Նախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում ներկա է գտնվել հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի օծման արարողությանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/6239_b.jpg)
Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Պրահայում ներկա է գտնվել Սուրբ Յինդրիխի և Կունհուտի եկեղեցու պուրակում հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի օծման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են չեխ կաթողիկե եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ կարդինալ Դուկան, Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը, Չեխիայի խորհրդարանի անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի և չեխ հասարակայնության ներկայացուցիչներ: Օծման արարողությունից հետո Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել խաչքարին՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի:
Ավարտելով երկօրյա աշխատանքային այցը Չեխիայի Հանրապետություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երևան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: