Լինել հայերենի ուսուցիչ Սփյուռքում. Նորայր Դադուրյան

Ինչ է այսօր նշանակում՝ լինել հայերենի ուսուցիչ Սփյուռքում. հպարտությո՞ւն, պատի՞վ, կոչո՞ւմ, թե՞ յուրատեսակ մարտահրավեր: Կարևոր հարցադրում, որի շուրջ, և ո´չ միայն, «Հայերն այսօր»-ը զրուցել է ԱՄՆ Փասադենա քաղաքի ՀԲԸՄ-ի Վաչե և Թամար Մանուկյան երկրորդական վարժարանի հայերենի ուսուցիչ Նորայր Դադուրյանի հետ:

Պարո´ն Դադուրյան, վերջերս Դուք հայապահպանության, մանկավարժական գործունեության համար արժանացել եք ՀՀ սփյուռքի ու կրթության և գիտության նախարարությունների մրցանակներին: Շնորհավորում ենք մրցանակների կապակցությամբ: Ի՞նչ է ձեզ համար նման պարգևների արժանանալը:

– Շնորհակալություն  եմ հայտնում զույգ նախարարություններին, նրանց պատասխանատուներին և պաշտոնյաներին: Գիտեմ, որ նրանք ուշադրությամբ հետևում են սփյուռքահայ ուսուցիչների կատարած աշխատանքին: Ավելին, գեղեցիկ է տեսնել, որ նրանք գնահատում են այդ աշխատանքը:

Հայերս Սփյուռքում ստեղծել ենք «քառակուսի» Հայաստան, որի անկյուններն են՝ դպրոցը, մամուլը, եկեղեցին և անշուշտ, տունը: Ինձ համար Հայաստանի հետ կապը, այդ մի կտոր տարածությունից դուրս՝ աշխատելու և ստեղծելու  անսահման հնարավորություններ է խոստանում: Պարգևատրությունը հիշեցում է, որ սփյուռքահայ ուսուցչի աշխարհն իր համայնքով սահմանափակված չէ, այլ կա Հայաստան աշխարհը և նրա պետությունը: Պետք է ասեմ, որ զույգ մրցանակներն ազգային պատկանելիության և հպարտության մեծ ալիք ստեղծեցին աշակերտներիս մոտ: Նրանք դասարանում շրջանակված այս մրցանակների վրա երբ տեսան զինանշանը և պաշտոնական անունները, երկյուղածությամբ և խոր ակնածանքով կանգ առան նրանց առջև, հիացումով դիտեցին ու  ներշնչվեցին:

– Լինել հայերենի ուսուցիչ Սփյուռքում. ի՞նչ է այն նշանակում այսօր, ի՞նչ առաքելություն ունի նա, ի՞նչ մարտահրավերների է ստիպված դիմակայել, հատկապես Ամերիկայում, որտեղ տարեցտարի հայախոսների թիվը նվազում է:

– Ինձ իրավունք տվեք այս հարցի շուրջ խոսել հայոց լեզվի և գրականության սփյուռքահայ բոլոր ուսուցիչների անունից: Այս ասպարեզը բոլորիս համար կոչում է և հպարտություն, նաև` պատասխանատվություն: Մեր առաքելությունն է հայկական լեզվական և գրական ժառանգությունը փոխանցել նոր սերնդին և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշակերտը, լավագույն դեպքում, կկարողանա ստեղծել նոր բան՝ նոր երգի խոսքեր, ժամանակակից քառյակ կամ իր առօրյա իրականությունները ներկայացնող պատմվածք: Իսկ մեր աշխատանքում կարևորագույնն է հայորդիներին կապել հայրենիքին, զգալ Հայաստանի շունչը, ծանոթ լինել նրա նորօրյա խնդիրներին և դառնալ գործուն հեռաքաղաքացի: Հայաստանի ներկան և նրա խոստումներն այժմ այնքա՛ն հրապուրիչ են, որ մեր աշակերտները գերված են այդ ամենով: Հայաստանի ամեն զարգացում և հաջողություն` քաղաքական, տնտեսական (հայկական գինու և այլ արտադրանքների ցուցադրում միջազգային շուկաներում, անվանի նոր հյուրանոցի բացում Հայաստանում), մշակութային (Եվրատեսիլ), մարզական (Օլիմպիական խաղեր, ֆուտբոլ) և արհեստագիտական (Տաթևի ճոպանուղի, ԹՈՒՄՈ), մեր բոլոր մատրահրավերները չեզոքացնում են: Տեսանելի է, թե աշակերտներն այդ բոլոր ձեռքբերումերին մասնակից կամ բաժնեկից լինելու համար առիթներ են որոնում: Ահա թե ինչու շատ խանդավառ և հաջող են անցնում ամեն ուրբաթ «Այժմեական լուրեր Հայաստաից» դասը, ինչպես նաև մեր 11-րդ դասարանցիների ամենամյա ճանաչողական պտույտը դեպի հայրենիք:

