«Փոքրիկ Հայաստան»՝ Լոս Անջելեսի «Հայաստան» մշակութային կենտրոնում
Լոս Անջելեսի Նորթ Հոլիվուդ քաղաքում գտնվող «Հայաստան» պարային կենտրոնը ստեղծվել է 1997 թվականին՝ Արման և Նաիրա Վարդանյանների ջանքերով: Նրանք «Բերդ» պարային համույթում են պարել: Պարախմբի գլխավոր պարուսույցն այսօր նրանց որդին՝ Տիգրան Վարդանյանն է, որը նույնպես «Բերդ»-ում է պարել:
2013 թվականից վերանվանվել է «Հայաստան» մշակութային կենտրոն, քանի որ այնտեղ սկսել են գործել նաև կերպարվեստի, երգեցողության, ասմունքի, դաշնամուրի, կիթառի, դուդուկի, դհոլի, վոկալի, հայոց լեզի և գրականության խմբակներ: Ընդհանուր առմամբ՝ կենտրոն 600-ից ավելի աշակերտ է հաճախում: Պարի դասընթացների հիմքում, իհարկե, հայկական ազգային պարերի ուսուցանումն է, սովորեցնում են նաև լատինոամերիկյան, հիփ-հոփ պարեր:
Պարային կենտրոնի մասնաճյուղեր են բացվել Գլենդել, Հոլիվուդ, Փալմդել, Սանտա Կլարիտա քաղաքներում: Մշակութային կենտրոնը տարվա ընթացքում հինգ խոշոր միջոցառում է ունենում, բազմաթիվ այլ համերգների ևս մասնակցում է, իսկ բոլոր խմբակների երեխաները տարվա մեջ մեկ անգամ հաշվետու ելույթներ են ունենում:
Լոս Անջելեսի հայկական համայնքում կենտրոնն արդեն բավականին ճանաչված է, ծնողները մեծ ակտիվությամբ են իրենց երեխաներին մշակութային կենտրոն բերում, քանի որ գիտակցում են՝ այս միջոցով կարող են նրանց ազգային ինքնությանը մոտ պահել և ծանոթացնել հայկական մշակույթին, հայ գիր ու գրականությանը:
«Մենք կողմնակի աջակցություն չունենք, ամեն ինչ սեփական ուժերով ենք անում, աջակիցները մեր սաների ծնողներն են, ովքեր իրենց զավակների հայապահպանության հարցը մեզ են վստահում՝ հավատալով մեր սկսած գործին: Միշտ ծնողներին ասում ենք, որ երեխաներին բերելով մշակույթի կենտրոն, նրանք ինքնին փոքրիկ Հայաստանում են հայտնվում՝ մոտ կանգնած իրենց արմատներին»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» մշակութային կենտրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արման Վարդանյանը:
Արմանն ու Նաիրան վստահեցնում են, որ կենտրոն հաճախող սաները տաղանդավոր են՝ խանդավառված հայկական մշակույթն ու Մայրենին սովորելու անհագ ցանկությամբ, տարիների ընթացքում շատ հայ տաղանդներ են բացահայտել, որոնցով հպարտանում են:
Պարախումբը մշտապես հրավեր է ստանում մասնակցելու Հայաստանից հյուրախաղերի եկած, ամերիկաբնակ հայ, ինչպես նաև ամերիկյան երգիչ-երգչուհիների համերգներին, նաև ելույթ է ունենում Լոս Անջելեսում կազմակերպվող տարբեր մրցանակաբաշխություններին:
2000 թվականից արդեն հինգերրորդ անգամ է՝ «Հայաստան» պարախումբը Հայրենիք է գալիս՝ իրենց հոբելյանների առիթով համերգներ ունենալու: Հունիսի 3-ին մեծ շուքով նշվեց պարախմբի 20-ամյակին նվիրված հոբելյանական համերգը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նույնպես ներկա էր համերգին, որի ժամանակ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, հայ մշակույթը Սփյուռքում տարածելու համար Հրանուշ Հակոբյանը Լոս Անջելեսի «Հայաստան» պարախմբին ՀՀ սփյուռքի նախարարության Երախտագիտության մեդալով և պատվոգրով է պարգևատրել:
Պարախումբը նաև Իտալիայում, Հունաստանում, Բուլղարիայում և այլուր միջազգային փառատոների է մասնակցել:
«Այս տարիների ընթացքում մեր գլխավոր ձեռքբերումն այն է եղել, որ օտարության մեջ ապրող հայ երեխաներին կարողացել ենք հայկական մշակութային արժեքներին ծանոթացնել` զերծ պահելով ուծացման վտանգից»,-ասաց Նաիրա Վարդանյանը՝ հավելելով, որ պարախմբի սաները, որոնք երկար տարիներ պարել են իրենց մոտ՝ հայկական շունչն ու ոգին պահպանելով, ամուսնանալուց հետո այսօր արդեն իրենց երեխաներին են ուղարկում պարելու «Հայաստան»-ում, նաև շրջանավարտներից են այժմ իրենց հետ աշխատում:
Գևորգ Չիչյան