Ցեղասպանության չմոխրացող ցավը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/01/xFT8kFK9MF4e1jAUrM2hv39HMr.jpg)
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում սկսվեցին Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ» դրամայի բեմադրական աշխատանքները:
Նշանավոր թատերագիրն իր ստեղծագործական կյանքի մի զգալի մասը նվիրել է Ցեղասպանության թեմայի գեղարվեստական արտացոլմանը՝ գրելով «Վերջին արևագալը» վեպը, «Ոտքի, դատարանն է գալիս» , «Մեծ լռություն» , «Հարյուր տարի անց» դրամաները: Նոր ստեղծագործությունը, որը թատերագիրը գրել է հատուկ Դրամատիկական թատրոնի համար՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, նվիրված է Փարիզում 1984 թվականին տեղի ունեցած դատավարությանը, որտեղ որպես մեղադրյալներ դատարանի առջև կանգնել էին հայկական գաղտնի բանակի խիզախ զինվորները: Այս դատը ժամանակին համարվեց ամենաաղմկահարույցներից մեկը, որտեղ շարունակվեց Ցեղասպանության թեման, մեկ անգամ ևս աշխարհին ներկայացվեցին 1915-ի ողբերգական դեպքերը: Դատի ժամանակ հնչեց պաշտպանի խոսքը, որը մարտահրավեր էր ժխտողականությանն ու ժամանակակից Թուրքիայի որդեգրած դիրքորոշմանը. «Ոմանք Հարցնում են, թե ժամանակակից թուրքերը ինչո՞վ են պատասխանատու վաթսունութ տարի առաջ պատահած դեպքերի համար: Նրանք իրենք են իրենց պատասխանատու դարձնում հենց նրանով, որ չեն ընդունում ցեղասպանությունը, իր հինավուրց բնօրրանում ապրած մի ամբողջ ժողովրդի գոյությունը: Ւնչո՞ւ են թուրքերը ուրանում ցեղասպանությունը: Շատ պարզ պատճառով: Չուրանալ նշանակում է ընդունել, որ 300.000 ք.կմ հաշվվող ընդարձակ տարածքում հայեր են ապրել: Եվ եթե նրանց արտաքսել են, կոտորել, ուրեմն վերադառնալու, իրենց հայրենիքում վերահաստատվելու իրավունք ունեն: Տիկնայ´ք և պարոնա´յք երդվյալներ, դուք կարող եք ասել, որ դա ձեր խնդիրը չէ, դուք քրեական գործ եք լսում, սակայն ես ուզում եմ, որ բոլորին պարզ դառնա, թե ինչու են այս երիտասարդները զենք վերցրել, բռնության դիմել: Հասկանալի Է, մենք բոլորս Էլ ցանկանում ենք, որ ժողովուրդները ոչ թե անվերջ իրար դեմ պայքարեն, այլ հաշտ, համերաշխ ապրեն, սակայն երբ մարդուց խլում են խոսելու իրավունքը, ժխտում են գոյությունը, անգամ երբեմնի գոյությունը, արժանապատվությունը պահպանելու համար նա ստիպված Է լինում դիմել թերևս ծայրահեղ, բայց նաև արդյունավետ միջոցի՝ բռնության: Ինձ կարող են հակաճառել, որ այս տղաները զինվորներ չեն, Հայաստանը և Թուրքիան չեն պատերազմում, միայն զինվորները զենք կրելու, ամեն պահի սպանելու իրավունք ունեն: Նրանք կարող են փլատակների վերածել Դրեզդեն քաղաքը, Հիրոսիմայի վրա ռումբ նետելով՝ միլիոնավոր մարդկանց, այդ թվում և կանանց, երեխաների սպանել: Ւս Հայաստանը, քանի որ այլևս գոյություն չունի, «կանոնավոր» բանակ չի կարող ստեղծել: Հիրավի, տարօրինակ տրամաբանություն է: Չէ՞ որ Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու գնդակահարեց հայ տղամարդկանց, կոտորեց ծերունիներին, կանանց ու երեխաներին, հատուկենտ վերապրող որբերին նավերը լցրեց, օտար երկրներ արտաքսեց: Դուք` թուրքերդ, կարծում եք, որ այդքանը բավական է, պատերազմն ավարտված է՛, բայց արդյո՞ք այն ավարտված է հայերի համար, որոնցից խլել են բնօրրանը, որոնք ուզում են հարատևել: Ո´չ, այս տղաները ահաբեկիչներ չեն, հայ ժողովրդի զինվորներն են, այն ժողովրդի, որը դիվանագիտական ներկայացուցիչներ, պետությունների վրա ճնշում գործադրելու միջոցներ չունի, բայց ապրում է, գոյատևում է մշակույթի, լեզվի, զավակների, ինչպես նաև հերոսների ու նահատակների շնորհիվ, հատկապես զինվորների, որոնց այսօր դուք դատում եք: Եթե անգամ դատապարտեք, հիշեցե´ք, որ զինվորների եք դատապարտում»:
Իր նոր պիեսը Պերճ Զեյթունցյանը գրել է արձակագիր և հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանի «Հայերի դատը Փարիզում» գրքի հիման վրա և հենվել ճշգրիտ փաստերի ու դատական արձանագրությունների վրա…
Մեզ հետ զրույցում գրողն ասաց. «Կարծում եմ, որ այս ստեղծագործությամբ ես կփակեմ իմ հաշիվները Ցեղասպանության թեմայի հետ: Իմ կյանքի մի զգալի մասը նվիրեցի Ցեղասպանության զոհերին, ճշմարտության վերհանմանը: Անսպառ է Ցեղասպանության թեման, բազմաթիվ են տակավին չուսումնասիրված փաստերը, շատ են այն խանդավառ երիտասարդները, որոնք ապրում են վրեժի ու փոխհատուցման սպասելիքներով: Ես թշնամանք չեմ հրահրում և ի զեն չեմ կոչում, իմ գրողական նպատակն է, որ Թուրքիան ընդունի այս ահավոր ոճիրը, որպեսզի մաքրագործվի մարդկությունը՝ հասկանալով, որ ազգերին տրված է խաղաղ ապրելու իրավունքը, ամեն մի ժողովուրդ այս երկրագնդի վրա հաստատում է իր գոյության կերպը, նպատակը… Ուրեմն, ոչ ոք իրավունք չունի սպանելու մի ողջ ժողովրդի»:
«Փարիզյան դատավճիռ» պիեսի բեմադրական աշխատանքներն իրականացնում է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արմեն Խանդիկյանը:
Լ.Մ.