Սիրիահայ մշակույթի շունչը, և ոչ միայն…

ՀՀ սփյուռքի նախարարությունը Տեառնընդառաջ և սբ. Սարգիս զորավարին նվիրված տոների առթիվ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նախասրահում և Սիրահարների այգում կազմակերպել էր «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառներ:

Ցուցահանդեսներին սիրիահայերի շունչը զգացվում էր  ոչ միայն նրանց կողմից ներկայացված ձեռագործ աշխատանքներում, այլև նրանց՝ երբեմն տխուր, բայց նաև հույսով լի խոսքում: Մարդիկ, ովքեր կողպել են իրենց տունը, խանութն ու արհեստանոցը, կողպել են իրենց իսկ «անցյալի» դուռն ու եկել հայրենիք` հույսով ու սպասումներով: Տարբեր են այդ մարդիկ, տարբեր՝ իրենց նախասիրություններով, զբաղմունքով, անցյալով, բայց միևնույն ժամանակ՝ իրար այնքան նման: Բոլորն էլ հայրենիք են եկել հույսով, սպասումով ու ամեն ինչ նորից, զրոյից սկսելու գիտակցմամբ: Ծանոթանանք մի քանիսին.

Անուշ Բերբերյանը մեկուկես տարի է՝ Հայաստանում է: Մոտ մեկ տարի է` անուշեղեն, ճաշատեսակներ, խմորեղեն է պատրաստում. «Մեր պատրաստածը հիմնականում իրացնում ենք պատվերների միջոցով: Արդեն մի քանի անգամ է՝ մասնակցում ենք Սփյուռքի նախարարության կազմակերպած ցուցահանդեսներին, որի շնորհիվ մեզ սկսում են ճանաչել»,-պատմում է Անուշը:

 Իսկ Անի Արչինյան-Գավաֆյանը ուլունքագործությամբ է զբաղվում, փենթյուրով (կտորի վրա նկարում են, այրում ու ներկում-հեղ.): Չնայած ներկայացված գեղեցիկ աշխատանքներին` սրտնեղում է, որ նմանօրինակ աշխատանքները Հայաստանում այնքան էլ գնահատված չեն, իսկ Հալեպում պահանջարկը շատ մեծ էր. «Տարբեր պատվերներ էինք ունենում, հարսների օժիտ էինք պատրաստում: Այստեղ մեր հիմնական գնորդը զբոսաշրջիկներն են: Ամռանը նաև Վերնիսաժում եմ աշխատում: Շատ է տարբեր մեր կյանքն այստեղ, բայց ուրիշ ճար չունենք. պետք է հարմարվենք: Մութ ճամփա է մեր դիմացը, չգիտենք՝ ինչ պետք է լինի մեր վերջը»:

Տաղավարների շարքում իր գույներով առանձնանում էին փուչիկներով պատրաստված տարաբնույթ կոմպոզիցիաները, ծաղիկներն ու աքսեսուարները: Հեղինակը Վարդան Մուրադյանն է, ով Հայաստան է եկել մեկ ամիս առաջ միայն. «Մինչև Հայաստան գալս`մոտ մեկ տարի, Լիբանանում եմ ապրել, որտեղ փուչիկների ձևավորմամբ զբաղվող ընկերությունում էի աշխատում, փորձառություն ձեռք բերում: Ծրագրել էի Հայաստան գալ, բայց ցանկացա մասնագիտապես զարգանալ, նոր այստեղ գալ»:

Վարդանը տակավին քաղաքին է ծանոթանում, որովհետև առաջին անգամ է Հայաստանում, իսկ նման ցուցահանդեսի առաջին անգամ է մասնակցում. «Ցանկություն ունեմ ցույց տալու իմ աշխատանքները և հուսով եմ, որ ամեն ինչ լավ պետք է լինի: Հայաստանում փուչիկների ձևավորմամբ զբաղվում են, բայց այն, ինչ ես եմ անում, այստեղ տակավին ծանոթ չեն: Փուչիկներից տարբեր կոմպոզիցիաներ ենք պատրաստում, անգամ հագուստ կարող ենք պատրաստել, եթե ցանկացողներ լինեն: Այստեղ ամեն ինչ պետք է զրոյից սկսել, բայց հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Պարզապես կը ցանկանանք, որ Սփյուռքի նախարարությունը, մյուսները, մեզ քիչ մը օգնեն, որ կարողանանք ավելի լավ գաղափարներով և գործերով ներկայանալ»:

