Կայացել է «Սիրիահայերի Միություն. անցած ու հետագա ուղին» ամփոփիչ միջոցառումը

Փետրվարի 15-ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության գործունեության և ձեռքբերումների ներկայացման միջոցառումը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը՝ մասնավորապես նշելով Սիրիահայ գործարարների ինտեգրման և կայացման հարցում «Սիրիահայերի միության» կարևորությունը և նշանակությունը, ինչպես նաև միության հետ սերտ ու արդյունավետ համագործակցությունը:

Միջոցառմանը մասնակցեցին ներկայացուցիչներ ՀՀ Տնտեսական Զարգացման և Ներդրումների, Սփյուռքի նախարարություններից, Հայաստանի Զարգացման Հիմնադրամից, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամից, «Արծիվ» հիմնադրամից, Ի-Վի քոնսալթինքից, ՍՄ քոնսալթինգից, Հայաստանի Ավետարանչական Եկեղեցուց, ինչպես նաև UNHCR, GIZ, World Vision, Հայկական Կարմիր Խաչ, Հայկական Կարիտաս, VDI/VDE-IT, KAZA, AGBU, ABA, AUA և միջազգային ու հայաստանյան այլ կառույցներից:

«Սիրիահայերի միությունը» մատուցում է ծառայություններ, որոնք օգնում են բիզնեսներին զարգանալ։ Իր հիմնական նպատակի իրականացմանը՝ սիրիահայերի ինտեգրմանը նպաստելու համար, միությունը նախաձեռնել է երկու նոր նախագիծ․

ԻնֆոՀաբ – մեկ պատուհանի սկզբունքով աջակցման համակարգ, որը բաց է հասարակության համար,

Սիրիահայերի արդյունաբերական գոտի (ՍՀԱԳ) – պրոֆեսիոնալ գործարար ծառայությունների հզոր հարթակ՝ միտված սիրիահայերի տնտեսական ինտեգրացիայի ընդլայնմանը։

Միջոցառման ընթացքում վերոհիշյալ նոր ծրագրերի ծառայություններից օգտվելու համար միությանը անդամագրվեցին հրավիրված 30 սիրիահայեր։

Տարբեր հարցերում «Սիրիահայերի միությանն» աջակցություն և խորհրդատվություն է տրամադրել GIZ կազմակերպությունը։ Եվ այժմ, GIZ ծրագրի ավարտին, միությունն ունի նոր աջակից՝ UNHCR-ը։ «Սիրիահայերի միությունն» իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ կառավարությանը, գործընկերներին, «Սիրիահայերի միության» տիկնանց հանձնախմբին, անդամներին և կամավորներին` իրենց արժեքավոր լուման ներդնելու և կազմակերպության առաքելությանը հավատարիմ մնալու համար: Հենց այդ ներդրումների շնորհիվ է, որ միությունը ոչ միայն ձևավորել է տնտեսական ինտեգրացիայի արդյունավետ հարթակ, այլև շարունակելու և առավել ընդլայնելու է շահառուներին մատուցած իր ծառայությունները:

Լուսանկարները՝ Պրեստիժ մեդիա գրուպի և Սեդրակ Երեմյանի

Պաշտոնական կայք՝ www.syrarbi.am

Scroll Up