Լիբանանի Հայկազյան համալսարանի սաները ՀՀ սփյուռքի նախարարությունում
Ապրիլի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանի Հայկազյան համալսարանի մարզական թիմերին, մարզիչներին՝ Հայկազյան համալսարանի ուսանողների գրասենյակի վարիչ Ռազմիկ Գաբրիելյանի ղեկավարոթյամբ:
Հայկազյան համալսարանի բասկետբոլի, ֆութզալի, սեղանի թենիսի տղամարդկանց և կանանց հավաքականները Երևանում են գտնվում ապրիլի 18-ից 25-ը՝ Երևանի պետական մանկավարժական և սլավոնական համալսարանների հավաքականների հետ մրցելու նպատակով:
Հրանուշ Հակոբյանը ողջունեց համալսարանի սաներին նախարարություն այցելելու առթիվ: Նախարարի պաշտոնակատարը կարևորեց Սփյուռքում հայոց լեզվի, մշակույթի, կրոնի միջոցով հայ ինքնության պահպանումը, մեծ կարևորություն տվեց 21-րդ դարում որակյալ կրթություն ստանալու անհրաժեշտությանը և կոչ արեց երիտասարդներին լինել մրցունակ և պահանջված մասնագետներ: Երիտասարդների խնդրանքով Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունները և հեռանկարները, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:
Հանդիպման ավարտին երիտասարդները շնորհակալություն հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը հյուրընկալության համար:
Բացի մրցույթներին մասնակցելուց, Հայկազյան համալսարանի սաները այցելելու են նաև տեսարժան վայրեր և մասնակցելու են դեպի Ծիծեռնակաբերդ քայլերթին: