Վաղարշակ Օհանյան. «Ամեն անգամ բեմ բարձրանալիս հայ լինելուս հպարտությամբ եմ պարուրվում»
Օպերային երգիչ Վաղարշակ Օհանյանը երաժշտական առաջին փորձերը փոքրուց է սկսել: Հաճախել է Երևանի թիվ 17 ձայնի պահպանման դպրոց, ընդունվել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը, ապա երաժշտական կատարյալ գիտելիքներ ստանալու նպատակով 1986-1993թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի ասպիրանտուրան՝ Սվետլանա Կոլոսարյանի դասարանը: Ծառայել է Խորհրդային Միության Անդրկովկասի երգի-պարի անսամբլում՝ որպես մեներգիչ:
Ապա 1993 թվականին շահելով կրթաթոշակ՝ մեկնել է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաք` կատարելագործվելու համար Jualliard անվանի դպրոցում՝ Դանիել Ֆերրոյի դասարանում: Հենց Նյու Յորքում էլ երգիչն առ այսօր ապրում և բեմական բեղուն գործունեություն է ծավալում, որի մասին հետևյալն ասաց. «Ճիշտ է, արդեն երկար տարիներ է, ինչ հաստատվել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ԱՄՆ-ի քաղաքացի եմ, սակայն ինձ լիարժեք երկու երկրների քաղաքացի եմ համարում: Երբ հարցնում են, թե որ երկիրն է առավել հոգեհարազատ, առանց վարանելու պատասխանում եմ՝ և՛ Հայաստանը, և՛ ԱՄՆ-ը. սահմանազատում երբեք չեմ դնում. երկուսն էլ սրտումս են»:
Վաղարշակ Օհանյանը Նյու Յորքի պրոֆեսիոնալ կատարողական արվեստի դպրոցի վոկալ ամբիոնի դեկանն է, որտեղ ձայներ է մարզում, միաժամանակ հանդիսանում է որպես կոնցերտմայստեր և խմբավար, ղեկավարում է 120 հոգանոց երգչախումբ: Այս դպրոցում երաժշտական կրթություն ստանալուց բացի, ուսումն ավարտելուց հետո սաներին դիպլոմ են հանձնում, իսկ կրթական ամբողջ ծախսերը պետությունն է հոգում: Դպրոցը բավականին հայտնի է ԱՄՆ-ում, գտնվում է Բրոդվեյ փողոցում:
Օպերային երգիչը Նյու Ջերսի քաղաքում ղեկավարում է նաև «Արեգակ» մանկական երգչախումբը, որտեղ երեխաներին սովորեցնում է հայ կոմպոզիտորների երգերը: Քառասուն հոգուց բաղկացած երգչախմբում նա ամեն ինչ անում է, որ հայ երեխաները օտար միջավայրում չկտրվեն հայկականությունից, պահպանեն իրենց արմատներն ու ինքնությունը: Ի դեպ, այս տարի լրանում է երգչախմբի գործունեության 10 տարին:
Վաղինակ Օհանյան անունն ինչպես Նյու Յորքում, այնպես էլ արտասահմանյան մի շարք երկրների դասական երաժշտության բնագավառում վաղուց ճանաչված է: Նա առաջին օպերային պայմանագիրը ստացել է «Պայացներ» օպերայի Սիլվիոյի դերերգով: Երեք տարի աշխատել է New Your City oպերայում՝ որպես մեներգիչ, իսկ «Mid American prodaction»-ի հետ պայամանագիր է կնքել՝ կատարելով Ռախմանինովի գործերը: Վաղինակի նվաճումներից մեկն էլ այն է, որ Carnegie Hall-ում հիմնադրել է երիտասարդ երաժիշտների միջազգային մրցույթը: Մրցույթին մասնակցելու նախապայմաններից մեկն էլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարելն է:
Շարունակելով երաժշտական բուռն գործունեությունը՝ մաեստրոն 1993 թվականին Նյու Յորքում ստուդիա է բացել, որտեղ կրթվում և մշակվում են ինտերնացիոնալ ձայներ: Նա ստուդիայի սաներին ներկայացնում է ձայնարվեստի հիմունքները և, որն ամենակարևորն է, ծանոթացնում է հայ մշակույթին:
