Լորի Յունիսես. «Հայրենիքում հաղթահարելի է ցանկացած վախ…»
ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի ընթացքում տեղի են ունենում շատ զվարճալի դեպքեր, որոնց կենտրոնում գտնվում են հենց ծրագրի մասնակիցները: Այդպիսի մի դեպքի հերոս է 3-րդ փուլի մասնակից Լորի Յունիսեսը, ով ժամանել է Հայաստան Լիբանանից: Լորիի հետ առիթ ունեցա ծանոթանալու ծրագրի շրջանակներում, երբ դիմավորում էի նրան օդանավակայանում: Առաջին հայացքից աչքի էր ընկնում նրա բարի ժպիտը: Ամբողջ ճանապարհին Լորին հիանում էր գիշերային լուսավոր Երևանով: Զրույցի ժամանակ Լորին պատմեց իր մասին:
-16 տարեկան եմ, ապրում եմ Լիբանանի Բեյրութ քաղաքում, ծնողներս երկուսն էլ հայ են, մայրս Հայաստանի և հայ կրոնի պատմության ուսուցչուհի է, հայրս՝ ծրագրավորող: Հաճախում եմ Բեյրութի Հայ Ավետարանական քոլեջ, արդեն 10 տարի է ջութակ եմ նվագում: Ես տիրապետում եմ անգլերեն, արաբերեն և ֆրանսերեն լեզուներին, բայց տանը մենք միայն հայերեն ենք խոսում: Միշտ երազել եմ այցելել իմ հայրենիք, արդեն քանի տարի է ցանկանում էի մասնակցել «Արի տուն» ծրագրին, բայց միայն այս տարի հաջողվեց:
Երբ հասանք հյուրընկալ ընտանիքի բնակարան, Դավիթաշեն համայնքի «Արի տուն» ծրագրի համակարգող Տիգրան Գալստյանը, որպես աղջկան ուրախացնելու փաստ, տեղեկացրեց, որ տանը երկու փոքրիկ շնիկներ կան: Լուրը լսելուն պես Լորին հայտնվեց տան դարպասների հետևում՝ հայտնելով, որ չի մտնելու ներս: Տան շեմին կանգնած հյուրընկալ տան տիկինը՝ իրանահայ Արլետ Ավագյանը, փորձում էր համոզել աղջկան, որ շնիկները չեն կծում, բայց շնիկների ամեն մի ձայնից Լորին ավելի էր վախենում: Տան տիկնոջ հետ միասին բռնեցինք շնիկներին, իսկ Լորին արագ մտավ ներս: Մենք փակեցինք նրանց շքամուտքի դռան հետևում և առաջ անցանք: Մի րոպե անց դուռը բացվեց, և շնիկների ներս մտնելն ու Լորիի բարձր բղավոցը մեկ եղավ: Բազմոցի շուրջ սկսվեց շուրջպար. Շնիկներից մեկը վազում էր Լորիի հետևից, ես շնիկի հետևից, տան տիկինը իմ հետևից, իսկ պարոն Գալստյանը՝ մյուս շնիկի, ու բոլորս բղավում էինք: Ի վերջո մեզ հաջողվեց մյուս սենյակ տեղափոխել շնիկներին, իսկ աստիճանների վերևում հայտնված Լորին վախից չէր իջնում: Քիչ անց ամեն ինչ հանդարտվեց, և մենք հեռացանք: Հաջորդ օրը պարոն Գալստյանը, աղջկան իր տուն տեղափոխելու նպատակով, այցելում է հյուրընկալ ընտանիք: Ներս մտնելուն պես նա տեսնում է Լորիին բազմոցին նստած՝ շնիկը գրկին, և աղջիկն իր բարի ժպիտով բացատրում է, որ հայրենիքում լինելն օգնեց նրան հաղթահարել վախը:
Ծրագրի 3-րդ փուլի բացմանը կրկին հանդիպեցի Լորիին, և նա կիսվեց իր տպավորություններով:
-Շատ սիրեցի Երևանը, այն շատ գեղեցիկ է գիշերով: Մեկ օրվա մեջ հասցրել եմ շրջել քաղաքով և շատ հավանել եմ հատկապես հրապարակի երգող շատրվանները: Այնքան լավ եմ ինձ զգում, երբ շուրջբոլորը խոսում են հայերեն:
-Ինչպես ես քեզ զգում հյուրընկալ ընտանիքում:
-Հիանալի, նրանք շատ ջերմ են իմ հանդեպ, նրանց կողքին հանգիստ եմ ինձ զգում: Տիկին Ավագյանը իր տանը հյուրընկալել է նաև ծրագրի մեկ այլ մասնակցի՝ Շանթին, ում հետ մենք շատ շուտ մտերմացանք:
-Լսել եմ մտերմացել ես շնիկների հետ, այդ ինչպե՞ս ստացվեց:
-Այո, ես նրանց սիրեցի: Առավոտյան երբ նախաճաշում էինք, վախից աչքերով փնտրում էի նրանց: Հանկարծ զգացի, որ մի շնիկը ոտքիս տակ է եկել, ու երբ սկսեց խաղալ ինձ հետ, վախս անմիջապես կորավ: Քիչ անց ես մոտեցա նրանց, սկզբում զգուշորեն շոյեցի, իսկ հետո վախը լիովին կորավ, ու հաջորդ օրն անցավ նրանց անընդհատ գրկելու ցանկությունը սրտումս: Կարծում եմ հայրենիքում ամեն տեսակ վախերը կորչում են:
-Հպա՞րտ ես, որ հայ ես:
-Անչափ: Ես հպարտ եմ, որ Հայաստանի մի մասնիկն եմ: Այստեղ է իմ տունը: Շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությանը ինձ նման հնարավորություն ընձեռելու համար:
Պատրաստեց Մարիաննա Անանյանը