նշել է Շենսևերը:
Նախորդ տաիների նման` 2015ին ևս հիշատակի արարողությունները կմեկնարկեն Թաքսիմի հրապարակից: Այնուհետև հավաքվածները կայցելեն 2011 թվականի ապրիլի 24ին բանակում զինծառայության ժամանակ սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի գերեզմանը Շիշլիի հայկական Գրեգորյան գերեզմանատանը: