«Իմ երգն իմ առօրյան է, ես ապրում եմ երգով». Ադամ Բարրո
Ադամ Բարրո, նույն ինքը՝ Մուրադ Ամիրխանյան, առջևում` Բաստիլը, Գարնիեն ու Լա Սկալան…
Մեծ բարիտոնը 45 տարեկան է…
Ադամ Բարրոյի հետ, առաջին հանդիպման առիթով, ֆրանսիացի երաժշտագետ Ալեն Դյուոն ասել է․ «Երգչի ձայնը բացահայտելիս, առավել ևս՝ նրա հետ հանդիպելիս, ալքիմիական գաղտնախորհուրդ փոխակերպումների ականատես ես լինում ու նա, ում ծանոթ ես «իրական» կյանքից, գերազանցում է ինքն իրեն, ընդգրկում այն, ինչը հասու չէ գիտակցությանդ, մի բան, որ ոմանք Աստված, իսկ մյուսները՝ գեղեցկություն են կոչում»։ Հիրավի, տեղին բնութագրում…
Ադամ Բարրոյի կենսագրությունը նորովի ներկայացնելու կարիք չկա, նրան արդեն ճանաչում են բոլորը, թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, նա արդեն նվաճել է միայն անունով ճանաչված ու պահանջված լինելու դափնին։
Ադամ Բարրոն, համաշխարհային ճանաչման ճանապարհին, հաղթահարելով կյանքի բոլոր դժվարությունները, համեստորեն աշխատում է, նորանոր ծրագրեր մշակում: Անցած մեկ տարվա և առաջիկա կայանալիք համերգների մասին էր մեր զրույցը:
Նա հաճելի զրուցակից է, կիրթ, ներքին հավասարակշիռ հանդարտությամբ, դրական լիցքերով ու անսահման լավատեսությամբ, նրա գեղեցիկ հայերեն խոսքն անգամ, դասական երգի նման է հնչում: Հանդիպել էինք պարզապես սուրճ խմելու և զրուցելու, բայց այնքան գեղեցիկ ու հագեցած զրույց էր, ասացի․ « Ադամ պետք է գրեմ քո մասին », ասաց. «Շատ եմ խնդրում, ինձ չգովես »։ Գովաբանելու, առանձնապես, կարիք չունի միջազգային մրցույթների մի շարք Մեծ ու Առաջին մրցանակների դափնեկիրը:
Մարդու կենսագրությունն ու անցած ճանապարհն է նրա լավագույն գովասանագիրը: Նա ամեն ինչում կատարելիություն է սիրում։ Բարձրագույն դիպլոմով ու ժյուրիի միահամուռ դրվատանքով, փայլուն ավարտել է Փարիզի բարձրագույն երաժշտական դպրոցը, որտեղ ուսանել է Կարոլին Դյումայի դասարանում, իսկ Փարիզի Սկոլա Կանտորումը, ուր նրան դասավանդել է Աննա Մարիա Բոնդին, Ադամ Բարրոյին շնորհել է վարպետության բարձրագույն դիպլոմ: Նա արժանացել է նաև Սկոլա Կանտորումի մեներգչի բարձրագույն դիպլոմին և ժյուրիի միաձայն շնորհավորանքին:
Ադամ Բարրոն վարպետության դասեր է առել այնպիսի հանրահայտ անհատների մոտ, ինչպիսիք են՝ Ժոզե Վան Դամը, Ֆրանսուա Լը Ղուն, Չեչիլիա Բարտոլին և Գաբրիել Բաքեյը: Ադամ Բարրոյի ձայնային հզոր կարողությունները և բեմական տաղանդը արտահայտվում են նաև նրա օպերային դերերով`Վերդիի Ռիգոլետտո, Սպարաֆուչիլեի, «Սամսոն և Դալիլա », Աբամելիխի դերը, Դոնիցետիի Դոն-Պասկուալե օպերայում, գլխավոր դերը հենց նրան էր վստահված: Այս դերերը եվրոպական տարբեր օպերաներում երկարատև ծափերի են արժանացել:
Տարբեր է բարիտոն Ադամ Բարրոյի երգացանկը, համաշխարհային օպերաներից մինչև հարազատ հայկական շարականները: Ես հիացա նաև՝ երբ լսեցի նրա ռուսերեն կատարումները Փարիզի Ռուս մշակույթի և գիտության կենտրոնում ռուս մեծ կոմպոզիտոր Մուսորգսկու 180- ամյակին նվիրված համերգի ժամանակ, ռուս ունկնդիրնրի հետ, նորովի բացահայտեցի նրա ողջ տաղանդն ու փայլը…
Բեմում Ադամ Բարրոն էր, դաշնամուրի մոտ` Անն Քերեն, ծրագրում` ռուս մեծ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները` թվում էր համերգը վերջ չի ունենա, երկարատև ծափահարություններ, բրավոներ, բիսեր… և այսպես, նրա բոլոր համերգներին…
Ադամ Բարրոյի լավագույն հուշերից է նաև՝ Լոս Անջելեսի «Զիպեր Հոլում» (Zipper Holle) կայացած համերգը, ասում է․ «Կոմիտասի <<Կռունկը>> կատարելուց հետո, զգում էի դահլիճի հուզմունքը, յուրաքանչյուր հանդիսատեսի սրտի բաբախյունը, դա շատ կարևոր է ինձ համար, առհասարակ, արտիստի համար»: Վերջին լավագույն տպավորություններից է «Ավրորա» մրցանակաբաշխությունը Մոսկվայում: «Շատ ցավալի էր, որ արդեն կորցրել էինք Շառլ Ազնավուրին, նա ներկա պետք է լիներ այդ օրը, և ես մեծ փափագ ունեի, որ կերգեմ «Քեզ համար Հայաստան» երգը և նա դահլիճում նստած, ինձ կլսի, բայց ցավոք… այդպես չեղավ… Իմ մանկության ամենավառ հուշը նրա հետ հանդիպումն է, երկրաշարժից մեկ տարի անց, Գյումրիում։ Ուրախ եմ, որ ներկա էր նրա որդին` Նիկոլան։ Համերգի ավարտին, նա մոտեցավ, շնորհավորեց, խոսեցինք, երկուսս էլ շատ հուզված էինք` գեղեցիկ հանդիպում էր։ Անդրադառնալով մրցանակաբաշխությանը, պետք է երախտագիտությունս հայտնեմ կազմակերպիչներին, հատկապես Մարինա Ալեսին, այդ օրը երգեցի նրա հեղինակած, մայրիկին նվիրված «Պատրանքի թևով» երգը: Կատարելիս հուզմունքը խեղդում էր ինձ, բայց արհեստավարժ արտիստի հուզմունքը հանդիսատեսը հազվադեպ է նկատում: Ես կարողացա հաղթահարել պահի ցասումը` մորս էի հիշում… դժվար էր…( ի դեպ երազում տեսած մոր հորդորով էլ Մուրադ Ամիրխանյանը դարձավ Ադամ Բարրո Մ․ Ա․): Երազիս մայրս եկավ, ինձ Ադամ Բարրո էր կոչում, արթնացա, հասկացա, որ վերևից, կարծես նախանշան լիներ, և փոխեցի անունս, այսպիսով, ունեցա բեմական գեղեցիկ հիշվող անուն, հեշտացնելով ֆրանսիացիների գործը, կատակում է, չէ որ Ամիրխանյան և՛ դժվար են արտաբերում, և՛ դժվարությամբ էլ՝ գրում են…
Ֆրանսիա և Հայաստան, երկուսն էլ շատ կարևոր են ինձ համար: Մշտապես կապի մեջ եմ, տարին մի քանի անգամ տարբեր ծրագրերով մեկնում եմ իմ երկիրը, իմ օրրանը… Այնտեղ շատ անելիքներ ունեմ: Թեպետ, բազմաթիվ բարեգործական ծրագրեր եմ իրագործել, բայց ինչ էլ անեմ, քիչ է: Գյումրիում ուզում եմ տաղանդավոր երաժշտասեր երեխաները լավ կրթաթոշակ ստանան, դա իմ երազանքն է: Ես շատ անելիքներ ունեմ իմ ծննդավայրում, Արցախում՝ նույնպես… Պատրաստվում եմ դասեր տալ այնտեղ, (մաստեր կլասս), ո՞վ գիտե, գուցե բացահայտեմ շատ տաղանդավոր մեկին, աջակցեմ, որ նա անցնի այնպիսի գեղեցիկ ճանապարհով, ինչպես ես անցա… Պետք է իմ փորձը փոխանցեմ նոր սերունդներին, որ, որքան հնարավոր է շատ լսեն դասական երաժշտություն և ռաբիսը նրանց ականջներին խորթ թվա, ցավոք այդ անճաշակ երգերը նրանք լսում են ամենուր, սա մեծ խնդիր է, և զրույցի երկար թեմա, ես շնորհակալ եմ իմ ծնողներին, որ ինձ կարողացել են հեռու պահել այդ չարիքից ու սերմանել են ճաշակովը, դասականը »:
«Ես դանդաղ եմ առաջ գնում, բայց հաստատուն քայլերով: Իմ գործը մեծ նվիրումով եմ անում, այնուամենայնիվ, կյանքում, ինձ համար ամենակարևորը մնում է իմ ընտանիքը, իմ Հայաստանում ապրող երկու գեղեցկուհի աղջիկները, երկու թոռնիկներս, ես արդեն, Աստծո օրհնությամբ պապիկ եմ: Երջանիկ եմ, որ կողքիս ունեմ իմ Աննային, իմ կինն ու ամենամտերիմը: Միշտ աղոթում եմ հարազատներիս և ընկերներիս համար, ուզում եմ բոլորը առողջ լինեն, դրանով՝ ես լիարժեք երջանիկ կլինեմ: Մնացածը՝ ես ինքս կանեմ: Հայաստանն իմ տունն ու հայրենիքն է, Ֆրանսիան` ապրելու և ստեղծագործելու օրրանը: Այս երկիրն ինձ երբեք օտար չի եղել, չնայած ստեղծագործական բարդ ճանապարհին, Փարիզն ինձ մեծ հաջողություններ է բերել, իմ ճանապարհին միշտ լավ, բարի ու կարևոր մարդկանց եմ հանդիպում, այդ հանդիպումներն ու ծանոթությունները լցնում են իմ կյանքը, նոր գաղափարներ առաջ բերում: Վերջին հիշարժան ու կարևոր հանդիպումը ինքնաթիռի մեջ եղավ, պատկերացրեք, երկու գյումրեցի երաժիշտ հանդիպում են ինքնաթիռում և օդում ծնվում է մի գեղեցիկ գաղափար` համերգ Փարիզի Մադլեն եկեղեցում, նվիրված Կոմիտասի 150 – ամյակին: Մի գյումրեցին ես էի, մյուսը՝ Մոնրեալում բնակվող Մաեստրո Պետրոս Շուջունյանը: Առաջին անգամ երաժշտական պատմության մեջ, Կոմիտասի ստեղծագործությունները կներկայացվեն իր ժամանակակից ֆրանսիացի կոմպոզիտորներ Կլոդ Դեբուսիի (1862-1918) և Մորիս Ռավելի (1875-1937) հետ միասին: Մաեստրոն նոտայագրել է նվագախմբի և հատուկ այս համերգի համար երեք կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունները, որը առաջին անգամ կներկայացվի նաև՝ ֆրանսիացի հանդիսատեսի դատին։ Ես կերգեմ զուգերգով, սիրված երգչուհի Աննա Կասյանի հետ, կնվագակցի ֆրանսիական « 2E 2M » նվագախումբը, Պիեռ Ղուլիեի ղեկավարությամբ։ Շատ երջանիկ եմ, որ այս գաղափարը կյանքի կոչվեց և այն լինելու է հենց Մադլենում: Սա իմ ցանկությունն էր, որը միանշանակ ընդունվեց բոլորի կողմից: Երեք անգամ Գավոյի սրահում երգել եմ, բայց Մադլենը շատ կարևոր է, նրանով, որ այն աղոթքի վայր է, իսկ երգելով, աղոթքը կրկնապատկվում է: Շատ կարևոր է նաև, որ այս ծրագիրը հավանության արժանացավ Փարիզի քաղաքապետի կողմից, աջակցում են նաև՝ մեր առաքելական և կաթոլիկ եկեղեցիները միասին, մեր դեսպանատան բարձր հովանու ներքո »:
«Շատ երջանիկ եմ այս համերգի համար: Կոմիտասը մեր երգի Բարտոկն է, Բարտոկից առաջ, կարևոր է ֆրանսիացիներին ներկայացնելը»:
« Իմ բազում ծրագրերում, առաջնային է՝ այստից նպաստել յուրօրինակ, բազմաբեղուն, մտածված ծրագրերի իրագործմանը։ Աշխատում եմ ժամանակակից կոմպոզիտորների հետ, ինձ համար, Տիգրան Համբարյանի Ավ. Իսահակյանի խոսքերով գրված « Քայլերգ » -ը տաղանդի բացահայտում էր, որն արժանի է բարձր գնահատանքի նաև՝ Հայաստանի սահմաններից այն կողմ, այն նույնպես կհնչի Մադլենում »:
«Իմ երգն իմ առօրյան է, արթնանում եմ երգով, օրվա ողջ ընթացքում երգն իմ անբաժան ուղեկիցն է: Երկու տարեկանից երգում եմ»։
Շուտվ «QUANTUM» ձայներիզների տանը կթողարկվի Ադամ Բարրոյի «Ավե Մարիա» խտասալիկը, որի նախաբանը գրել է ֆրանսիայի հայտնի երաժշտագետ Ալեն Դյուոն:
Այն հատկանշական է նաև նրանով, որ ներառել է Սեբաստացու Ավե Մարիան: Աշխարհի որ ծայրում էլ համերգ լինի, անպայման հայկական մի ստեղծագործություն ընդգրկում է ծրագրում:
Ադամ Բարրոն ֆրանսերենով ինքակենսագրական գիրք է գրում, պատմելու շատ բան ունի մեզ: Այս տարի, Հայաստանում, Ազնավուրին նվիրված համերգներ են լինելու, նրա երգացանկից Ադամ Բարրոն ունի հոգեհարազատ երգեր, որոնք կկատարի այդ հաներգներում:
Շուտով, ֆրանսիական հեռուստատեսության « FRANCE 3 » և « W9 » ալիքներով, կդիտենք նրա հարցազրույցները և ելույթները ։
Հոկտեմբերին, Էստոնիայի Ազգային Սիմֆոնիկ նվագախմբի հրավերով Ադամ Բարրոն հանդես է գալու Ռոսսինիի « Ստաբատ Մատեր » մեծակտավ ստեղծագործությունում, ստանձնելով բազմաձայն երաժշտական ստեղծագործության բասի առանձին մասը։ Մրցանակների մասին չի սիրում պատմել, դրանք շատ են, իմացա, որ վեջինը Լոնդոնում Է ստացել, ասում է․ « Իմ լավագույն մրցանակը` բեմից տեսնել իմ երգից հաճույք ստացող հանդիսատեսին »:
Բոլոր մարդիկ կարիք ունեն գնահատված ու սիրված լինելու, հատկապես արտիստը, որի համար ապրեցնող ու ոգեշնչող է հանդիսատեսի սերն ու գնահատականը…
Անելիքները և ծրագրերը շատ են, իսկ առջևում դեռ երկար ստեղծագործական տարիներն են, Բաստիլի, Գարնիեի և Լա Սկալայի բեմերն են…
Աստծո օրհնանքով ու հաջողությամբ, ինչպես կասեր հենց ինքը`ահեղ երկրաշարժից ծնողներից զրկված, կյանքի դառնությունը ճաշակած, բայց միշտ լավատես ու կենսախինդ, հուլիսի 6-ին, 45-ը նոր բոլորած Ադամ Բարրոն:
Կհանդիպենք Սեպտեմբերի 28-ին, ժամը 20- ին, Փարիզի Մադլեն եկեղեցում, իսկ, մինչ այդ հանդիպումը, եկեք ջերմորեն շնորհավորենք Ադամ Բարրոյի փառահեղ ծնունդը, մաղթելով նրան առողջություն և նորանոր նվաճումներ․․․
ՄՈՆԻԿԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏ, ԼՐԱԳՐՈՂ
ՓԱՐԻԶ