Դասարանում առավելաբար, բառապաշարի կառուցման և պահպանման համար լավագույն արդյունքը, մեր պարագայում, հայկական երգարվեստն ու պոեզիան են: Աշակերտներս ամեն շաբաթ մի երգ և բանաստեղծություն են անգիր սովորում: Տարեվերջին այդ ամենը ծնողներին  են ներկայացնում՝ որպես գրական-երաժշտական երեկո, որի խորագիրն է՝ «Պտույտ մը հայկական քնարերգության մեջ»:

– Սփյուռքում այսօր մտահոգիչ է հայկական դպրոցների վիճակը: Փակվում են կրթօջախներ, շատ դպրոցներում նվազում է աշակերտների թիվը: Որտե՞ղ է թաքնված այս ամենի պատճառը, ի՞նչ պետք է անել խուսափելու այդ ամենից: Եվ ամենակարևորը` ի՞նչ է նշանակում լինել հայախոս Սփյուռքում և ու՞ր կարող է տանել հայերենի կորուստը:

– Անխուսափելի է այն տպավորությունը, թե ամերիկյանը (եվրոպականը), արևմտյանը ներկայացնում են նորը, նորարարականը, մինչդեռ հայկականը` հինը: Այս ամենի ելքը կա: Այն թաքնված է արհեստագիտության մեջ: Երբ հայկական վարժարաններն ունենան նորագույնը (համակարգիչ, տեղեկատվական և համացանցային նորություններ, թվային արհեստագիտություններ, դասարանների և վարժարանի շինարարական լուծումներ), համոզված եմ, որ կդառնանք մրցունակ և նախանձելի: Ամերիկյան ափերում անուրանալի է նաև մարզական կյանքը դպրոցներում: Ժողովրդական է ա՛յն վարժարանը, որն ունի բասկետբոլի հաջող և մրցունակ թիմ: Սա ամերիկյան իրականություն է: Ամեն համայնք, վստահ եմ, որ ունի իր տարբերակը:

Բայց հայերենի և հայկական ինքնության հանդեպ հետաքրքրությունը և նախապատվությունն իր գագաթնակետին են հասնում, երբ աշակերտը ծանոթանում է հայոց հնագույն պատմությանը: Պատանին զարմանում և հպարտանում է տեսնելով, թե որքա՛ն խոր են իր արմատները, որ իր պատմությունը սահմանված չէ իր համայնքի տարիքի, կամ մեծ հոր (մեծ մոր) Ցեղասպանության վերապրումի պատմության հետ: Ահա թե ինչու՛ դասարանում հատուկ կարևորության են արժանանում հայկական արվեստի և ճարտարապետության պատմությունը (այդ պահանջը գոհացնելու համար այս տարի մասնակցել եմ ՀԲԸՄ-ի AVC համացանցային համալսարանի երկու դասընթացին՝ «Հայկական ճարտարապետության պատմություն» I և II և ստացել եմ համապատասխան վկայականներ):

– Տարիներ ի վեր «Ակոս» և «Ասպարեզ» պարբերականներում լուս է տեսնում Ձեր «Բառերի խորհրդավոր աշխարհը» հոդվածաշարը: Ին՞չ նպատակ է այն հետապնդում:

– Պոլսի «Ակոս» շաբաթաթերթում վեց տարի առաջ սկսեցի այդ հոդվածաշարը: Իսկ իմ քաղաքում նախ «Նոր օր» շաբաթաթերթը, ապա «Ասպարեզ»-ը սկսեցին արտատպել: Նկատել եմ, որ հունահայ և լիբանանահայ մամուլում ևս հրապարակվել են առանձին հոդվածներ:

Ճամբորդել շատ եմ սիրում: Շատ եմ սիրում նաև հնագիտությունը: Դժբախտաբար, երկուսն էլ անմատչելի են ինձ համար: Հոդվածաշարն ինձ առիթ է տալիս մեր անցյալի մեջ պեղումներ անել: Այո, սիրում եմ բառեր, դարձվածքներ, բառարմատներ, գրական հնագույն բեկորներ պեղել, ապա վերջիններիս մասին հեքիաթներ պատմել: Դրանք զուտ լեզվագիտական կամ ստուգաբանական ուսումնասիրություններ չեն: Կան հայ և օտար լեզվագետներ և բառարանագետներ, որոնք այդ գործը արդեն կատարել են: Ես նրանց աշխատանքը ընթերցողներիս եմ վերամատուցում այն ակնկալությամբ, որ հայոց լեզվի` մեր մտքի գեղեցկագույն հղացումի հանդեպ նորոգված հետաքրքրություն կստեղծվի և այն կդառնա մեր ուշադրության, հիացումի և գուրգուրանքի առարկան:

Սկզբնական շրջանում պատմությունների գլխավոր հերոսը «պարոն Ստուգաբանությունն» էր, 50 տարեկան ալեհեր մի մարդ, որը Հունաստանից՝ Պարսկաստան, Հռոմից՝ Չինաստան ճամբորդելով՝ հայտնաբերում է հայկական բառերի ոդիսականը: Այժմ հոդվածները երկխոսություններ են: Յուրաքանչյուր շաբաթ հեղինակը և մի աշակերտ զրուցում են մի բառի մասին: Գրություններն այ՛ս ձևը ստացան, երբ խումբ-խումբ աշակերտներ սկսեցին ընթերցողներ դառնալ:

– Դուք նաև զբաղվում եք թարգմանչական աշխատանքով: Այս պահին հունարեն եք թարգմանում հայերեն բանաստեղծություններ: Ի՞նչ է ձեզ համար թարգմանչական աշխատանքը:

– Թարգմանական գրականությունը որևէ լեզվի համար նոր արյուն է, կենսատու ավիշ: Կասկած չունեմ, որ այն բերում է նաև մտածողության նոր մոտեցումներ, արտահայտությունների նոր պաշար և պատճառ  է լինում նաև, որ բարդ և ածանցավոր նոր բառեր ստեղծվեն: Սա` լեզվական մակարդակում:

Թարգմանությունը նաև երկու ժողովուրդների միջև երկխոսություն է, իրար ճանաչելու, հասկանալու միջոց: Հայկական գրականության, հատկապես ժամանակակից գրականության հունարեն թարգմանությունը մեր աշխարհահայացքը, երկրի և ժողովրդի ներկա խնդիրները հարևան ժողովրդին ներկայացնելու միջոց է: Ես նախընտրել եմ պոլսահայ և հայաստանյան ժամանակակից բանաստեղծությունների երկու փունջ թարգմանել: Առաջին խմբում կան համամարդկային թեմայով բանաստեղծություններ՝ մեծ քաղաքի (Պոլիս) և նրա «հասարակ» բնակիչների: Այս խումբը ըմբռնելի է հունական որևէ մեծ քաղաքի, անշուշտ, և մայրաքաղաք Աթենքի բնակիչի համար: Երկրորդ խումբ բանաստեղծությունները Հայաստանի Հանրապետության վերանկախության ձայնն է: Ընտրել եմ բանաստեղծություններ, որոնք ներկայացնում են երկրի երկունքի ցավերն ու երազները: Փոխադարձաբար, անհրաժեշտ եմ համարում նաև հունական բանաստեղծության հայերեն թարգմանությունը, որպեսզի մենք բարձր գրականության շնորհիվ ծանոթանանք այդ ժողովրդի ներկա պայքարներին և ապագա երազներին:

– Տեղյակ եմ, որ ունեք հարուստ գրադարան: Ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց հատկապես հայկական գրքեր հավաքելու ձեր մղումը: Արդյո՞ք այլ նախասիրություններ ևս ունեք:

– Լինել հայերենի ուսուցիչ և չունենալ հայկական գրքերի հավաքածու` ինձ համար աներևակայելի է: Ունեմ 4-5 հազար կտոր հայկական գիրք: Ունեմ նաև հունարեն, թուրքերեն և անգլերեն գրքեր, որոնց թիվը մոտավորապես 1000 է: Հայկական հավաքածուի մի մասը հնատիպ գրքեր են (1650-1850 թվականների): Ունեմ նաև հայկական ձեռագրեր և հայատառ-թրքերեն գրքեր:

