«Ամենամեծ հարստությունն ինձ համար երեխայիս Հայրենիք տալն է». Մագի (Մարգարիտ) Բոշնակյան-Ջորջյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/08/մեգի44.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարությունում Ֆրանսիայի հրաշագեղ Նիցցա քաղաքից հյուրընկալված «Melting Dance» պարի դպրոցի հիմնադիր-ղեկավար Մարգարիտ (Մագի) Բոշնակյան-Ջորջյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը. ստորև մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցազրույցը:
-Մարգարի՛տ, թույլ տվեք Ձեզ այսպես դիմել՝ հայկական լիարժեք ու գեղեցիկ անունով. ինչպե՞ս եք հայտնվել հեռավոր Ֆրանսիայի միջերկրածովյան Նիցցա քաղաքում:
-Ես ծնվել եմ Ստամբուլում: 5 տարեկան եմ եղել, երբ ընտանիքով տեղափոխվել ենք Ֆրանսիա:
-Դուք հրաշալի խոսում եք արևմտահայերենով, պահպանել եք լեզուն, չեք մոռացել մայրենին. ասացեք, խնդրեմ, թե ում եք պարտական դրա համար:
-Մո՛րս. նա՛ է մեր ընտանիքում պահել ու պահպանել հայոց լեզուն: Հայ օջախներում լեզուն պահողները հիմնականում հայ մայրերն են, շնորհակալ եմ մայրիկիս: Հաճախել եմ ֆրանսիական դպրոց և շատ արագ սովորել եմ ֆրանսերեն լեզուն:
-Կարոտու՞մ եք Ձեր ծննդավայրը:
-Անկեղծորեն պետք է ասեմ, որ չեմ կարոտում, ուղղակի երբեմն հիշում եմ այն: Պատճառներից մեկն այն է, որ շատ փոքր եմ եղել, երբ տեղափոխվել ենք Ֆրանսիա և իմ ծննդավայրից գրեթե ոչինչ չեմ հիշում, մյուս պատճառն էլ այն է, որ թուրքը մնում է թուրք: Մեծ մայրս, շատ ափսոս, Թուրքիայում մահացավ, բնականաբար, գնացինք, ու ես հասկացա, որ այնտեղ մի տեսակ ճնշվում եմ: Ծննդավայր գնալու ուրիշ առիթ չի եղել:
-Ֆրանսիայում դպրոց հաճախելու տարիներին ֆրանսիացի երեխաները տարբերությու՞ն դրել են իրենց և Ձեր միջև. այդ առումով խորթություն զգացե՞լ եք:
-Նախ՝ ասեմ, որ տեղափոխվելուց 10 ամիս անց հայրիկս մահացավ. դա մեծ հարված էր մեր ընտանիքի համար: Ընդամենը 34-ամյա երիտասարդ մայրիկս հոգու տոկունությամբ հաղթահարեց բոլոր դժվարությունները և պահեց իր ընտանիքը՝ ինձ ու ինձանից 10 տարով մեծ եղբորս: Ես շատ լավ մանկություն եմ ունեցել: Դպրոցում, շրջապատում ես երբևէ ինձ օտար չեմ զգացել:
-Մագի՛, դպրոցն ավարտելուց հետո որտե՞ղ շարունակեցիք Ձեր ուսումը, ի՞նչ մասնագիտություն ձեռք բերեցիք:
-Դպրոցն ավարտելուց հետո հաշվապահություն և ոճաբանություն սովորեցի. հմուտ էի այդ գործերում, սակայն իմ աշխարհը պարն էր, ու ես պարի դպրոց բացեցի: Ես Նիցցայում բալետի եմ հաճախել: Շատ երիտասարդ հասակում պարել եմ մեր «Նաիրի» պարային խմբում: Երբ Հայաստան եկա, սովորեցի Սոֆի Դևոյանի, Սուրեն Չանչուրյանի մոտ, Հայաստանում էլ ստացա իմ դիպլոմը: 2007-ին բացեցի իմ պարի դպրոցը, որտեղ սովորեցնում ենք ամեն տեսակի պարեր, հայկական պարերը ես եմ սովորեցնում: Ես պարել եմ մեր «Նաիրի» պարախմբում, որը նախկինում կոչվում էր Մշակութային պարախումբ: Բացի իմ պարի դպրոցից՝ աշխատում եմ նաև «Նաիրի» պարախմբում՝ դասավանդելով խորեոգրաֆիա: Փափագում եմ, որ մեր պարախումբը լինի Հայաստանում. հուսանք, որ «Նաիրի» համահայկական փառատոնին կհասցնենք պատրաստվել ու մասնակցել:
-Ինչպե՞ս եք լուծում պարախմբի տարազների ընտրության, դրանք հայթայթելու շատ կարևոր ու նուրբ հարցը. ու՞մ հետ եք խորհրդակցում տարազների պատրաստման, դրանց՝ Պատմական Հայաստանի բոլոր գավառներին բնորոշ բոլոր դետալների Ճիշտ ընտրության հարցում:
-Օգտվում ենք եղած գրքերից, ուսումնասիրում մանրամասնությամբ. ես նկարել եմ այդ բոլոր դետալները: Եթե հնարավոր է լինում, տարազներ ենք գնում այստեղից: Դրանք կարելու հարցում ինձ շատ է օգնում մայրիկս՝ վաստակաշատ մանկավարժ Հռիփսիմե Բոշնակյանը, ում Նիցցայի քաղաքապետը մանկավարժական երկարամյա և հասարակական ակտիվ գործունեության համար պարգևատրել է ոսկե մեդալով: Մենք աշխատում ենք հնարավորինս մոտ լինել մեր պատմական տարազներին: Դրանք հայթայթելու գործում նյութապես աջակցում են պարախմբի անդամների ծնողները:
-Հայրենիքում գործնակա՞ն այցով եք…
-Եկել եմ ՝ կարոտի թևերով, ինձ հետ են նաև ամուսինս ու 3-ամյա երեխաս: Ես 3-րդ անգամ եմ Հայաստանում, ամուսինս՝ առաջին անգամ: Ցանկանում եմ, որ իմ բալիկը կապվի Հայաստանին, որ իր ապագան կառուցի մեր Հայրենիքում: Ամենամեծ հարստությունը երեխայիդ Հայրենիք տալն է: Շատ տեսարժան վայրեր ենք այցելել, եղել ենք Հաղթանակի զբոսայգում և Մոնումենտ անվանվող բարձունքից դիտել Երևանի գեղեցիկ համայնապատկերը: Գնացել ենք Սևան, Օշական, Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Ջերմուկ…Ուր որ եղանք, Հայրենիք է:
-ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ինչ ես անում Արցախի համար» համահայկական շարժումը ծանո՞թ է Ձեզ:
-Այո՛, ծանոթ է, ավելին՝ մենք այդ շարժման ակտիվ մասնակիցներից ենք: Նիցցայի հայ մշակույթի տունը նույնպես աջակցություն է ցուցաբերել Ղարաբաղին. Ապրիլյան քառօրյայում զոհված 6 զինվորների ընտանիքների աջակցել ենք նյութապես, բժշկական պարագաներ (վիրակապեր) ենք տրամադրել զինվորներին: Բախտ չի վիճակվել Արցախում լինել. հուսամ, որ հաջորդ այցիս կկարողանամ այցելել Արցախ: Հիմա մտածում ենք, թե հաջորդ օգնությունն ինչ տեսքով ուղարկենք:
-Ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը, Մարգարի՛տ:
-Ամեն ինչ՝ ապահովություն, սեր, լույս, ապագա:
Զրուցեց Կարինե Ավագյանը