«Մենք ինչ ունենք՝ Աստծո շնորհիվ է, և մեր պարտականությունն է օգնել այն մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն».Ստեփան Գրքաշարյան

Փետրվարի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ավստրալահայ հասարակական ու մշակութային գործիչ, Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմական խորհրդի փոխնախագահ, Խտրականության դեմ խորհրդի նախագահ Ստեփան Գրքաշարյանին:

Ողջունելով հյուրին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց նրա հայանպաստ նախաձեռնությունները Հայրենիքում, ազգանվեր բազմամյա գործունեությունը Ավստրալիայում՝ ի նպաստ օտար ափերում հայ ինքնության պահպանման: Նա մասնավորապես նշեց. «Ուրախալի է, որ դուք ՀՀ քաղաքացիություն եք ստացել, Երևանում բնակարան եք գնել և բարեգործական գործունեություն եք ծավալում նաև Հայաստանում: Գյումրիի անապահով ընտանիքներին բնակարան նվիրելու ձեր ծրագիրը շարունակվում է, և այս տարի էլ մի կարիքավոր ընտանիք տանիք կունենա ձեր շնորհիվ: Հրաշալի ծրագրեր եք իրականացնում նաև Ավստրալիայում, ակտիվ մասնակցություն ունեք համայնքի խնդիրների լուծման գործում»:

Ստեփան Գրքաշարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավելեց. «Մենք ինչ ունենք՝ Աստծո շնորհիվ է, և մեր պարտականությունն է օգնել այն մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն»:

Scroll Up