Ինձ համար անհրաժեշտ է, անշուշտ, գրական ժառանգությունը: Դանիել Վարուժանի, Ծերենցի (Հովսեփ Շիշմանյան), Սրբուհի Տյուսաբի, Պերճ Պռոշյանի, Վահան Տերյանի, Խրիմյան Հայրիկի, Զապել Եսայանի և Վահան Թեքեյանի առաջին տպագրությունները գրադարանիս աչքերն են: Առատորեն հավաքում և ընթերցում եմ նաև Հայաստանում հրատարակված ժամանակակից գրականությունը: Բախտավորություն ունեմ հայկական գավառներում (Նիկոմեդիա, Զմյուռնիա, Սամսոն, Տրապիզոն, Վան, Մերզիֆոն, Կիրասոն, Ատաբազար) հրատարակված գրքերի օրինակներ ունենալ: Հազվագյուտ գրքերի մատենագիտական տվյալները կանոնավորապես փոխանցում եմ Ազգային գրադարանին: Իսկ այն գրքերը (նաև նամակներ, լուսանկարներ, օրատետրեր), որոնք առընչություն ունեեն Հայոց ցեղասպանության հետ, հավաքաբար նվիրել եմ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Որպես նախկին պոլսահայ՝ ամեն շաբաթ (9-10 տարեկանից սկսած) քաղաքի հայկական և հունական հին թաղամասերի հնավաճառներին այցելելով՝ հավաքել եմ հայկական գրքեր: Պատանեկության տարիներին ուրիշ աշակերտների դաս տալով, իսկ ամառային ամիսներին մեր թաղի վարսավիրանոցում կամ սրճարանում աշխատելով՝ վաստակել եմ փոքրիկ գումարներ ու այդ ամենը ներդրել օտարների ձեռքից հայկական գրքերը «փրկելու» առաքելությանը:

Այս ամենին զուգահեռ, ունեմ մեկ այլ նախասիրությանուն ևս: Այժմ սկսել եմ ստեղծել հայկական գրականությանը նվիրված մեծածավալ պաստառներ: Սիրում եմ մեր գրական գլուխգործոցներն արվեստով պատրաստված մեկ թղթի վրա տեսնել, որպեսզի հանկարծ չկորցնեմ դրանք: Ուստի, դասարանում ունենք Վարուժանի «Հարճը» և Խաչիկ Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը»: Ունենք նաև «ուղի», «նավ» և «ախտ» բառերով սկսվող կամ վերջացող բառերի պաստառներ: Մոտ օրերս կունենա՛նք Թումանյանի «Քառյակները», Շնորհալու «Հանելուկները», «Ողբ Եդեսիոն», Քուչակի «Հայրենները» և այլ գործեր:

Իսկ ամռան ամիսներին, որպես ուղեկցորդ, Հայաստան և Արցախ խմբեր եմ բերում: Ճանաչողական այս պտույտները հայկական գեղարվեստի, ճարտարապետության պատմության, պոեզիայի և հոգևոր երգարվեստի ուղղություններ ունեն: Այցելության ամեն վայրի համար՝ վանք, տուն-թանգարան, թանգարան, պատկերասրահ, պատրաստել եմ փոքրիկ դասախոսություններ, երգ, շարական և ասմունք:

Զրույցի վերջում ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել ձեր և պետության ուշադրության համար: Ես պատկանում եմ լավատեսների այն խմբին, որը հավատում է, որ մտել ենք «Հայկական դարաշրջան»: Այս համոզմունքով պետք է համառորեն աշխատել և սերունդներ պատրաստել:

Լուսինե Աբրահամյան

Հ.Գ. «Հայո´ց լեզու, դու մեր անկողոպտելի գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր բերդերն ու քաղաքները, ավար եղան մեր ինչքն ու գույքը, բայց Դո´ւ մնացիր միայն կանգուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուրդը, բայց Դո´ւ ծիրանիով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջախջախեց նրա սրունքը, դու թևեր տվիր նրան` ժողովրդին»: Որպես վերջաբան մեջբերելով Նալբանդյանի խոսքերը՝ մնում է միայն հավելել, որ թևեր են տալիս նաև բոլոր այն մարդիկ (ծնող, ուսուցիչ կամ հեռավոր մի ազգական), որոնք տանը, ավազի վրա կամ գրատախտակին մեզ սովորեցնում են խոսել, գրել հայերեն ու հպարտանալ մեր Մայրենիով, որը մեր ինքնության, լինելիության ու տեսակի պահպանման փրկօղակն է՝ հատկապես Սփյուռքում:

Scroll Up