«Անհամբեր սպասում եմ, թե երբ ենք Սևանա լիճ այցելելու». «Արի տուն-2016» ծրագրի մասնակից

14-ամյա Ֆրունզիկ Այվազյանն ապրում է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում: Հայաստանն առաջին անգամ 8 տարեկանում է տեսել, երբ  տատիկին այցելելու էր եկել: «Արի տուն»  ծրագրի մասին  ազգականից՝ ՀՀ սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանից է իմացել, ում հորդորով էլ մասնակցում է ծրագրին:

«Հայերն այսօրի» հետ զրույցում Ֆրունզիկ Այվազյանն ասաց, որ հեռավոր Ամերիկայում ծնողներն ամեն ջանք գործադրում են՝ իրեն և քրոջը հայեցի դաստիարակություն տալու համար, ինչն էլ օգնում է գիտակցության մեջ վառ պահել Հայաստանն ու հայրենասիրությունը: Ֆրունզիկը հուսով է՝ լավ ժամանակ է անցկացելու Հայաստանում, անմոռանալի պահեր է ապրելու ճամբարային օրերին, որոնցից ստացած տպավորություներով «զինված»՝ հեռանալու է Լոս Անջելես:

«Շատ եմ ուզում նոր ընկերներ ձեռք բերել, որոնց հետ հետագայում կկարողանամ ընկերական շփումը շարունակել: Ցանկանում եմ ավելի մոտիկից բացահայտել Հայաստանի տեսարժան, պատմամշակութային վայրերը:

Ինձ համար անչափ կարևոր է նաև այն, որ ծրագրի շրջանակներում հայերենի դասընթացների եմ մասնակցելու: Կկարողանամ բարելավել ոչ միայն հայոց լեզվի գիտելիքների իմացությունս, այլև նոր տեղեկություններ կտանամ հայ բանաստեղծների և մյուս մեծերի կյանքից»,-ասաց Ֆրունզիկը և հավելեց, որ անհամբեր սպասում է, թե երբ են Սևանա լիճ այցելելու, որպեսզի լողա կապուտակ ջրերում և բարձրանա թերակղզի՝ մոմ վառելու Սևանավանքում:

Գևորգ Չիչյան

Scroll Up