«Զգացի՝ կարծես մայրս ինձ գրկեց». սփյուռքահայ պատանիները Հայաստանում են
Հուլիսի 2-ին Սփյուռքի նախարարությունում մեկնարկեց «Արի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի անցումային փուլը, որին մասնակցում են 61 պատանի Ռուսաստանից, Ուկրաինայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Չեխիայից, Սլովակիայից, Գերմանիայից, Կիպրոսից, Իրաքից և ԱՄՆ-ից:
Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը նրանց բարի գալուստ ու բարի վերադարձ մաղթեց և հույս հայտնեց, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կհասցնեն ճանաչել իրար, մտերմանալ: «Դուք եկել եք նոր Հայաստան, որտեղ երկրի տերը հասարակ քաղաքացին է: Շատ բան է փոխվել շնորհիվ թավշյա հեղափոխության, որն իրականացվեց նաև Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությամբ: Սա հայ մարդու հաղթանակն էր: Սակայն այն դեռ ավարտված չէ, որովհետև մեր անձի, անհատի, մտածելակերպի, արժեհամակարգի մեջ ևս պիտի փոփոխություններ լինեն:
Դուք այս օրերի ընթացքում կբարելավեք հայերենի ձեր իմացությունը, կայցելեք Հայաստանի պատմամշակութային վայրեր, սակայն ես ձեզ պիտի խնդրեմ, որ շատ շփվեք հասարակ մարդկանց հետ, ճանաչեք ձեր հայրենիքը նաև իր բնակիչներով»,-նշեց Մխիթար Հայրապետյանը:
Նախարարն ընդգծեց, որ համայն հայության նորարար, ստեղծագործ միտքը, ներուժը պետք է ծառայի ի նպաստ Հայաստանի, ի բարօրություն հայ մարդու: «Միասնական և ամեն մի հայի նկատմամբ հոգատար լինելով՝ մենք կարող են լուծել յուրաքանչյուր խնդիր: Այսօր պետությունն իր առջև նպատակ է դրել առավել ամրապնդել, սերտացնել կապը Սփյուռքի հետ, և մեր գերխնդիրն է՝ այնպիսի երկիր ստեղծել, որ բոլոր ցանկացողները կարողանան վերադառնալ»,-շեշտեց Սփյուռքի նախարարը:
Իրաքահայ Ռիտա Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար և նշեց, որ երկու օր է, ինչ Հայաստանում է, սակայն արդեն գտել է իր հանգստությունը: «Զգացի՝ կարծես մայրս ինձ գրկեց»,-ասաց Ռիտան:
Ծրագիրը կտևի մինչ հուլիսի 14-ը, որի ընթացքում մասնակիցները կլինեն Հայաստանի պատմամշակութային վայրերում, թանգարաններում, այցլելություն կկատարեն զորամաս, շախմատի մրցախաղ կունենան Սփյուռքի նախարարի հետ, կհանդիպեն մշակույթի գործիչներին: