Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը սոցցանցերում սկսել է #STOPALIYEV արշավը

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու նպատակով Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն առաջատար սոցիալական ցանցերում նախաձեռնել է #STOPALIYEV արշավը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Հայ դատի հանձնախումբը կոչով դիմել է աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայությանը` ակտիվորեն մասնակցելու արշավին և նպաստելու Լեռնային Ղարաբաղի խաղաղության և անկախության վերջնական և արդարացի ամրապնդմանը:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հարձակումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանների ուղղությամբ վատթարագույնն էին այս քսան տարիների ընթացքում: Դրանք տասնյակ մարդկանց կյանքեր են խլել և սպառնում են նոր պատրերազմ սկսել»,- նշվում է Հայ դատի հանձնախմբի հաղորդագրությունում:

Մասնավորապես կոչ է արվում նամակներ հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին, Իգոր Պոպովին և Պիեռ Անդրյուի` հորդորելով նրանց անհապաղ քայլեր ձեռնարկել կանգնեցնելու Ալիևին Կովկասում նոր պատերազմ հրահրելուց, որը կորուստների և ավերածությունների կհանգեցնի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների մոտ:

Ավելին, պետք է խրախուսել ընկերներին և ընտանիքի անդամներին նույնն անել: Առաջարկվում է Թվիթեր սոցիալական ցանցում, հղում կատարելով ՄԽ համանախագահ, ԱՄՆ դեսպան Ջեյմս Ուորլիքին (@AmbJamesWarlick), կոչ անել կանգնեցենել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիան: Ապա այդ հաղորդագրությունը տարածել #STOPALIYEV հեշթագով:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ֆեյսբուքյան էջից Ֆեյսբուք, Ինսթագրամ սոցցանցերում ակտիվորեն տարածել #STOPALIYEV լուսանկարը` #STOPALIYEV #NKpeace #Nkfreedom հեշթագերով: Եվ վերջապես, LinkedIn-ում իրենց հանրագրերը (ստատուսները) վերախմբագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խաղաղության կոչ անող հաղորդագրություններով:

armenpress.am

Scroll Up