Վաղարշակը ոգևորությամբ է խոսում իր այլազգի ուսանողների մասին, որոնց հայկական երգերն է սովորեցնում. «Նիկոլ Նյուդելման անունով մի հրեա ուսանողուհի ունեմ, ում պետք է տեսնեք, թե ինչ հույզերով և ապրումներով է հայկական երգերը երգում, նույնիսկ երգելիս արտասվում է և ինձ պարբերաբար ասում, որ հիացած է հայկական երգերով և, առհասարակ, մեր մշակույթով: Իսկ սևամորթ ուսանողս՝ Իսեհա Գրինը, ջանք ու եռանդ չի խնայում դասընթացների ժամանակ, որպեսզի լավ սերտի հայկական գոհարները. նրա հետ արդեն չորս տարի պարապում եմ: Ինձ համար այս տարվա ընթացքում ամենամեծ նվաճումն այն էր, որ մի աղջկա կրկին իր մասնագիտական ուղու վրա դրեցի: Նա, երաժշտական կրթություն ունենալով հանդերձ, 10 տարի ռուսական խանութում նպարեղեն էր վաճառում. համայնքում տեղի ունեցող համերգներից մեկի ժամանակ մոտեցավ ինձ և խնդրեց համագործակցել հետս: Սիրահոժար ընդառաջեցի խնդրանքին: Բացի մասնագիտական դասընթացներից, սկսեցի նրա հետ հոգեբանական զրույցներ ունենալ, խորհուրդներ տալ, որպեսզի դուրս գար այդ ընկճված վիճակից: Նա ավարտեց Բրուքլինի քոլեջը և հիմա դասավանդում է մանկական պետական դպրոցում»:
Ամեն անգամ բեմ բարձրանալիս մաեստրոն հայ լինելու հպարտությամբ է պարուրվում: Գիտակցության մեջ մշտավառ է, որ հազարավոր հանդիսատեսի առջև իր ազգն է ներկայացնում: Ի դեպ, ՀՀ մշակույթի նախարարության կողմից 2014 թվականին արտերկրում հայ մշակույթը տարածելու և պահպանելու համար արժանացել է «Նարեկացի» մեդալին:Վաղարշակը հավաստիացնում է, որ միշտ փորձել է իր ճանաչումը, վաստակն ու հնարավորություններն ի շահ Հայաստանի օգտագործել, նույնիսկ տարբեր ծրագրեր է իրականացրել Հայաստանում:
Հուլիսի 25-26-ը ժյուրիի կազմում ընդգրկված է եղել Տենոր արվեստի համաշխարհային ասոցիացիայի «Ոսկե ձայն 2015» միջազգային մրցույթին, որի ժամանակ հիացել է երիտասարդների արհեստավարժ կատարումներով, և մեկ անգամ ևս համոզվել, որ տաղանդավոր հայ երիտասարդություն ունենք: Այս տարի Հայաստանում «Նարեկացի» մշակութային միության հետ համատեղ վարպետության դասընթացներ է կազմակերպել, որին մասնակցել են շուրջ 150 հոգի:
Երգչի հոգու պարտքն է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում համերգային ծրագրով հանդես գալը: Հունիսին Բրոդվեյում իր ղեկավարած երիտասարդական երգչախմբի հետ տարեկան հաշվետու համերգ է ունեցել՝ նվիրելով այն Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին: Համերգին 700 հանդիսատես է ներկա եղել: Դա մեծ հնարավորություն է տվել, որ ներկաներն իրազեկվեն Հայոց ցեղասպանության մասին:
Բրոդվեյում Վաղարշակի ջանքերով նաև Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող մեծ ցուցապաստառ է փակցվել, և այնտեղ այցելող մեծաթիվ զբոսաշրջիկներն ակամայից առերեսվել են հայ ժողովրդի մեծ վշտին:
Պարզվեց, որ Վաղարշակ Օհանյանի՝ Հայոց ցեղասպանության շուրջ ակտիվ քարոզչությունից հետո տեղի դպրոցների ուսումնական ծրագրերում ներառվել է նաև Հայոց ցեղասպանությունը:
Գևորգ Չիչյան