«Հոշոտված Հայաստան» գիրքը թարգմանվել է թուրքերեն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/1426.jpg)
Արշալույս Մարտիկյանն առաջիններից էր, ով իր «Հոշոտված Հայաստան» գրքով Հայոց ցեղասպանության թեման ներկայացրել է միջազգայի հանրությանը: Մարտիկյանը մահացել է 1994 թվականին 96 տարեկան հասակում:
Նրա մահվան 20-րդ տարելիցին «Հոշոտված Հայաստան» գիրքը Տիրան Լոքմագյոզյանի շնորհիվ թարգմանվել թուրքերեն և հրատարակվել «Փենջերե» հրատարակչության կողմից:
Թուրքիայում լույս տեսնող երկլեզու «Ակոս» շաբաթաթերթը այս իրադարձությանն ընդառաջ փորձել է պարզել` Մարտիկյանի հայրենի շրջաններում արդյո՞ք մնացել է հայկական հետք. հիշատակություններ հայերի մասին, հայերից մնացած կառույցներ, պատմություններ:
Մարտիկյանի ծննդավայր Թունջելիի (Դերսիմ) Չեմիշգեզեք գավառում հայերի մասին հիշեցնող ոչ մի հետք անգամ չի մնացել: Այսօր այնտեղ ո՛չ Մարտիկյան ընտանիքի տունը, ո՛չ եկեղեցին, ո՛չ էլ հայկական թաղամասը կանգուն չեն: Չեմիշգեզեքում, որտեղից Արշալույսը 14 տարեկանում ստիպված հեռացել էր, փողոցների անկյուններում թաքնված մի քանի պատմական կոթողներ են մնացել, այն էլ պատկանում են մահմեդական ճարտարապետությանը:
Թունջելիի կայքում շրջանի անցյալի մասին ոչինչ չի հաղորդվում, իսկ ահա Չեմիշգեզեքի քաղաքապետարանի կայքում Հայոց ցեղասպանության մասին առանց որևէ խոսք ասելու նշված է միայն, որ հայերը համագործակցել են ռուսների հետ: Մասնավորապես նշված է, որ թուրքական զորքերը հաջող պայքար են մղել ռուսների դեմ, իսկ երբ վերջիներս արդեն հետ են քաշվել այդ տարածքներից, այնտեղ մտել են հայերը, որոնց զինել էին հենց ռուսները: «Սրանց դեմ Չեմիշգեզեքի ժողովուրդը հաջող պայքար է մղել»,- թերթը մեջբերում էքաղաքի կայքից:
Իսկ տեղի բնակչությունը հայտնում է, որ ժամանակին այդտեղ հայեր են եղել, որոնց հետ միասին են ապրել: Սակայն այստեղ էլ, կարծես, կամ հայերին մոռացել, կամ էլ ցանկացել են մոռանալ: Այդ իսկ պատճառով, երբ հարցը հայերին է հասնում, երկարատև լռություն է տիրում:
Խոսակցության ընթացքում մի ծերունի նշում է. «Իսկ հայերին ո՞վ հիշում որ»: