Հայաստանը պատրաստ է շարունակել մարդասիրական առաքելությունը՝ ուղղված Սիրիայի հայ համայնքի կարիքների բավարարմանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/09/siriya.jpeg)
Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպեց Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆֆան Դե Միստուրային:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, զրուցակիցներն հանգամանալից անդրադարձան Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, մտքեր փոխանակեցին երկրում տիրող հումանիտար իրավիճակի և դրա բարելավմանն ուղղված հնարավոր քայլերի շուրջ:
Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը բազմիցս է արտահայտել իր լուրջ մտահոգությունը Սիրիայում ճգնաժամի և դրա հետևանքով Սիրիայի մեր հայրենակիցների անվտանգության կապակցությամբ: Նա շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել և ընդարձակել մարդասիրական առաքելությունը՝ ուղղված Սիրիայի հայ համայնքի հրատապ կարիքների բավարարմանը։