Եթե Վարդանը նոր է մասնագիտացել իր գործում, ապա արծաթագործ Վազգէն Արըճեանն արդեն 30 տարի է՝ այս արհեստի մեջ է: Հալեպում արհեստանոց, խանութ ուներ, բայց թողել է ամեն ինչ ու եկել Հայաստան. «Մեկուկես տարի է՝ Հայաստանում եմ: Հիմնական գործ չունեմ, թեթև աշխատանքներ եմ կատարում: Հայաստանցի ընկեր ունեմ, նրա մոտ եմ աշխատում: Հայաստանում շուկան նեղ է, վաճառք չկա: Ես չեմ մեղադրում Հայաստանին, ժողովրդին, ես բոլորին շնորհակալ եմ: Պարզապես ժողովրդի եկամուտը  տկար է, իսկ քիչ վաստակող ժողովրդից շատ բան պահանջել  չես կարող: Մեր գործերը հիմնականում զբոսաշրջիկներն են գնում. եթե շատ գան, մեր գործն էլ ավելի լավ կլինի:

Ընկեր ունեմ, ով Ամիրյան-27 հասցեում խանութ է բացել, աշխատանքներս նաև նրա մոտ են ցուցադրվում:

Հալեպում միայն 5-6 միլիոն ժողովուրդ կար, և մեր գործի պահանջարկը շատ մեծ էր: Իսկ Հայաստանում պահանջից ավելի արհեստավորներ կան: Վերնիսաժում հարյուրավոր վաճառողներ կան, յուրաքանչյուրն իր հետևում ընտանիք ունի: Մենք եկանք, նրանց կողքը կանգնեցինք և կտոր մը խլեցինք:

Արհեստավորը ճաշակ կը ցուցադրե, չի կարող պարտադրել: Հաճախորդն ինքը պետք է հավանի, ընտրի իր ուզածը: Սա առևտրի օրենքն է: Բայց քանի որ Հալեպում պահանջարկը մեծ էր, մենք էինք ճաշակ թելադրում: Մեծ էր պահանջարկը հատկապես կիրառական նշանակություն ունեցող գործերի նկատմամբ: Այստեղ էլ ցանկություն ունեմ պատրաստելու, բայց եթե պահանջարկ չկա, արդեն իմաստ չունի պատրաստելը»:

Եթե նախկինում սիրիահայ շատ տիկինների համար ձեռագործությունը ազատ ժամանակը լրացնելու միջոց էր, ապա Հայաստանում նրանք փորձում են ընտանիքի կարիքները հոգալ: Ռոզեթ Թութունջյան-Նազարյանը բնական քարերով շարֆիկներ է պատրաստում, բիժուներ, հուլունքներով վզնոցներ: Արդեն երրորդ ցուցահանդեսն է, որին մասնակցում է. «Մենք փորձում ենք մեր կյանքը շարունակել այստեղ: Շատ շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությանը, որը մեր աշխատանքները ցուցադրելու հնարավորություն է մեզ տալիս:

Այս ամիս Սուրիա պիտի երթամ, որոշ գործեր ունեմ կարգավորելու, որ կարողանամ վերջնական հոս գալ, հաստատվել և սկսել աշխատել: Պետք է տղայիս ամուսնացնեմ և Հալեպից հոս հարս եմ բերելու:

Սիրիայում էլ էի այս գործով զբաղվում, դիզայներների հետ էի աշխատում, բայց միայն ազատ ժամանակս լցնելու համար:

Բայց այս աշխատանքը Հայաստանում ապրելու համար չի բավեր, պետք է կայուն աշխատանք ունենանք: Ամսականով գործ պետք է գտնենք, որ կարողանանք կյանքներս շարունակել այստեղ: Սիրիայում մեկ հոգի աշխատում էր ու կարողանում էր ընտանիք պահել: Այստեղ ընտանիքի բոլոր անդամները պետք է աշխատեն, որ կարողանան ապրել: Այդ առումով մի քիչ դժվար է, բայց ես շատ ուրախ եմ այստեղ և չեմ ուզեր հետ դառնալ»:

