«Արի տուն-2013» ծրագրի առաջին խարույկն Աղավնաձորում
Հունիսի 28-ին Աղավնաձորում տեղի ունեցավ «Արի տուն-2013» ծրագրի առաջին փուլի փակման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան Արա Գևորգյանը, գրող, հասարակական, քաղաքական գործիչ Լիլիթ Գալստանը:
Արիտունցիները ներկաներին ողջունեցին գեղեցիկ ասմունքով, երգով ու պարով, իսկ թիֆլիսահայ Մարինա Շախտինարովայի կատարմամբ «Կռունկ» երգը զարմացրեց ու անչափ հուզեց ներկաներին:
Արիտունցիներին հայրենասիրական երգերով ոգևորեցին «Հայկազունք» խմբի երգիչները, որոնց երգին ու պարին միացան նաև ծրագրի մասնակիցներն ու հյուրերը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց «արի տուն» կանչով հայրենիք եկած մասնակիցներին և հույս հայտնեց, որ նրանք կդառնան յուօրինակ կենդանի կամուրջ Հայաստանի և Սփյուռքի միջև. «Կարծում եմ, որ այս օրերին դուք շատ բան տեսաք ու սովորեցիք: Հույս ունեմ, որ հայրենիքի սերն ու ջերմությունը կտանեք Ձեր համայնքներ և կոգևորեք, կբոցավառեք, ուժ կտաք համայնքում ապրող հայ երիտասարդներին, որ նրանք էլ գան հայրենիք, մասնակցեն ծրագրին, Ձեզ պես ոգևորվեն ու շարունակեն հայ մնալ ու սիրել Հայաստանը»:
Երեկոն ավարտվեց ավանդական հրաժեշտի խարույկի մոտ, որի շուրջ մինչև ուշ երեկո պարում, երգում էին ծրագրի մասնակիցները, ովքերն մեկ օր հետո հրաժեշտ էին տալու հայրենիքին:
«Արի տուն» ծրագրի 2013թ առաջին փուլին մասնակցեց շուրջ 90 երիտասարդ աշխարհի 10 երկրից: