Բուխարեստում նշվել է ռումինահայ լրագրող Մադլեն Կարակաշյանի գործունեության 60-ամյակը
Բուխարեստի Հայոց մշակույթի տանը վերջերս տեղի ունեցավ ռումինահայ լրագրող, գրող, թարգմանիչ Մադլեն Կարակաշյանի լրագրողական գործունեության վաթսունամյակին նվիրված երեկույթ, եւ այդ առիթով հեղինակի «Հայերի հետ, հայերի մասին» գրական շարքի հինգերորդ հատորի շնորհանդեսը:
Պատմանկարագրական այս ժողովածուն, որ լույս է տեսել 2001-2013թթ., պարունակում է հայ նշանավոր գործիչներին նվիրած Կարակաշյանի հոդվածները, նրանց հետ հարցազրույցները, ռումինահայ գրական-մշակութային կյանքի եւ անհատների մասին ճանաչողական նյութեր՝ ավելի քան 1200 էջ: Մադլեն Կարակաշյանը պատրաստել է հարցազրույցներ բազմաթիվ նշանավոր անձնավորությունների հետ, ինչպես օրինակ՝ Հակոբ Սիրունի, Սուրեն Քոլանճյան, Արամ Խաչատրյան, Շառլ Ազնավուր, Երվանդ Սերոբյան, Էդվարդ Թումաջանյան, Արամ Ղարաբեկյան, Հրաչյա Թամրազյան եւ շատ այլ հայեր, ռումինացիներ եւ օտարներ: Մադլեն Կարակաշյանը բազմաթիվ գրախոսականներ է հեղինակել հայ կամ ռումին գրողների հայկական թեմաներով լույս ընծայած երկերի մասին: Հիշյալ հատորներում հեղինակը բազմիցս ոգեկոչել է երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսին, Ավետիք Իսահակյանին, Վիլյամ Սարոյանին եւ հայոց այլ մեծերի:
Միջոցառմանը, գնահատելով հեղինակի գրական ավանդը, Ռումինիայի Հայոց միության նախագահ, գրող Վարուժան Ոսկանյանը մասնավորապես նշեց, որ «առիթ ունենք հանդիպելու մի հեղինակի, ով խորապես կապված է իր հայկական ծագումին եւ այն արժեքներին, որոնք հայ ազգը նվիրել է համաշխարհային քաղաքակրթությանը»:
Միջոցառմանն ընթերցվեց հոբելյարին ուղղված Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հղած շնորհավորական ուղերձը: Նախկինում գրական եւ հայապահպան գործունեության համար Մադլեն Կարակաշյանը պարգեւատրվել է Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» շքանշանով եւ ՀՀ Մշակույթի նախարարության պատվոգրով:
Մադլեն Կարակաշյանը ծնվել է 1934թ. դեկտեմբերի 19-ին Ռումինիայի Կրայովա քաղաքում: Ուսանել է Ելենա Կուզայի անվան քոլեջում եւ Կրայովայի Կոռնետիի անվան կոնսերվատորիայում: Աշխատանքային գործունեությունն սկսել է որպես ռումինահայ «Նոր Կյանք» շաբաթաթերթի խմբագրության քարտուղար: Այնուհետեւ որպես անկախ լրագրող համագործակցել է ռումինական հեռուսատատեսության, ռադիոյի եւ տպագիր մամուլի հետ:
Մադլեն Կարակաշյանը լրագրությունը զուգակցել է թարգմանչական գործունեության հետ` հայերենից եւ ֆրանսերենից ռումիներեն թարգմանելով հայ հեղինակների եւ հայերի մասին բազմաթիվ գործեր, որոնց թվում Ավ. Իսահակյանի «Աբու Լալա Մահարի», Ալ. Շիրվանզադեի «Քաոս» ստեղծագործությունները, Վազգեն Առաջին կաթողիկոսի մասին Սուրեն Քոլանջյանի եւ Ազնավուրին նվիված Ռիչարդ Բալդուչիի մենագրությունները: Գրական գործունեության մեջ հատկապես արժեքավոր է Մադլեն Կարակաշյանի «Հայերի հետ եւ հայերի մասին» հինգ հատորից բաղկացած ժողովածուն, որն ամփոփում է հայ նշանավոր գործիչների վերաբերյալ հոդվածները, նրանց հետ հարցազրույցները, ռումինահայ գրական-մշակութային կյանքի եւ անհատների մասին ճանաչողական նյութեր: Վերոհիշյալ նյութերը լույս են տեսել Ռումինիայի տասնյակ թերթերում եւ պարբերականներում, ինչպես նաեւ ռումինական հեռուստատեսության եւ ռադիոյի հաղորդումների շրջանակներում:
Ռումինիայի Պրոֆեսիոնալ անկախ լրագրողների ասոցացիայի եւ Հայաստանի գրողների միության անդամ է: