Երևանում ելույթ ունեցավ Նյու Ջերսիի «Նաիրի» պարախումբը
Հուլիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ և Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Համազգայինի Նյու Ջերսիի մասնաճյուղի «Նաիրի» պարախմբի մենահամերգը՝ միության 90 և Նյու Ջերսիի մասնաճյուղի հիմնադրման 50-ամյա հոբելյանների շրջանակներում:
Միջոցառման բացմանը Սփյուռքի նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանը փոխանցեց նախարար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես ասվում էր. «Ողջունում եմ բոլորիս «Համազգային» հայ կրթական մշակութային միության Նյու Ջերսի մասնաճյուղի հիմնադրման 50-ամյակի առիթով: Հիրավի, տարիների հարատև երթում, շերտ-շերտ դասվում են Համազգայինի կերտած պատմության էջերը, որոնք զուգահեռվում են մեր երկրի` Հայոց պետության մշակութային կյանքի հետ: Համազգայինն իր նպաստն է բերում Հայրենիք-Սփյուռք կապերի սերտացմանը՝ նոր որակներ ու երանգներ հաղորդելով ներկայումս իրագործվող ազգային մշակութային քաղաքականությանը: Համաշխարհայնացման մեր օրերում, մշակութային կառույցի շուրջ 40 ժրաջան անդամներ իրենց նախորդների ավանդույթները պահպանելով՝ ջանք չեն խնայում նոր սերնդի հոգիներում է՛լ ավելի խորացնելու և սերմանելու հայկականությունն ու հայ լինելու արժանապատվության գիտակցումը»:
Սփյուռքի նախարարն ընդգծել էր նաև, որ Համազգային ընտանիքի առաքելությանը հավատարիմ՝ Նյու Ջերսիի մասնաճյուղը մշտապես կարևորել է մայրենիի իմացության սերմանումը, հայկական մշակութային կյանքի աշխուժացման խթանումը՝ համարելով այս գործոնները անառիկ սյուներ հայակերտման ճանապարհին:
Նյու Ջերսիի Համազգային հայ կրթական և մշակութային միության 2004 թվականից գործող «Նաիրի» պարախումբը ներկայացավ նոր բեմադրություններով և կատարումներով: Պարախմբի գեղարվեստական ղեկավարն է Գարիկ Խաչիկյանը, պարուսույցը՝ Հալեպի Համազգային հայ կրթական և մշակութային միության «Սարդարապատ» պարախմբի մենակատար Պարգև Սանոսյանը:
Համերգային ծրագրի ընթացքում ելույթներով հանդես եկան նաև ժողովրդական երգիչներ Հայկ Եսայանը և Եվա Եգանյանը:
Հաշվի առնելով Ամերիկայի Արևելյան ափի Նյու Ջերսի մասնաճյուղի վիթխարի դերակատարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում՝ կառույցի հիմնադրման կեսդարյա հոբելյանի առիթով նրանց շնորհվեցՍփյուռքի նախարարության պատվոգիր: