Միայն միասնությունն է ծնում հաղթանակներ

Մայիսի 28-ով ասես եզրափակվում են մայիսյան հաղթատոները՝ սկսած Հայրենական մեծ պատերազմի ավարտին Ռայխստագի պատերի տակ հայկական ավանդական «Քոչարի»-ի հաղթական, հուժկու միասնության պարից, Շուշիի կենսատու և վճռորոշ ազատագրմամբ ղարաբաղյան պատերազմի հաղթական ավարտով, մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտի դարերի խորքից եկող մարտիրոսված հայրենասերների՝ հանուն արդարության ու ազատության բարոյական կենաց ու մահու պայքարով, Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի մարտերի փայլուն հաղթանակներով:

Եվ հայ ժողովրդի բոլոր այս հաղթանակները կայացել են միասնության, համախմբվելու շնորհիվ, հավաքական ուժի և հավատի, Հայրենիքը զավթիչներից ազատելու, հող հայրենին չկորցնելու նվիրվածության շնորհիվ: Հիրավի, միայն միանսությունն է ծնում հաղթանակներ: Մայիսյան հաղթանակների հաղթարշավում թերևս դժվար է տոների միջև համեմատություններ անելը, քանզի ամեն հաղթանակ իր ուրույն խորհուրդն ու ազգապահպան, հայապահպան նշանակությունն ունի, սակայն Առաջին Հանրապետության ստեղծումը նախահիքմն է բոլոր հետագա հաղթանակների:

… Բաթումի բանակցություններից մի քանի օր էր անցել, երբ թուրքական զորքերը մայիսի 15-ին հարձակվեցին Ալեքսանդրապոլի վրա: Անդրկովկասի դաշնային կառավարության որոշմամբ, ավելին՝ կարգադրությամբ, քաղաքը հանձնվեց թուրքերին: Սկսվեցին հայերի զանգվածային կոտորածները, հայերը կրկին անցան մահու և կենաց դժոխային ճանապարհով: Մեր հայրենակիցները ստիպված հեռանում էին ու բռնում գաղթի ճամփան՝ դեպի Արարատյան դաշտավայր, դեպի Թիֆլիս, իսկ մեր «դաշնակիցները» միայն բառերով էին առաջնորդվում: Ալեքսանդրապոլից հետո թուրքերը «Կարս» զորամիավորման ուժերով հարձակվեցին Տաշիրի ուղղությամբ, որպեսզի հետագայում հասնեն Թիֆլիս: Երկրորդ զորախումբը Ջաջուռով շարժվում էր դեպի Վանաձոր (Ղարաքիլիսա)՝ հետո Դիլիջանով Գյանջա հասնելու մտադրությամբ:

Երևանի վրա հարձակվում էր երկու զորախումբ: 1918թ. մայիսի 21-ին թուրքերը գրավեցին Սարդարապատ գյուղն ու կայարանը: Հայ ժողովուրդը կրկին հայտնվեց բնաջնջման սպառնալիքի տակ: «Ազատություն կամ մահ» կարգախոսով կազմակերպվեց երևանյան զորախումբը՝ գեներալ Սիլիկյանի ղեկավարությամբ: Դանիել-Բեկ Փիրումյանի ղեկավարությամբ կազմավորվեցին Սարդարապատի և Արագածի ջոկատները: Սարդարապատի ջոկատը մայիսի 22-ին ծանր գրոհով ետ վերցրեց Սարդարապատը՝ Ղամշլուի մոտ ոչնչացնելով թշնամու առաջապահ ուժերը: Թուրքերը ետ շպրտվեցին. Այս անգամ նրանք կայանեցին «Արաքս» կայարանի մոտ: Պողոս-Բեկ Փիրումյանի գլխավորությամբ զեյթունյան հեծյալ գնդի կամավորականներն իրենց հերոսական մարտերով ոգևորեցին բոլորին: Ոտքի էին ելել բոլորը՝ ժողովուրդը, հոգևոր դասը, Հայոց ազգային և ռազմական խորհուրդները. Ազգը մի բռունցք էր դարձել՝ փրկելու Հայրենիքը, ապրելու ազատության մեջ: Գեներալներ Նազարբեկյանի, Սիլիկյանի, Մանուկյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Հինգերորդ Սուրենյանցի ոգեշունչ կոչերով ժողովուրդն ու մարտիկները ելան պայքարի, բարձրացավ նրանց մարտական ոգին, կռվի ելան բոլորը՝ երիտասարդ ու ծեր, կանայք ու աղջիկներ, գյուղացիներ ու մտավորականներ, այլազգության կամավորականներ: Կենաց ու մահու այդ կռիվն առաջնորդողները՝ Արամ Մանուկյանը, Փիրումյանը, Սիլիկյանը, Դրոն, Գարեգին Նժդեհը, Նիկոլայ Ղորղանյանը, գնդապետԳամազյանը, ԳուրգենՏեր-Մովսիսյանը և այլ հայորդիներ հաղթական ճակատամարտեր տվեցին Բաշ Ապարանում, «Արաքս» կայարանում, Մաստարայում, Ներքին ու Վերին Թալինում, Ղարաքիլիսայում…

Իրար ետևից ազատագրելով նվաճված տարածքները՝ հայկական զորամիավորումներն ու ջոկատները փրկեցին հայ ժողովրդին մի նոր եղեռնից… Թեև եղան հազարավոր զոհեր՝ Ղշլաղ գյուղի մոտ զոհվեցին շատ զինվորներ, Ղարաքիլիսայի ճակատամարտի ժամանակ շրջակա բնակավայրերում տեղի ունեցավ խաղաղ ժողովրդի կոտորած, սակայն պարտվողը նենգ թշնամին էր: Փլուզվեց Անդրկովկասի դաշնությունը, 1918թ. մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը որոշեց հռչակել Հայկական Առաջին Հանրապետության անկախությունը և հիմնել Հայկական Ժողովրդական Հանրապետություն. 1918թ. օգոստոսի 1-ին բացվեց Հայաստանի խորհրդարանը, 1919թ. մայիսի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց հռչակագիր՝ Միացյալ և Անկախ Հայաստանի մասին: Պետական լեզուն ընտրվեց հայերենը, հաստատվեցին խորհրդանիշերը՝ դրոշը, զինանշանն ու օրհներգը: Այսպես ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ մեծ հայրենասերների միասնական ու գերհզոր ուժերով: Ժողովրդի անկոտրում կամքով, ազատ ու անկախ ապրելու բուռն ցանկությամբ են եղել պայմանավորված մեր ունեցած բոլոր հաղթանակներն ու նվաճումները:

 

Կարինե Ավագյան

Scroll Up