Ստամբուլի աչքը, սիրտն ու հումորը. հարցազրույց Արա Գյուլերի հետ

-Հիմա հարցում պիտի ընես ես էլ պիտի ըսե՞մ…
 
Չէ, ուղղակի զրուցենք: Այնքան հարց ունեմ Ձեզ տալու. Ո՞ր մեկը տամ, ավելի լավ է պարզապես զրուցենք:
 
-Ես վիժուալ հիսթըրի (visual history) գրած եմ, գիտե՞ս:
 
– Հա գիտեմ, 800.000 նկար ունեք:
 
– Ի՞նչ կխոսիս, երկու միլիոն:
 
 
– Երկու միլիոն կադրի մեջ կա՞ Ձեզ համար մեկը՝ յուրահատուկը:
 
-Իմ պատկերս (ծիծաղում է): Ամենն էլ ինձ համար կարևոր են, չոփչի նկարն է կարևոր (չոփչի – թրք. աղբահավաք): Ինձ համար մարդիկ են կարևոր: Ես մարդոց նկարները կքաշեմ, ես սինարի, (scenery – անգլ. տեսարան) չեմ քաշեր:  Եթե նույնիսկ տեսարան կա,  տեսարանին մեջ մարդուն ներկայությունը կա: Ամեն բան մարդոց համար շինված է, ամբողջ օդանավները մարդոց համար շինված են, կերակուրներն ամբողջ մարդոց համար կշինվի, տները, պատերը… (լռում է) Պատը վատ բան է: Պատը մարդկության սխալներեն մեկն է.. Պատը վտանգավոր բան մըն է, (լռում է) պատը կբաժնե, մարդիկները կբաժնե:
 
-Աշխարհի տարբեր ծայրերում եղել եք, ի՞նչն է Ձեզ ամեն անգամ Ստամբուլ հետ բերել, ի՞նչ կա Ստամբուլում, որ ուրիշ տեղ չկա:
 
– Հոս իմ տունս է:
 
Ստամբուլ ասելիս առաջին կադրը, որ գալիս է աչքիս առաջ, Ձեր` ձկնորսների լուսանկարն է:
 
– Հա, ձկնորսներուն նկարը: Հայեր են, գիտե՞ս, առաջին ձկնորսները հայեր են եղել:
 
– Իսկ ի՞նչ կադր է Ձեր աչքի առաջ գալիս:
 
– Տունս կուգա, ընկերներս կուգան, սիրածս կինը կուգա:
  
– Հիշու՞մ եք Ձեր առաջին սիրուն:
 
– Ես միշտ եմ սիրահարված: Ես կըրնամ ծառին ալ սիրահարվել, գույնին էլ, փողոցին էլ, լույսի շողին էլ: Աշխարհում կարևոր բան մը՝ կա, սեր կա: Մարդ չգիտե երբ պիտի սիրահարվե, երբ սիրե: Կյանքը պատահականություն մըն է: Աշխարհիս մեջ մեծ ու իսկական սեր կա, կհավատա՞ս
 
– Չգիտեմ:
 
– Կա, կա..
 
– Իսկ հայուհու սիրահարվե՞լ եք երբևէ:
 
– Այ այդ մեկը պատահած չէ:
 
– Ստամբուլից հետո ձեր սիրած քաղա՞քը:
 
– Փարիզը:
 
– Սիրո քաղաքը:
 
– Սեր ամեն տեղ ալ կա, ամեն տեղ էլ կանաչը, կանաչ է, կապույտը՝ կապույտ:
 
– Հայաստան էիք գնացել վերջերս, այնտեղ նկարներ արեցի՞ք:
 
– Ավելի շուտ էլ Հայաստան գացած էի, ամբողջ եկեցեղիներու նկարները քաշած եմ: 
 
– Երևանից Ձեզ շոկոլադ եմ բերել՝ եկեղեցու նկարով: Սա Սևանի եկեղեցին է:
 
– Հա գիտեմ:
 
 – Սա էլ Տաթևը, եղե՞լ եք այս եկեղեցում:
 
-Չեմ եղեր:
 
– Աշխարհում ամենագեղեցիկն է, ինձ համար համենայնդեպս: Նշանավոր հայերի եք նկարել, Վիլյամ Սարոյան, Արամ Խաչատրյան:
 
– Արամ Խաչատրյանին հետ ռեպորտաժ ընելը շատ դժվար էր: Մարդը հայերեն անգամ չիդե: Ես ալ Գրողների միություն գացած էի անոր նկարելու համար: Լույսերը միացնել ուզեցա, սխալ բան մը ըրեցա ողջ շենքին լույսերը հանգեցավ: (ծիծաղում է:)
 
– Եղե՞լ է պահ, երբ զգացել եք, որ հոգնել եք ու ուզում եք այլ բանով զբաղվել:
 
– Ոչ ջանըմ, ի՞նչ կխոսիս, երբեք չեմ հոգնել:
 
– Հիշու՞մ եք ձեր կյանքի ամենաերջանիկ օրը:
 
– Հա, կնոջս սիրելու օրը: Սիրահար ըլլալը աշխարհին ամենալավ բանն է: 
 
– Ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար: 
(ճռճռացնելով բացում է հայկական շոկոլադը)
 
-Հայրենիքը… ես այստեղ ծնած եմ, մարդ իր ծնած տեղը կուզե մեռնել, գիտես: Բան մըն էլ կա. տես ես փողոցով կը քայլեմ, պատուհանեն գեղեցիկ աղջիկ մը նայեցավ ես սիրահարվեցա, ադ աղջիկը իմ հայրենիքս է.
 
-Այդքան մարդկանց եք նկարել, չե՞ք ուզել որ մի օր էլ Ձեզ նման տաղանդավոր մեկը Ձեզ նկարի: 
 
-Նկարել են ինձ:
 
– Հավանու՞մ եք:
(ուսերն է թոթվում)
 
Վերջում մակագրում է իր գիրքը նվիրում ինձ:
 
-Հաճախ արի , երեկոները միշտ հոս եմ:
 
-Կգամ, անպայման կգամ:
 
Վերցնում եմ գիրքն ու հեռանում մեր լսած, բայց չտեսած պատմության ականատեսից, 2 միլիոն կադրով պատմություն կերտած հանճարեղ ծերունուց…
 
Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է։ Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով։ Ծնվել է Ստամբուլ քաղաքում հայկական ընտանիքում։ «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրանդ Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր եւ ազգային հավաքածուներում:
Աստղիկ Իգիթյան/ Ստամբուլ

Ermenihaber.am
03 04 05 06
Scroll Up