Մեկնարկել է Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովը

Մայիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում մեկնարկեց Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովը:

Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գիրիգորյանը ներկաներին փոխանցեց նախարար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես ասվում էր. «Սիրով ողջունում եմ ձեզ նոր Հայաստանում և հայտնում եմ իմ խորին երախտիքը ձեր ներկայության և այն աջակցության, այն խանդավառության ու զորակցության համար, որ դուք ցուցաբերեցիք թավշյա հեղափոխության կայացման և սփյուռքյան լրատվամիջոցներում նրա ողջ ընթացքն ու փիլիսոփայությունը պատշաճ ներկայացնելու, լուսաբանելու գործում: Խորհրդանշական էր, որ հենց Հայոց պետականության վերակերտման 100-րդ տարեդարձի նախօրեին   սկիզբ առած խաղաղ անհնազանդության շարժումը համազգային դրսևորում ստացավ: Սփյուռքը թև ու թիկունք դարձավ սիրո ու համերաշխության հեղափոխությանը, որը  հաղթեց ողջ հայ ժողովրդի միասնական կամքով՝ սկզբնավորելով ազգային զարթոնքի, Հայոց պետականության ամրապնդման, երկրի իմիջը բարձրացնելու նոր փուլ»:

Նախարարն իր խոսքում վստահություն էր հայտնել, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ևս հեղափոխություն կիրականանա՝ նոր մտածողությամբ, նոր ոճով, սիրո ու անկեղծության վրա հիմնաված հարաբերությունների զարգացման նոր տրամաբանությամբ:

«Այս ընթացքն անշրջելի է, մենք միասին ենք կառուցելու իսկապես արդար, իսկապես ազատ և իակապես զարգացող Հայրենիք: Վստահ եմ, որ այս համաժողովը կդառնա վերաարժևորման, մեր խնդիրները անկեղծ ու կառուցողական մթնոլորտում քննարկելու, լուծումներ գտնելու բացառիկ հարթակ: Եվ, ի վերջո կձևավորվի առողջ ու կենսունակ համահայկական տեղեկատվական դաշտը»,-ասվում էր Սփյուռքի նախարարի խոսքում:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության փոխնախագահ Գայանե Առաքելյանը, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը:

Այնուհետև համաժողովն իր աշխատանքերը շարունակեց 4 նիստերով:

Համաժողովի բացմանը մասնակցում էին մոտ 70 լրագրողներ Սփյուռքից, նաև Հայաստանի և Արցախի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Համաժողովը կընթանա նաև մայիսի 31-ին և հունիսի մեկին:

Scroll Up