«Հայկական վիրտուալ համալսարանը նույնպես հայապահպանության դարբնոց է».Հասմիկ Խալափյան

Փետրվարի 21-ին՝ Մայրենիի օրվա կապակցությամբ, «Հայերն այսօր»-ը զրուցել է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) ակադեմիական տնօրեն Հասմիկ Խալափյանի հետ: Նա իր խոսքում շեշտել է այն փաստը, որ ՀՎՀ-ն ծավալած գործունեությամբ նույնպես նպաստում է Սփյուռքում հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը, հայապահպանությանն առնչվող հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

-Ե՞րբ է հիմնադրվել ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը և ի՞նչ նպատակով:

-Հայկական վիրտուալ համալսարան (ՀՎՀ) ստեղծելու գաղափարը ՀԲԸՄ-ն ունեցել է դեռևս 2004 թվականից: Գնահատելով այդպիսի ուսումնական կառույց ունենալու անհրաժեշտությունը՝ նախագիծը կյանքի կոչելու համար համապատասխան քայլեր է ձեռնարկվել:

ՀՎՀ-ի առաջին ուսումնական շրջանը սկսեցինք 2009 թվականին՝ մեր դռները բացելով ուսանողների առջև: Համալսարանը ստեղծելու նպատակն  էր նախևառաջ Սփյուռքում լեզվի պահպանման խնդրին անդրադառնալը, ինչպես նաև հեռավար կրթության օրեցօր լայն տարածմանը հետամուտ լինելը:

ՀՎՀ հիմնադիր-նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական վարչության  անդամ Երվանդ Զորյանը հենց այդ հանգամանքները հրատապ համարեց՝ որոշելով առցանց կրթության և նորագույն տեխնոլոգիաների միջոցով զարկ տալ հայագիտության դասավանդմանը:  ՀՎՀ-ն ստեղծում է վիրտուալ դասարաններ այն ուսանողների համար, որոնց հասանելի չեն հայկական կրթօջախները, ինչպես նաև հնարավություն է տալիս ուսանողներին հայագիտական առարկաները սովորել նորարարական մեթոդներով և գերժամանակակից տեխնիկական մոտեցումներով։  Լինելով համացանցային ծրագիր՝  ՀՎՀ-ն փաստորեն ստեղծում է ուսումնական առցանց  համայնք` թվային միջավայրում միավորելով հայությանը աշխարհի տարբեր ծայրերից և այդպիսով նրանց միջև ամրացնելով հայկական մշակութային, կրթական և սոցիալական կապերը:

Դասընթացներն իրականացնում ենք ակադեմիական հաստատուն օրացույցով,  որոնք տևում են ութ շաբաթ՝ չհաշված «զրո» շաբաթը, որի ընթացքում ուսանողները ծանոթացնում են միմյանց, իրենց հետագա անելիքներին, ինչպես նաև տեխնոլոգիական հնարավորություններին, այնուհետև սկսում դասընթացները: Տարիքային առումով կարող են մասնակցել 14-ից (եթե «հիբրիդ» դասընթացի մասնակից չէ) մինչև 83 տարեկան մարդիկ: Մեծ թիվ են կազմում 20-30 տարեկան երիտասարդները: Դասընթացներն ավարտելուց հետո բոլորը հավաստագիր են ստանում։ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից ունենք լիազորություն՝ շնորհելու մագիստորսի կոչում։

Խառը՝ «հիբրիդ» կրթության միջոցով համագործակցում ենք սփյուռքյան դպրոցների և համայնքների հետ։  Այդ մեթոդը ավանդական և հեռավար մեթոդների միաձուլումն է: Համայնքների հետ կապի մեջ գտնվելով՝ անդրադառնում ենք նաև հայապահպանության և ազգային ինքության հիմնախնդիրներին:

Այսպես օրինակ, սերտ համագործակցության արդյունքում Դոնի Ռոստովի հայկական համայնքում ՀՎՀ լաբորատորիա բացվեց, որտեղ ռոստովաբնակ մեր հայրենակիցները հավաքվում են և համապատասխան աշխատանքներ իրականացնում: Դասընթացները նաև նպաստում են միջանձնային հարաբերությունների զարգացմանը և Սփյուռք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

-ՀՎՀ-ն իրողություն դառնալուց հետո ինչպե՞ս ճանաչվեց Սփյուռքում:

-Ամուր հիմքերով ոտքի կանգնելուց հետո միայն՝ մտածեցինք համալսարանը  Սփյուռքում տարածելու և հանրահռչակելու ուղղությամբ: Այս հարցում, իհարկե, առաջին հերթին ապավինեցինք ՀԲԸՄ-ի ցանցին:

Շատ օգտակար և արդյունավետ եղավ հատկապես ՀՀ սփյուռքի նախարարության հետ՝ մինչև օրս շարունակվող համագործակցությունը: Նախարար Հրանուշ Հակոբյանն առաջիններից մեկը դարձավ, ով մեզ հետ աշխատելու պատրաստակամություն հայտնեց՝ ողջունելով համալսարանի ստեղծման գաղափարը:

Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի սփյուռքահայ երիտասարդները շրջագայությունների ընթացքում նաև վիրտուալ համալսարան են այցելում: Նրանց հանդիպման ընթացքում փորձում ենք կապել Հայաստանի հետ, սեր արթնացնել մայրենիի, պատմության ու մշակույթի նկատմամբ:

Համագործակցում ենք նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ:

-Ի՞նչ առարկաներ են դասավանդվում առցանց հարթակում:

Սկզբնական շրջանում միայն հայոց լեզվի և պատմության ֆակուլտետն էր գործում: Հիմա արդեն դասավանդվում է նաև հայկական մշակույթի պատմություն՝ երաժշտություն  և  ճարտարապետություն բաժիններով:

Իմանալով, որ 2012 թվականին շախմատը, որպես պարտադիր առարկա,   ընդգրկվել է հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրում, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցելով՝ 2013 թվականից կազմակերպում ենք նաև շախմատի դասընթացներ:

Հետևելով միջազգային շուկայի զարգացմանը՝ ընդլայնեցինք մեր «արտադրանքը», որոնցից ամենախոշորը էլեկտրոնային գրքերի ստեղծումն էր: Ինչպես գիտենք, էլեկտրոնային գրքերի կիարառումն այսօր մեծ թափ է ստանում, և այդ պակասը հայագիտության ոլորտում, իրոք, զգացվում էր:

Էլեկտրոնային գրքերը ներկայացնում են Հայաստանին վերաբերող թեմաների լայն շրջանակ՝ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն, ինչպես նաև անդրադառնում են տնտեսության, քաղաքականության, փոփ-մշակույթի և արդի այլ թեմաների:

ՀՎՀ-ն մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարք և հայոց լեզվի, պատմության ու մշակույթի դասընթացներ է տրամադրում վեց լեզվով՝ հայերեն (արևելահայերեն և արևմտահայերեն), անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն:

Այս միջոցով ուզում ենք հասանելի լինել հայերեն սովորել ցանկացող աշխարհասփյուռ շատ հայերի համար: Վերոնշյալ բոլոր լեզուներով մենք գրքեր ենք տպագրում՝ ուշադրություն դարձնելով հատկապես արևմտահայերեն գրքերի տպագրմանը և նպաստելով  արևմտահայերի պահպանմանը:

 

ՀՎՀն սփյուռքահայ քանի՞ մասնակից  է ունեցել  և ո՞ր երկրներից:

-ՀՎՀ-ն ավելի քան 10.000 ուսանող  է ունեցել աշխարհի 87 երկրից՝ ԱՄՆ-ից,  Ռուսաստանից, Եվրոպայից, Վրաստանից, Լատինական Ամերիկայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Վենեսուելլայից։ Իսկ ՀՎՀ էլեկտրոնային գիրքն ընդգրկում է առավել լայն աշխարհագրություն. գրքերի օգտատերերի թիվը հասնում է 24.000-ի:

-Օտարազգի ուսանողներ ունե՞ք, ովքեր ցանկանում են հայոց լեզու սովորել, ճանաչել հայկական մշակույթն ու պատմությունը:

ՀՎՀ-ն նաև օտարազգի ուսանողների է սպասարկում (7-8 տոկոս), ովքեր տարբեր պատճառներով որոշել են նորագույն մեթոդներով հայերեն սովորել: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում այն մարդիկ, որոնց ամուսինը կամ կինը խառնամուսնության հետևանքով հայ են:

Ուշագրավ պատմություն հիշեցի. մի ռուս կին, ով ֆրանսահայի հետ ամուսնանալուց հետո տեղափոխվել էր Փարիզ, այնքան աչալրջորեն ու պատասխանատվությամբ էր հետևում մեր հայերեն դասընթացներին, որ այժմ իր երեք երեխաներին քնեցնելուց առաջ հայերեն հեքիաթներ է կարդում: Կան դասընթացի օտարազգի ուսանողներ, ովքեր մեզ արդեն հայերենով նամակներ են գրում:

-Փետրվարի 21-ը Մայրենիի տոնն է: ՀՎՀ-ն ինչպե՞ս է նշում այդ օրը:

-Մենք ուսանողների հետ միշտ մեծ ոգևորությամբ նշում ենք Մայրենիի տոնը՝ նրանց մեկ անգամ ևս հորդորելով օտար միջավայրում մտածել սեփական լեզի անաղարտության պահպանման մասին, նաև վիրտուալ ճամփորդություններ և բազմաբնույթ այլ միջոցառումներ ենք կազմակերպում:

Իսկ այս տարի Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծության հիման վրա մի ինքնատիպ տեսահոլովակ ենք պատրաստել. աշխարհի տարբեր երկրներում գտնվող մեր ուսանողները բանաստեղծությունից տողեր են ասում, ապա վերջում միասնաբար արտասանում:

Զրուցեց Գևորգ Չիչյանը

Scroll Up