«Ապրածս տարիներն իզուր չեն անցել». էդգար Գյանջումյան

Մեր շուրջը, մեր կողքին ապրում ու արարում են մարդիկ, որոնց տեսակը գեղեցկացնում ու ջերմացնում է կյանքը. նրանց մարդկային էությանը ներդաշնակ արվեստն ապրում ու ապրեցնում է մեզ, հավաստում այն հայտնի արտահայտությունը, որ, իսկապես, գեղեցիկը կփրկի աշխարհը: Դրա ջահակիրներից մեկը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ կոմպոզիտորների միության անդամ, տաղանդավոր  կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանն է, ում ստեղծագործական գործունեութունը սկսվել է 1997-ից և առայսօր  շարունակվում է՝ դասվելով  մշակութային բարձր արժեքների շարքին: Էդգարի ստեղծագործությունները համամարդկային հնչեղություն ունեն, որովհետև ստեղծված են հոգու ու սրտի թելադրանքով, տիեզերքից հնչող կոչնակների ձայնով… Անցել է քսան տարի, բայց այսօր ոչ ոք չի մոռացել առաջին երգերը, որոնք դարձել են մեր ժողովրդի կյանքի ուրախ-թախծոտ պահերի անբաժան ուղեկիցները, հույսի և հավատի ներշնչանքի աղբյուրը:

Բեմական գործունեության քսանամյակին ընդառաջ՝ «Հայերն այսօր»-ը զրուցել է կոմպոզիտորի հետ:

«Այցեքարտ»

1995-1999թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։ Զուգահեռաբար սովորել է «Հրաչյա Աճառյան» համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի էստրադա-ջազային կոմպոզիցիայի բաժնում՝ կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի դասարանում, իսկ ասպիրանտուրան՝ Դասային կոմպոզիցիայի բաժնում՝ ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երգահան Արամ Սաթյանի դասարանում։

1998 թվականին Հայաստանի ազգային ռադիոյում կայացել է երիտասարդ կոմպոզիտորի «Մտորումներ» և «Գարնանային պատրանք» գործիքային ստեղծագործությունների պրեմիերան: 2004 թվականին ունեցել է երեք մենահամերգ։ Համագործակցել է հայ երգարվեստի մի շարք հայտնի ներկայացուցիչների հետ: Թողարկել է 5 ձայնասկավառակ։

Էդգարի երաժշտությունը հետաքրքրել է էստրադային առաջատար երգչուհիներ Շուշան Պետրոսյանին, Սյուզան Մարգարյանին, Ալլա Լևոնյանին և այլ կատարողների: Էդգար Գյանջումյանի մի շարք ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են տեսահոլովակներ:

Երաժշտությունն ամբողջապես կլանել էր Էդգարին, դարձել նրա կյանքի ամենակարևոր ու գերակշիռ մասը, ավելին՝ կյանքի իմաստը:

Նրա երգերը տարածվեցին ամենուր, նաև՝ Հայաստանից դուրս: Էդգարի էստրադային սիմֆոնիկ «Հավերժության ոգի» ստեղծագործությունը՝ գրված հանրահայտ դուդուկահար, ՀՀ ժողովրդական արտիստ  Ջիվան Գասպարյանի և էստրադային սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար, նվիրվեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու-Յորքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին, իսկ ձայնասկավառակները բաժանվեցին զոհերի ընտանիքներին: 2006 թվականին Ջիվան Գասպարյանի և Էդգար Գյանջումյանի համագործակցությունը շարունակվեց. Մոսկվայի Կրեմլի դահլիճում «Երկու լեգենդ՝ մի համերգում» խորհրդանշական համերգի ընթացքում  Ջիվան Գասպարյանի և Ռուսատանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեց Էդգար Գյանջումյանի «Ցնծության առավոտ» սիմֆոնիկ ստեղծագործությունը՝ «Երբ մեզ հետ է Տերը» սիմֆոնիկ սյուիտից:

Ստեղծագործական աշխատանքին զուգահեռ՝ նա 2011-ից Երևանի Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տնօրենն է: Անցյալ աշնանը Իսպանիայում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվել է «Հայաստանի գույները հայկական հեքիաթներում և առասպելներում» խորագիրը կրող նկարչական աշխատանքների ցուցահանդես, որը մինչ օրս շրջում է այդ երկրի ցուցասրահներում և մշակութային կենտրոններում:

Էդգար Գյանջումյանը նաև 7 գիտական հոդվածների հեղինակ է, այժմ աշխատում է թեկնածուական ատենախոսության թեմայի շուրջ: Նրա երաժշտությամբ ԵՊՀ-ի մշակույթի կենտրոնում բեմադրվել է «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը՝ արժանանալով «Արտֆեստ-2016» հատուկ մրցանակի:

Էդգար Գյանջումյանը պապիկի՝ ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, հայտնի պարուսույց Սուրեն Գյանջումյանի հետ հիմնել է «Գյանջումյան» արվեստի կենտրոնը, որը կրթամշակութային ծրագրեր է իրականացնում մեծահասակների և պատանիների համար: Կենտրոն այցելողները մեկից վեց ամսվա ընթացքում տիրապետում են իրենց նախընտրած երաժշտական գործիքին, սովորում են երգել, պարել, նկարել և այլն: «Գյանջումյան» արվեստի կենտրոնի կարգախոսն է՝ «Սովորելը երբեք ուշ չէ»: «Գյանջումյան» արվեստի կենտրոնի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել  www.artcenter.am պաշտոնական կայք:

 

Ինքնազննում

-Ամեն ոք կյանքում պետք է անցնի ինքնազննման ճանապարհը, ինքն իրեն յուրովի հաշվետվություն ներկայացնի ապրած տարիների ու գործերի մասին. ես դա անում եմ ամեն օր, ամեն պահ ու մտորում՝ ի՞նչը դեռևս չեմ արել իմ ժողովրդի, արվեստի՛, իմ ընտանիքի, հարազատների, ընկերների համար, որը կարո՛ղ էի անել…Փնտրում ու վերլուծում եմ ամենաչնչին թերացման պատճառն անգամ: Սա նաև ինքնամաքրման, զուլալման, հոգին ու միտքը ներդաշնակության տանելու ուղին է. ես ընտրել եմ ա՛յս ճանապարհը:

…Քսան տարիների բարձունքից հետհայացք գցելով ապրածս կյանքին՝ հասկանում եմ, որ այդ տարիներն իզուր չեն անցել, որոնք ինձ ոգևորում են և հաճելի զգացողություններ պարգևում:

Շատ կարևոր է, որ սիրելի մասնագիտությամբ եմ զբաղվում և կոչված եմ կատարելու ի վերուստ տրված առաքելություն. յուրաքանչյուրս պետք է ձգտի իր աշխատանքով մարդկային փոխհարաբերություններն ավելի լիարժեք և սիրով լի դարձնել:

Կարևոր ձեռքբերում եմ համարում 2008 թվականին իմ կողմից ստեղծված «Օգնեմ» բարեգործական հիմնադրամը, որի նպատակն արյան օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին օգնելն է: Հիմնադրամի շնորհանդեսը կայացավ Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում՝ իմ հեղինակային համերգային երեկոյի ժամանակ: Օգնությունն իրականացվում է մի քանի ուղղությամբ՝ դեղորայքի, բուժսարքավորումների տրամադրում և բարոյահոգեբանական, վերականգնողական ծրագրերի կազմակերպում:

Տաս տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր հաջողեցինք իրականացնել. արդյունքը զգալի է:

Երեխաներիս հետ շփվելիս՝  հաճույք եմ ստանում

-Տղաս՝ Գագիկը, ինը տարեկան է, Երևանի Քրիստափոր Քուշնարյանի անվան երաժշտական դպրոցն է հաճախում՝ դաշնամուրի բաժին, նաև ստեղծագործելու տաղանդով է օժտված, երաժշտություն է գրում: Աղջիկս՝ Եվան, չորս տարեկան է, նա երաժշտական հրաշալի լսողություն և հետաքրքիր ձայնային տվյալներ ունի: Կարծում եմ՝ հետագայում երգ-երաժշտության բնագավառում հաջողությունների կհասնի:

Ազատ ժամանակիս մեծ մասը նրանց եմ տրամադրում՝ գիտակցելով, որ դա կյանքիս ամենաթանկ պահերից է, այն նաև մեծ պատասխանատվություն է, որը յուրաքանչյուր ծնող զգում է իր զավակի հանդեպ: Երեխաներիս հետ շփվելիս՝ հաճույք եմ ստանում, նույնիսկ նրանց արտահայտած մտքերը գրանցում եմ նոթատետրում, որպեսզի հետագայում միասին լուսավոր ժպիտով ընթերցենք:

Ընկեր ասելով՝ առաջին հերթին կնոջս ի նկատի ունեմ

-Հիմա ավելի շատ կինոյի համար գրված երաժշտությամբ եմ հետաքրքված. այս ուղղությամբ տարբեր գաղափարներ ունեմ, նաև Ամենայն Հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի՝ 10 բանաստեղծությունների հիման վրա սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի և մենակատարների համար գրել եմ «Ընկերիս» կոչվող  կանտանտը: Այդ շարքն ընթերցելիս՝ այն ինձ միանգամից հոգեհարազատ և սրտամոտ դարձավ: Կարծում եմ՝ այս քայլով հետաքրքիր անդրադարձ կլինի թումանյանական՝ ասես անձեռակերտ արվեստին:

Ընկեր ասելով՝ առաջին հերթին կնոջս՝ Վիկտորյային եմ ի նկատի ունեցել և բոլոր այն մարդկանց, ովքեր կիսում են քո գոյի գիտակցումը, հարգում են մարդուն, նրա մեջ արժեք տեսնում, պայքարում, որպեսզի աշխարհը միշտ լուսավոր ու խաղաղ լինի: Արժևորում եմ բոլոր նրանց, ովքեր ամեն օր մարդկանց օգտակար լինելու զգացումով են արթնանում, այլ ոչ թե՝ եսակենտրոն կյանքով ապրելու համար, նաև նրանց, ովքեր երբեք չեն վիրավորում դիմացինի արժանապատվությունը: Գնահատում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հարգում են դիմացինին, սիրով ու բարեհոգաբար մոտենում մարդկային արժեքներին:

Վերջին շրջանում նաև Երաժշտության հոգեբանություն և Արվեստի հոգեբանություն առարկաներն եմ դասավանդում: Ես առաջարկեցի Հայաստանի կրթահամակարգում կիրառել այս առարկաները, և պետք է ասեմ՝ ուսանողները մեծ հետաքրքրությամբ են սովորում:

Երաժշտության հոգեբանություն եմ դասավանդում Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Արվեստի հոգեբանություն՝ Կրթության միջազգային ակադեմիայում: Ի դեպ, այս առարկաներն աշխարհի տարբեր բուհերում շուրջ երեք տասնամյակից ավելի դասավանդվում են:

Սփյուռքի հետ կապված մի շարք ծրագրեր ունեմ: Ստեղծագործական գործունեությանս 20-ամյա հոբելյանի շրջանակներում որոշել եմ Սփյուռքի հայկական համայնքների մշակութային հաստատություններ ուղարկել իմ ստեղծագործությունները՝ ձայնասկավառակների և նոտաների տեսքով. որքան նկատել եմ, Սփյուռքում էլ իմ երգերը սիրելի են:

Իմ հին ու նոր ստեղծագործությունների հիման վրա նաև ծրագիր եմ մշակել և, հնարավոր է, համատեղ համաձայնության գալով՝ համերգներ կազմակերպել Սփյուռքի տարբեր համայնքներում:

Սիրով միացել եմ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը: Արցախի համար իմ փոքրիկ լուման եմ ներդնում. նպատակ ունեմ բարեգործական հեղինակային համերգներ կազմակերպել Արցախում:

Լիանում եմ գիրք կարդալով

Ընթերցանությունն իմ տարերքն է. դեռևս փոքր տարիքից ծնողներս են ինձ ուղղորդել գրքերի  տիեզերական աշխարհ, հիմա տղայիս եմ նույն ճանապարհը ցույց տալիս:

Երբ մի քանի օրով հանգստի ենք մեկնում, ինձ հետ անպայման տարբեր գրքեր եմ վերցնում, որոնք զուգահեռաբար կարդում եմ: Ներաշխարհս հարստանում է, լիանում եմ գիրք կարդալով: Ինձ համար Գիրք Գրոցն, իհարկե, Աստվածաշունչն է, այն իմ սեղանի գիրքն է:

Թանգարան բաց երկնքի տակ ՝Հայաստա՛նն եմ սիրում

Տարեցտարի ավելի բարձր եմ գնահատում հայ կոչվելուս իրական արժեքը և այն ամենը, ինչը վերաբերում է Հայաստանին, մայրաքաղաք Երևանին: Հանգամանքների բերումով երբ Գերմանիայում էի, ուշքումիտքս միայն Հայաստանում էր, անդադար ուզում էի հետ վերադառնալ. հայրենի հողի ձգողականության ուժն էի զգում:

Հայկական ընտանիքի պահպանման գաղափարն եմ ամենից ավելի վերարժևորում. հայկական ընտանիքը պետք է լինի ազնիվ, արժանապատիվ, կարեկցող, սիրող, հարգող, նվիրված և անբռնազբոս: Մենք պարտավոր ենք սերնդեսերունդ մեր երեխաներին փոխանցել այս համամարդկային, տիեզերական նշանակության սուրբ արժեքները:

Շատ եմ սիրում քայլել երևանյան փողոցներով, զգալ ամեն մի շենքի ու բակի կյանքը՝ վայելելով իմ քաղաքը: Ծնվել եմ Երևանում, մանկությունս անցկացրել եմ Բաղրամյան պողոտայում, հիմա էլ այնտեղ եմ ապրում: Մայրաքաղաքի հանդեպ իմ ունեցած սերը արտահայտել եմ նաև Երևանին նվիրված երգերով:

Ընտանիքիս հետ հաճախ զբոսնում եմ Բաղրամյան պողոտայով դեպի Օպերայի շրջակայք: Հայաստանում բոլոր վայրերն էլ սիրելին են, հատկապես՝ Դիլիջանը:

Իսկ մեր հնամենի վանքերն ու խաչքարերը, սաղարթախիտ անտառներն ու բարձրաբերձ լեռները հիացնում են ինձ իրենց անըստգյուտ, անբիծ գեղեցկությամբ: Մի խոսքով՝ թանգարան բաց երկնքի տակ՝ Հայաստա՛նն եմ սիրում, այն Հայաստանը, որի պատկանելիության զգացումս ավելի ու ավելի է խորանում:

Գևորգ Չիչյան

 

 

 

 

 

 

Scroll Up