Կալուգայից Հայաստան վերադարձած Վարդանյանների ընտանիքը ցանկանում է զարգացնել էթնոտուրիզմը.տեսանյութ

Վարդանյանների բազմանդամ ընտանիքն երկար տարիներ ապրելով ՌԴ Կալուգայի մարզում՝ 2017 թվականին հարազատ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղ են վերադարձել՝ չկարողանալով հաղթահարել կարոտը: Վերադարձի կարևոր շարժառիթներից է եղել նաև երեխաների՝ դպրոց գնալու խնդիրը: Նրանք, աներկբա, որոշել են, որ իրենց երեխաները պետք է Հայաստանում ուսում ստանան և օտարության մեջ չմեծանան:

Վարդանյանները Հայաստան գալուց առաջ իրենց միջոցները վաճառել են, գյուղում ոչ մեծ անասնագոմ են կառուցել, որտեղ տարբեր եղջերավոր անասուններ, խոզ ու հավ են պահում: Նրանք նաև բիզնես-գաղափար ունեն: Այն իրականացնելով՝ կխթանեն Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, տնտեսության աճին և ներդրումների ակտիվացմանը:

Արագած լեռան դիմաց գեղեցիկ բնապատկերով բացվող մի տարածք ունեն, որտեղ ցանկանում են զբոսաշրջային կենտրոն հիմնել և զբոսաշրջիկների համար յուրահատուկ առաջարկով հանդես գալ:

Ըստ նախագծի՝ զբոսաշրջիկները հայկական գյուղական ջերմ միջավայրում հնարավորություն կունենան տեսնելու, թե ինչպես են կանայք առանց որևէ տեխնոլոգիա կիրառելու ձեռքով պանրի տեսականի պատրաստում, կմասնակցեն խնոցու կարագ, թոնրի լավաշ, գաթա պատրաստելու ընթացքին, կհամտեսեն իրենց իսկ պատրաստած հայկական ուտելիքները:

 

«Ուզում ենք մեր օրինակով գյուղական համայնքներում էկոտուրիզմը զարգացնել և ցույց տալ Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը: Պետք է անենք հնարավոր ամեն բան՝ զբոսաշրջիկների համար սիրելի վայր դառնալու, որպեսզի նրանք գալով Հայաստան՝ միանգամից մեզ մոտ այցելելու ցանկություն հայտնեն»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Վարդանյան ընտանիքի հարս Հայկուհի Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ակնկալում են համապատասխան մարմիների և շահագրգիռ կողմերի աջակցությունը՝ կյանքի կոչելու ծրագիրը:

Իրապես, մարդկային այսպիսի շփումները զբոսաշրջիկին կապում է տվյալ երկրի հետ և, անկասկած, նորից վերադառնալու ցանկություն առաջացնում:

Չմոռանանք, որ հայաստանյան խոհանոցը բազմազան է, իսկ էթնոտուրիզմը տարածված լինելով ամբողջ աշխարհում՝  զբոսաշրջիկների շրջանում մեծ պահանջարկ ունի, հատկապես նրանց մոտ, ովքեր հատուկ հետաքրքրվածություն ունեն խոհանոցային մշակույթի հանդեպ կամ սիրում են համեղ ուտել:

Ուստի, մաղթե՛նք Վարդանյան ընտանիքին, որ շուտափույթ գտնեն օգնության ձեռք մեկնողներ և միասնական ջանքերով բարեհաջող իրականացնեն իրենց նախագիծը:

Գևորգ  Չիչյան

 

 

Scroll Up