Սիդնեյում հաստատված սիրիահայ արծաթագործի արհեստանոցը լեփ-լեցուն է 

Նախապատերազմական Հալեպի մարդաշատ փողոցներում Ավետիք Բայրամյանի անունն արծաթագործության ոլորտում որակի և արհեստավարժության «հոմանիշն» էր, գրում է abc.net.au կայքը՝ անդրադառնալով ավստրալական Սիդնեյում հաստատված հայ փախստականի կյանքի պատմությանը:

Հայտնի է, որ Բայրամյանն արծաթագործների տոհմից է. այս արհեստին են տիրապետել դեռևս նրա նախապապերը:

Սիրիայում սկիզբ առած պատերազմից հետո նա ստիպված է եղել Ավստրալիա տեղափոխվել, որտեղ 2 տարի շարունակ չի կարողացել իր ոլորտում աշխատանք գտնել:

Բայց այժմ նա գտել է իր երազած գործը՝ աշխատանքի անցնելով Ավստրալիայի վերջին ավանդական արծաթագործական W.J. Sanders արհեստանոցում:

Արհեստանոցի տերը՝ Դենիս դե Մութը, որը հայ փախստականին մտերմիկ Ավո է կոչում, անմիջապես գնահատել է նրա մասնագիտական հմտությունները:

«Նրա աշխատանքն ուղղակի հրաշալի է: Նա նորարարություններ կիրագործի: Ունենք երեք աշակերտ, որոնց կկարողանա նոր բաներ սովորեցնել»,-tert.am-ի փոխանցմամբ՝ պատմել է ավստրալացին:

Նա շատ երջանիկ է, որ իր գործի վարպետ Բայրամյանը հարուստ գիտելիքները փոխանցելու է արծաթագործների նոր սերնդին:

«Անչափ կարևոր է, որ այս գործը շարունակող կա և որ Ավոյի պես մարդիկ դաստիարակում են երիտասարդ սերնդին»,-շարունակել է Դե Մութը:

Աղբյուրը նկատում է, որ սիդնեյյան արհեստանոցը լեփ-լեցուն է վերանորոգման իրենց հերթին սպասող արծաթյա իրերով: Դարակներից մեկին դրված է փորագիր գավաթ, որը դառնալու է «Ավստրալիա օփեն» թենիսի մրցաշարի հաջորդ տարվա մրցանակը:

Ավետիք Բայրամյանը սկսել է արծաթագործությամբ զբաղվել 14 տարեկանից՝ քեռու հալեպյան արհեստանոցում: 2002թ. նա բացել է իր խանութը, որը պատերազմի սկսվելուց հետո ավերակների Է վերածվել:

Բայրամյանի ընտանիքը նախքան Ավստրալիա տեղափոխվելը Սիրիայից Բեյրութ է փախել:

«Դուք գաղափար անգամ չունեք, թե որքան դժվար է կյանքդ թողնել հետևում, ձեռնունայն գալ այստեղ ու աշխատանք գտնել»,-կիսվել է արծաթագործը՝ նկատելով, որ աշխատանքը սիրելու ու աշխատասեր լինելու դեպքում մարդն անպայման հաջողության կհասնի:

Scroll Up