Դժվար է հատկապես այն մարդկանց համար, որոնք ստիպված են մոռանալ, թերևս ժամանակավոր, սեփական նախասիրություններն ու արդեն հասուն տարիքում փորձել ընտանիքին օգտակար լինելու համար այլ զբաղմունք գտնել: Այս առումով հետաքրքիր ու մի փոքր տխուր է Մայդա Բոշկեզենյանի պատմությունը. «Երկու տարի է՝ Հայաստանում եմ: Մեզ «քաջալերողը» խմորեղեններն են, երևի սուրիահայերու համեմունքը դուր եկավ հայաստանցիներին, մենք էլ առիթից օգտվում ենք: Երկրորդ ցուցահանդեսն է, որին մասնակցում ենք: Մարդիկ հավանեցին, շատ գոհ մնացին և սկսեցին պատվերներ տալ:

Արդեն որոշել ենք այստեղ մնալ և գոյատևելու համար պետք է աշխատել: Հալեպում մասնագիտությամբ ատամնաբույժի ասիստենտ էի, դերասանուհի էի, երգում էի, այստեղ այդ ամենը լրիվ այլ ձև ստացավ, բայց արդեն հարմարավել եմ»:

Տիկին Մայդան մասնագիտությամբ աշխատելու փորձեր արել է, բայց՝ «Քաջալերող չէր, ամսականները քիչ էին: Մենք տան վարձ ենք տալիս, իսկ վաստակածը չի բավականացնում: Այդ պատճառով էլ փորձում ենք համեմատաբար եկամտաբեր աշխատանք անել:

Նախասիրություններս՝ այն, ինչը նստած է իմ մեջ, չեմ մոռացել: Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում երբեմն թատերական ձեռնարկների, հեքիաթի փառատոնի եմ մասնակցում:

Հալեպում Համազգայինի թատրոնում, Բարեգործականի Ադամյան թատերախմբում եմ խաղացել: Հայաստանյան շատ բեմադրիչների հետ եմ աշխատել՝ Նիկոլայ Ծատուրյան, Արա Երնջակյան, Արտաշես Հովհաննիսյան, Հասմիկ Տեր-Կարապետյան, Նարինե Մալյան:

Մեզ համար այնտեղ ուրիշ կյանք էր, սիրողականներ էինք ու այդ ամենն անում էինք մշակույթը և արվեստը պահելու համար:

Կամաց-կամաց կը վարժվինք այստեղի սովորույթներին: Երբ մնալու նպատակով ես ապրում, արդեն պետք է ընտելանաս. քիչ մը զիջողություն, քիչ մը կօգնե լավ մարդկանցով շրջապատված լինելը: Փառք Աստծո, ես շատ լավ մարդկանցով եմ շրջապատված: Այն ծանոթությունները, որ ունեցել եմ Հալեպում, օգնում են ինձ հարմարվել, ընտելանալ:

Օրինակ՝ Գառնիկ Սեյրանյանը, ով Հալեպում Համազգայինի թատերախմբի հետ որպես բեմադրիչ էր աշխատում: Երևանում նա և ուրիշներն ինձ շատ օգտակար դարձան, և նրանց լավությունը ես չեմ մոռանա, երախտապարտ եմ բոլորին ու շատ շնորհակալ:

Ուրախ եմ, որ Հայաստանի մեջ տակավին կան շատ լավ մարդիկ, ովքեր ամեն գնով փորձում են հալեպահայերին օգնել, քաջալերել, որ մնան այստեղ, չարտագաղթեն: Շատ հպարտ եմ, որ նման մարդկանցով եմ շրջապատված»:

Այս մարդիկ ու նրանց նման հազարավոր սիրիահայեր այսօր փորձում են Հայաստանում հաստատվել, կայանալ ու բացել մի նոր դուռ, որը, հույս ունենք, որ նրանք երբևէ չեն կողպի: Իսկ դրա համար անհրաժեշտ է նաև բոլորիս աջակցությունը…

Լուսինե Աբրահամյան

Scroll Up