Ծովը խլեց սիրիահայ աղջկա ընտանիքին, իսկ նրա փրկօղակը Հայաստանը դարձավ
Սիրիահայեր Թեքեյանների ընտանիքի պատմությունն անցյալ տարի հուզեց շատերին: Օրեր, շաբաթներ շարունակ մեր հերոսուհի՝ Սերլի Թեքեյանը սպասեց՝ հույսով, որ կվերագտնի ընտանիքին…ավաղ, հաջողվեց փրկվել միայն քրոջը՝ Արինային…
Իսկ պատմությունը սկիզբ է առնում Սասունից ու Անյթապից, որտեղից էլ սերում են Սերլիի հայրական ու մայրական կողմերի մեծ պապիկները: Ցեղասպանությունը վերապրած շատ հայորդիների նման նրանք ևս ապաստան են գտնում Սիրիայում, այնտեղ կառուցում են իրենց նոր բույնը: 18-ամյա Սերլիի ընտանիքում բոլորը արվեստի հանդեպ մեծ սեր ունեին: Հայրը կիթառի խումբ ուներ Սիրիայում, մայրն էլ դաշնակահարուհի էր. վերջին տարիներին, երբ ընտանիքը Սիրիայից Լիբանան տեղափոխվեց, դասավանդում էր Բեյրութի Համազգային դպրոցում:
Միայն թե Սերլիի միտքն անընդհատ Հայաստանի հետ էր, ու անցյալ տարվա ապրիլին եկավ Երևան՝ տատիկի ու քեռու մոտ: «Ինձ Երևան բերողն Աստված էր, Երևանն ինձ համար աշխարհի կենտրոնն էր ասես»,-հիշելով մեկ տարվա վաղեմության դեպքերը՝ «Հայերն այսօր»-ին պատմում է Սերլին:
Մինչ Սերլին հաստատվում է Երևանում, հաճախում այստեղ դպրոց ու նոր ընկերներ ձեռք բերում, ընտանիքը՝ հայրը, մայրը, տատիկը, 19-ամյա քույրն ու 10-ամյա եղբայրը, որոշում են Բեյրութից նավով հասնել Թուրքիա, հետո՝ Հունաստան որպեսզի այնտեղից էլ տեղափոխվեն Գերմանիա՝ Սերլիի մորաքրոջ մոտ: Այս ընտանիքին, ցավոք, միասին լինել վիճակված չէր: Թուրքիայից Հունաստան ճանապարհին նավը խորտակվում է, և Սերլիի ընտանիքի 4 անդամները խեղդվում են՝ մայրը, հայրը, տատիկն ու 10-ամյա եղբայրը: Փրկվում է միայն քույրը՝ Արինան, ով 4 ժամ լողալուց հետո հասնում է Իզմիր, և այսօր քրոջ հետ միասին ապրում է Երևանում:
Այդ ծանր օրերի ապրումների մասին խոսելիս՝ Սերլին չի կարողանում թաքցնել հուզմունքը, բայց անգամ այդ դեպքում նրա աչքերում սերն է խոսում, և ոչ դառնությունը: Ի դեպ, Սերլին իր անունը հենց այդպես էլ մեկնաբանում է՝ սիրով լի…
«Այսքան կորուստներից հետո հասկանում ես, որ միայն «մարդ» լինելով՝ անհնար է խաղաղությունը վերապրել, պետք է նաև աստվածայինը, վերերկրայինը…Հավատն է, որ փրկում է ինձ»,-ասում է 18-ամյա հայուհին, ով այդչափ փորձությունների միջով անցնելուց հետո էլ լի է կենսուրախությամբ, Հայրենիքի հանդեպ սիրով ու ապագայի պլաններով: Սերլին այս տարի ավարտեց դպրոցն ու մտածում է դիզայներ դառնալու մասին: Դեռ չի որոշել, որ ԲՈՒՀ-ում կսովորի, բայց, համոզված է՝ ինչ ուղի էլ, որ ընտրի, Հայրենիքի ու արվեստի հանդեպ սերը չի փոխվի:
Ջուլիետա Մաթևոսյան