Հայրենադարձ երեխաների համար «Շիրակացու ճեմարան»-ում կազմակերպվում է անհատական ուսուցում
Սփյուռքահայ ընտանիքների համար շատ հաճախ հայրենադարձվելու շարժառիթ է հանդիսանում երեխաների ապագայի հանդեպ մտահոգությունը: Ծնողները ցանկանում են, որ իրենց զավակները Հայաստանում ո´չ միայն կրթություն ստանան, այլև իրենց ապագան կերտեն:
Հայաստանյան դպրոցներում, սակայն, շատ հաճախ հայրենադարձ երեխաները բախվում են տարաբնույթ խնդիրների: Երևանի «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրն այն հաստատություններից է, որտեղ մշակվում են հատուկ ծրագրեր, ուսուցման մեթոդներ՝ Հայաստան տեղափոխված երեխաներին դասապրոցեսին ներգրավելու համար: Անհրաժեշտության դեպքում նաև հոգեբանական աջակցություն է ցուցաբերվում:
«Մեր ուսումնական հաստատությունում հայրենադարձ երեխաների համար կազմակերպվում է անհատական ուսուցում, եթե նա տվյալ տարիքային խմբի ծրագրային չափորոշիչներով դասավանդում անցնելու համար բավարար գիտելիքներ և հմտություններ, Մայրենիի իմացություն չունի: Մշակվում է համապատասխան անհատական ծրագիր՝ դիմորդին որոշակի ժամանակահատվածում տարիքային խմբի ուսումնառությանը ներառելու համար», «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի տնօրենի խորհրդական և Մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Գագիկ Թոռչյանը՝ հավելելով, որ խմբում որոշակի առանձնահատկություններ ունեցող սաների հանդեպ կիրառվում են անհատական մոտեցումներ և տարբերակված ուսուցման մեթոդներ:
Խոսելով հայրենադարձ երեխաների մոտ նկատվող դժվարությունների մասին՝ Գագիկ Թոռչյանը նկատեց, որ նրանք հիմնականում բախվում են լեզվական, առարկայի ակադեմիական գիտելիքների բացակայության, Հանրապետության առարկայական ծրագրերի, այլ համայնքներում առկա ծրագրերի բովանդակային, մշակութային տարբերությունների և ռուսերենին չտիրապետելու խնդիրներին: Սակայն նրանց համար ստեղծում են այնպիսի միջավայր, որպեզի հաղթահարեն առկա բարդությունները:
Սաների հետ հոգեբանական զրույցներ կազմակերպելու անհրաժեշտության դեպքում Ճեմարանի հոգեբանական ծառայությունն իրականացնում է համապատասխան աշխատանքներ, նաև միջամտում է հոգեբանության լաբորատորիան, օգնում են խմբի մանկավարժ-հոգեբանը և դասավանդող ուսուցիչները:
«Ինչ վերաբերվում է արևելահայերենի և արևմտահայերենի լեզվական խոչընդոտներին, ապա այն բանավոր խոսքում առավել հեշտ է հաղթահարվում, դժվարություններ են առաջանում գրավոր խոսքում՝ պայմանավորված երկու գրական լեզուներում առկա ուղղագրությունների, բառապաշարային և քերականական տարբերություններով: Այս ամենը հաշվի առնելով՝ կազմվում են անհատական ուսուցման ծրագրերը»,-նշեց Գագիկ Թոռչյանը:
Զրույցի ընթացքում պարզ դարձավ նաև, որ գիտակրթական համալիրում մոտ 70 հայրենադարձ սովորող կա: Համեմատության կարգով, հայերեն ավելի լավ են խոսում, հայկական մշակույթին և պատմությանը քաջատեղյակ են հիմնականում Մերձավոր Արևելքի երկրներից եկած երեխաները:
Գևորգ Չիչյան