«Մշտական վերադարձս Հայաստան՝ շատ մոտ է». Ամալյա Ակոպովա
Հայրենիքում կատարած ամեն մի ներդրում հայրենասիրական խոսուն քայլ է, որով Հայաստանում ստեղծվում են աշխատատեղեր, ինչ-որ չափով զարգանում է այս կամ այն ոլորտը, և շահույթ է ունենում նաև ինքը՝ ներդրողը: Այդպիսի նախաձեռնություններից մեկի հեղինակը երիտասարդ հայուհի Ամալյա Ակոպովան է, ում հետ «Հայերն այսօր»-ի համար ծավալված զրույցի ընթացքում ինձ զարմացրեց և հիացրեց Ամալյայի ակտիվ, գաղափարապես շատ հասուն, ինքնատիպ, եռանդուն գործելակերպը, որից էլ ծագեցին հաջորդող հարցադրումներս:
-Ամալյա՛, որտե՞ղ եք բնակվում և աշխատում այս օրերին:
-Ես աշխատում և ապրում եմ և՛ Երևանում, և՛ Մոսկվայում. Երևանում «Վարդանուշ տատիկ» զբոսաշրջային օպերատորի, ընկերության հիմնադիրն եմ, նաև՝ արդեն 9-ը տարի որպես գլխավոր խմբագիր եմ աշխատում Մոսկվայի հեռուստատեսությունում՝ առաջին ալիքում, ստեղծագործական գծով պրոդյուսեր եմ: Մասնագիտությամբ լեզվաբան եմ, մասնագիտացել եմ գերմաներենի և անգլերենի գծով, սակայն բուհն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի եմ անցել հեռուստատեսությունում. իհարկե՛, լեզուների իմացությունն ինձ այնտեղ անպայման օգնել է, առավել ևս՝ օգնում է զբոսաշրջային ընկերության աշխատանքում:
-Ամալյա՛, իսկ ինչու՞ այդպիսի անվանում՝ «Վարդանուշ տատիկ». հարազատի՞ անուն է…
-Ես այդպես եմ անվանել ընկերությունն իմ տատիկներից մեկի պատվին, բացի այդ՝ Երևանում գրեթե բոլոր զբոսաշրջային ընկերությունները Travel-ով են սկսվում, ես ցանկացա, որ իմ ընկերության անվանումը տարբերվի:
-Ո՞րն է զբոսաշրջային աշխատանքում Ձեր գերնպատակը:
-Ես ուզում եմ այնպես անել, որ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան եկող զբոսաշրջիկների համար այդ ուղևորությունն ամենից առաջ վերածվի տոնի: Իմ նպատակն է ձևավորել մեր երկրի զբոսաշրջության յուրահատուկ դիմագիծը: Այժմ ես աշխատում եմ հե՛նց այդ ուղղությամբ: Նույնիսկ Ռուսաստանում, որտեղ մեզ շատ լավ ճանաչում են, Հայաստանը շատ լավ ներկայացված չէ, եթե փողոցում մի պատահական, սովորական անցորդի կանգնեցնես ու հարցնես արդյոք ի՞նչ է մտածում, ի՞նչ գիտի Հայաստանի մասին, նա կպատասխանի այն, ինչը 70 տոկոսով չի համընկնում մեր երկրի հետ. ցավալի է, սակայն նրանցից շատերը կարծում են, թե Հայաստանը մահմեդական երկիր է: Դա նշանակում է, որ մենք մեր երկիրը լավ չենք ներկայացնում: Մենք պարտավոր ենք մեր մշակույթը հասցնել, լավ ներկայացնել մարդկանց, ու եթե մարդիկ չեն ճանաչում մեզ, նշանակում է, որ մենք լավ չենք ներկայացնում հային ու Հայաստանը: Դրա ճանապարհներից մեկն էլ զբոսաշրջային հետաքրքիր, գրավիչ ծրագրերի կազմակերպումն է: Մեր ընկերությունում այս պահին աշխատում է մոտ 5 մարդ, սա նոր սկսվող բիզնես է, և առաջին զբոսաշրջային ընկերությունն է, որը որոշել է Հայաստանի բոլոր շրջաններում զբոսաշրջիկներին տեղավորել ոչ թե հյուրանոցային համարներում, այլ՝ մասնավոր տներում:
-Ամալյա՛, հաջողությունը ժպտու՞մ է Ձեզ:
-Փա՛ռք Աստծո, առայժմ՝այո՛:
-ՀՀ սփյուռքի նախարարության հետ ե՞րբ եք բարեկամացել:
-Քանի որ ես պոտենցիալ հայրենադարձ եմ, եթե, իհարկե, արդեն հայրենադարձ չեմ կոչվում, ապա հայրենադարձությանը շատ մոտ եմ կանգնած, մշտական վերադարձս Հայաստան ՝ շատ մոտ է: Ես ծանոթացել եմ «Վերադարձ Հայաստան» կազմակերպության նախագահ Վարդան Մարաշլյանի հետ, նա շատ դրական փոփոխությունների առումով ոգևորեց: Մենք իրականացնում ենք մշակութային ծրագրեր. «Վերադարձ Հայաստան»-ի շրջանակներում ամիսը մեկ անգամ միջոցառումներ ենք իրականացնում հայրենադարձվածների ռեստորաններում. սկսել ենք «Լեբանոն» ռեստորանից, հետո՝ «Մանդալուն», հաջորդ ռեստորանը՝«Նոր գյուղ»-ն է, ուր պետք է փետրվարի կեսերին կազմակերպենք միջոցառում-հանդիպում, Մոսկվայից 13 տարի հայրենադարձված հայորդու է պատկանում: Ինձ համար շատ կարևոր է սատարել այս մարդկանց և ոչ միայն սատարել, այլև ցույց տալ Հայրենիք վերադարձածների հաջողությունները: Որևէ ռեստորանում խոհարարական վարպետության դասեր ցուցադրելուն, համեղ կերակրատեսակներ, խորտիկներ պատրաստելուն և մատուցելուն զուգահեռ՝ այդ հայրենարձները նաև պատմում են իրենց հայրենադարձվելու պատմությունը, Հայրենիքում հաստատվելու և նոր պայմաններին հարմարվելու մասին, թե ինչու և երբ են հաստատվել Հայաստանում: Այդ ընթացքում հյուրերը կարող են հարցեր տալ:
-Ովքե՞ր են Ձեր ծավալած գործունեության հովանավորները, ո՞վ է Ձեզ ֆինանսապես օգնում:
-Ես արդեն ասացի, որ աշխատում եմ Մոսկվայում, որպեսզի ներդրում անեմ իմ սեփական բիզնես համար: Հայաստանում ես երբեք որևէ մեկին օգնության համար չեմ դիմել: Կարծում եմ ՝ դա նորմալ է յուրաքանչյուր մասնավոր անձի համար, ով իր սեփական գործն է ստեղծում և ցանկանում է ներդրում անել իր Հայրենիքում:
-Շնորհակալությու՛ն, Ամալյա, կսպասենք Ձեր նախընտրած ոլորտի նոր հաջողություններին:
Կարինե Ավագյան