Տիգրան Համասյանը հայկական երգչախմբի ընկերակցությամբ համերգ է ունենալու Ֆրանսիայում
Ապրիլի 18-ին, ժամը 20:30-ին Ֆրանսիայում տեղի է ունենալու Տիգրան Համասյանի համերգը՝ ընկերակցությամբ հայկական երգչախմբի ութ անդամների: Համերգին հնչելու է հայկական հոգևոր երաժշտություն: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Տիգրան Համասյանը յուրահատուկ աղոթք է ուղղելու հայ նահատակների հիշատակին:
Ոգեշնչված 5-19-րդ դարերի հայկական հոգևոր երաժշությունից՝ Տիգրան Համասյանը, դաշնամուրը և ձայնը համադրելով, կատարելու է Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանեցու, Խաչատուր Տարոնցիի, Մակար Եկմալյանի և Կոմիտասի ստեղծագործությունները:
Ծրագրի հիմնական նպատակն է շարունակել հնչեցնել այդ հսկաների սուրբ և նշանավոր ստեղծագործությունները և մեր գոհունակությունը հայտնել հայկական հոգևոր երգերի հայրերին: