Նվիրյալները. նրանք դասավանդում են Հայաստանի համար

Լոս Անջելեսից՝ Լոռու մարզի Մեդովկա գյուղ: Անհավանակա՞ն տեղափոխություն է:  «Հայերն այսօր»-ի հետ զրույցում Խաչիկ Չուխաջյանը ապացուցում է հակառակը: Թողած ամերիկյան երազանքը՝ նա այսօր Մեդովկայի միջնակարգ դպրոցում «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շնորհիվ պատմություն է դասավանդում ու ասում. «Ես մի օր վերջնականապես հայրենադարձվելու եմ»: Հարցնում եմ՝ դժվա՞ր չէր հրեշտակների քարե քաղաքից հետո Լոռվա բնության ու միամտության մեջ ապրելը: Երկար չի մտածում, պատասխանում է. «Սա լավ առիթ էր դրսևորելու իմ կարողությունները, շատ հաճելի գործ է, երբ փոխանցում ես գիտելիքներդ ու դու ինքդ նոր գիտելքներ ես ստանում: Ես ցանկանում էի ներդրում ունենալ Հայաստանի ապագայի կառուցման գործում ու պարզապես Հայաստանում լինել: Ահա ցանկություններս համատեղվեցին, ու արդեն 2 տարի է՝ այստեղ եմ»:

Խաչիկի հետ զրուցում ենք իր աշակերտների մասին: Լավ գիտեմ, որ իր օրինակը ոգեշնչել է աշակերտներին, որ փոխվել է երեխաների աշխարհայացքը, մտքերը, երազանքները… «Երեխաներն ավելի հետաքրքրասեր են դարձել, աշխարհն ավելի բաց են տեսնում: Ես կարծես դարձա օղակ նրանց և մեծ աշխարհի միջև: Շատ են հարցնում Երևանի, Արցախի մասին: Պատմում եմ»,-համեստորեն ասում է Խաչիկը: Հետո հպարտորեն ասում է, որ երկքաղաքացիություն է ձեռք բերել, որ կգնա արտերկրում սովորելու ու էլի հետ կգա: Այդ պահին մտածում եմ՝ եթե Մուրացանը հիմա ապրեր ու ստեղծագործեր, պիտի որ իր «Առաքյալ»-ը այլ վերջաբան ունենար:

 

Գեղարքունիքի մարզի սահմամերձ Գեղամասար գյուղի դպրոցում արդեն 2 տարի ապրում ու  կենասբանություն է դասավանդում Գայանե Անդրեասյանը: Մի պահ բարի նախանձով նայում եմ նրան, իր ակտիվությանը, էներգիայով լեցուն կենսակերպին:  «Շնորհակալ եմ, որ ինձ ուղարկել են հենց այդ գյուղը: Մինչ այդ ունեցել եմ հնարավորություն Հայաստանի շատ գյուղերում դասավանդելու: Իմանալով գյուղերում ապրող երեխաների կարիքներն ու խնդիրները, 2016-ին առաջիններից մեկն եմ եղել, որ դիմել եմ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին: Սա լավ հնարավորություն էր մեկնել հեռավոր գյուղ, աշխատել այնտեղ, ապրել: Ոչ բոլորը կարող են նման հնարավորություն ունենալ»,-ասում է Գայանեն: Հարցնում եմ՝ մի փոշեհատիկի չափ զղջու՞մ կա: Երիտասարդ ուսուցչուհին արդեն անիմաստ հարցիս վստահորեն պատասխանում է՝ մեկ վայրկյան անգամ չի փոշմանել: «Նախևառաջ ես եմ գնացել սովորելու, հետո նոր աշակերտներին սովորեցնելու, ծառայելու հայրենիքին: Իրոք, ամեն օր սովորում եմ իմ աշակերտներից: Եթե մեկ օր համակարգիչս չտանեմ դպրոց, կըմբոստանան: Մենք մեր դասերը ինտերակտիվ ենք անցկացնում, ֆիլմեր, տեսանյութեր դիտում, նոր բացահայտումներ անում»: Զրույցի ընթացքում Գայանեն կարևորում է՝ պետք է խրախուսել ու մոտիվացնել գյուղում դասավանդող ուսուցիչներին: «Ուսուցիչը պիտի հավատա իր դասավանդած առարկայի կարևորությանը և անի աշակերտների համար լավագույնը»,-նշում է ուսուցչուհին, որ իր աշակերտներին սովորեցրել է սիրել սովորելը: Հպարտությամբ ասում է՝ կենասբան ու բժիշկ դառնալու մտադրությամբ աշակերտներ ունի: Գայանեի 71 աշակերտներից շատերն առաջ չէին հավատում սեփական երազանքներին, իսկ այսօր ապրում ու սովորում են հանուն իրենց փոքր ու մեծ, համեստ կամ հավակնոտ երազանքների իրագործման:

 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի սփյուռքահայ մասնակցի՝ Արշալույս Ամսիհի մասին «Հայերն այսօր»-ը արդեն առիթ ունեցել է պատմելու: Բեյրութից եկած 25-ամյա աղջնակն անգլերեն է դասավանդում Տավուշի  մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Լավ է հիշում՝ գյուղում ինչ սիրով ու ջերմությամբ ընդունեցին իրեն: Ամիսներ անց արդեն այն զգացումն ուներ, կարծես սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրում էր ծնվել: Խնդրում եմ, որ նկարագրի իր աշակերտներին: «Պայծառներ, փայլուններ են նրանք, բոլորից տարբեր են, բառերով չեմ կարող նկարագրել: Իրենք իրենց հողի տերն են, ունեն նպատակներ իրենց գյուղի հետ կապված: Ես փորձում եմ օրինակ ծառայել, որ վերջնակետը հայրենիքին է, որ ոչ մի տեղ այնպես չես զգա, ինչպես Հայաստանում: Այն զգացողությունն է, կարծես հազար տարի այստեղ եմ»,-ասում է բեյրութահայ երիտասարդը:

Արշալույսի հետ զրույցի ավարտին գլխումս հետևյալ միտքն է պտտվում. «Թող Ներքին Կարմիրաղբյուրի աշակերտներն առանց Արշալույսի իրենց արշալույսները չդիմավորեն…»:

Ամալյա Կարապետյան

Scroll Up