Սփյուռքի նախարարությունում տեղիունեցավ ՀՄԸՄ-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշի մարում և գիտաժողով
Հուլիսի 26-ին Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՀՄԸՄ-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշի մարում և գիտաժողով:
Նամականիշի մարման արարողությանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
ՀՄԸՄ-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Շնորհավորելով ՀՄԸՄ 100-ամյակի առթիվ՝ փոխնախարարը մասնավորապես նշեց. «ՀՄԸՄ-ն իր ստեղծման օրվանից մշտապես իրականացրել է տարբեր ազգապահպան ծրագրեր՝ սերունդներին դաստիարակելով հայրենասիրական և մարդասիրական արժեքներով: Ինձ համար, որպես նախկին հոմենեթմենական, և նախկին հոմենեթմենականների զավակ, անչափ ոգևորիչ են այս հոբելյանի առիթով տեղի ունեցող տոնախմբությունները: Պատիվ ունենալով մասնակցել ՀՄԸՄ 100-ամյակին նվիրված ձեռնարկներին՝ հերթական անգամ վերապրեցի այն զգացմունքները, որ երբևէ ունեցել եմ սկաուտական շարքերում եղած ժամանակ: Համոզված եմ, որ հայրենիքում համախմբված ՀՄԸՄ-ի մեծ ընտանիքի անդամները դրական մեծ լիցքեր կստանան և նոր ուժով, նույն եռանդով կշարունակեն իրենց առաքելությունը: Վստահեցնում եմ, որ Սփյուռքի նախարարությունը պատրաստակամ է մշտապես աջակցելու ՀՄԸՄ-ի ծրագրերին, որը կհանգեցնի որակական նոր մակարդակի համագործակցության: Մենք այսօր նոր սկիզբ ենք դնում Հայաստան-Սփյուռք կապերի մեջ՝ նոր ձևաչափով գործելով նոր Հայաստանում, և ուրեմն, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ՀՄԸՄ-ի 100-ամյակի առթիվ և գիտաժողովի աշխատանքներին մաղթում եմ արդյունավետ ընթացք»:
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ Իշխան Եղայանը: «ՀՄԸՄ 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքում այս գիտաժողովը աննախընթաց կարևորություն ունի՝ հայակերտման ու հայապահպանության կառույցի գործունեության ուսումնասիրության, արժևորման, գնահատման առումով», – նշեց նա:
«ՀՄԸՄ կազմավորումը, առաջին քայլերն ու գործունեությունը» թեմայով զեկուցումով հանդես եկավ ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը՝ ներկայացնելով կազմակերպության ստեղծման ու կայացման պատմությունը:
ՀՄԸՄ կենտրոնական վարչության նախկին ատենադպիր Հարութ Չեքիջյանի «Մայր Հայրենիք վերադարձն ու գործունեությունը (1918-1921)» թեմայով զեկուցումը վերաբերում էր ՀՄԸՄ հետագա զարգացման ընթացքին:
«ՀՄԸՄ-ն իբրև Սփյուռքում հայապահպանության ջահակիր, և համասփյուռքյան կառույցի ստեղծումը» թեմայով զեկույցը ներկայացրեց Տիգրան Ջինբաշյանը:
«Վերընձյուղում Հայրենիքում և գործունեությունը 1989-ից մինչև մեր օրերը» թեմայով զեկուցեց Գեղամ Մանուկյանը՝ ներկայացնելով վերջին տասնամյակներում կազմակերպության գործունեության վերսկսումը Հայաստանում:
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Շավարշ Քրիսյանը: