«Պատմական Հայաստանի գենետիկական ատլասը կանմահացնի հայերի բազմադարյա ժառանգությունը». Լևոն Եպիսկոպոսյան
Պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրման աշխատանքների և հայկական գենոֆոնդի մասին է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանի հետ «Հայերն այսօր»-ի հարցազրույցը:
– Պարոն Եպիսկոպոսյան, ի՞նչ աշխատանքներ է կատարում էթնոգենոմիկայի լաբորատորիան:
– Մեր լաբորատորիան զբաղվում է հայ ժողովրդի գենետիկական պատմության ուսումնասիրությամբ: Նշված ոլորտում երկու տասնամյակ տևող մեր հետազոտություններն արդեն որոշակի արդյունքներ են տվել: Օրինակ, անցյալ տարի լաբորատորիայի ջանքերով և միջազգային համագործակցությամբ ցույց է տրվել, որ Արևելյան Հայաստանի հայերը այս տարածաշրջանի նեոլիթյան բնակչության անմիջական գենետիկական հետնորդներն են: Հիմա մենք աշխատում ենք Պատմական Հայաստանի գենետիկական ատլասի ստեղծման վրա։ Սույն նախաձեռնությունը ուղղված է հայկական գենոֆոնդի աշխարհագրական քարտեզագրմանը և մեր նախնիների գենետիկական պատմության վերականգնմանը:
Առհասարակ, Հայաստանի պատմության և հայերի ծագման ուսումնասիրումը դժվարին խնդիր է տարբեր առումներով: Պատմական արժեքավոր փաստարկների մի ահռելի բաժին ոչնչացվել կամ անհետացել է բազմաթիվ արշավանքների և բնական աղետների հետևանքով: Բացի այդ, հարևան երկրների միջև պատմական Հայաստանի աշխարհաքաղաքական բաժանման արդյունքում արխիվային, հնագիտական և մարդաբանական ուսումնասիրությունները դարձել են խնդրահարույց և, հաճախ, դժվար իրագործելի: Սակայն, թեև վերջին մի քանի դարերի ընթացքում պատմական Հայաստանի նահանգների բնակչության մեծ մասը բռնի կերպով տեղահանվել է, բարեբախտաբար, նրանց հետնորդներն իրենց գեներում պահպանում են անջնջելի տեղեկություններ, որոնք հնարավորություն են ընձեռում վերականգնել իրենց նախնիների գենետիկական ժառանգությունը: Հիմնականում այդ նպատակն է հետապնդում Պատմական Հայաստանի գենետիկական ատլասի պատրաստման նախագիծը։
– Կխնդրեի ավելի մանրամասն ներկայացնել այդ աշխատանքը։
– Պատմական Հայաստանի գենետիկական ատլասի ստեղծման ծրագրի առաքելությունն է վերարտադրել հայկական գենոֆոնդի հարուստ աշխարհագրական խճանկարը, որը ձևավորվել և հազարամյակների ընթացքում հարստացել է Հայկական լեռնաշխարհում: Բացի այդ, այն թույլ կտա պատասխանել հայերի ծագման վերաբերյալ մի շարք հիմնարար հարցերի, որոնք անհնար է լուծել միայն հայագիտության դասական առարկաների միջոցով:
Ատլասը կունենա նաև մի շարք գործնական կիրառություններ: Առաջին հերթին, այն տեղեկությունների արժեքավոր աղբյուր է պատմաբանների, հնագետների և լեզվաբանների համար, ովքեր զբաղվում են հայերի էթնոգենեզի, հայկական մշակույթի և լեզվի, ինչպես նաև տարածաշրջանի ժողովուրդների միջև հնագույն շփումների հարցերով: Միևնույն ժամանակ ատլասը կդառնա հազարամյակների ընթացքում Հայկական լեռնաշխարհում հայերի և նրանց անմիջական գենետիկական նախնիների ներկայության վավերական վկայությունը:
Ծրագրի արդիականությունը հարկ է դիտարկել նաև մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում: Այսօր մարդաբանական գենետիկան ավելի ու ավելի է ապավինում տարբեր դարաշրջանների մարդկային ոսկրանյութից անջատված հնագույն ԴՆԹ-ի ուսումնասիրությանը, այդ թվում և Արևմտյան Հայաստանի տարածքում: Պատմական Հայաստանի գենետիկական ատլասի ստեղծումը թույլ կտա կանխարգելել այս տարածաշրջանում պեղված մարդաբանական նյութի գենետիկական և էթնիկ ինքնության որևէ խեղաթյուրում:
– Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպում ծրագրի իրականացման ընթացքթում։
– Ներկայում լաբորատորիայի աշխատակիցները ձեռնամուխ են ժամանակակից հայերի ԴՆԹ-ի նմուշների հավաքագրման գործընթացին, որի համար դոնորներ կարող են հանդիսանալ այն անձինք, ում հայրական և մայրական բոլոր նախնիները սերում են Պատմական Հայաստանի միևնույն շրջանից: Սակայն սերնդեսերունդ զգալիորեն նվազում է այդ պահանջը բավարարող հայերի թիվը, ուստի նմուշները պետք է հավաքագրվեն հնարավորինս սեղմ ժամկետներում: Բացի այդ, այսօր Հայաստանում չափազանց դժվար է գտնել արևմտյան նահանգների բնակչության ժառանգներին, որոնց նախնիները ծագել են միևնույն վայրից: Հետևաբար, նմուշների հավաքագրում պետք է իրականացվի նաև սփյուռքահայ համայնքներում, այդ թվում՝ Ռուսաստանում, Իրանում, Մերձավոր Արևելքում, Ամերիկայում և Արևմտյան Եվրոպայում, ինչը կապված է որոշակի դժվարությունների և զգալի ֆինանսական ռեսուրսների հետ:
– Իսկ ի՞նչ է արված առ այսօր։
– Գենետիկական ատլասի ստեղծման համար անհրաժեշտ է հավաքել 8-10 ԴՆԹ-ի նմուշ Պատմական Հայաստանի 20-25 տարբեր աշխարհագրական շրջանները ներկայացնող դոնորներից, ինչը կկազմի շուրջ 200 նմուշ: Հայաստանում և Արցախում արդեն իսկ հավաքվել են ավելի քան 100 ԴՆԹ-ի նմուշ, որոնցից վեցը ենթարկվել է ամբողջական գենոտիպավորման: Ստացված արդյունքները կօգտագործվեն նշված հիմնարար և կիրառական խնդիրների լուծման համար:
Ծրագրի մեկ այլ կարևոր արժեք է ազգային գենային բանկի ստեղծման իրական հնարավորությունը, որը կօգտագործվի հայ (և ոչ միայն) գիտնականների հետագա սերունդների կողմից հայերի գենոֆոնդի առանձնահատկությունների (այդ թվում՝ բժշկական) հետազոտությունների համար:
– Ձեր նախագիծը ներկայացրեցիք նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Համատեղ քննարկման արդյունքում ի՞նչ եզրահանգման եկաք:
– Քանի որ նախագիծն իր բնույթով համազգային ծրագիր է, անհրաժեշտ եմ գտնում նրա շուրջը նույնպես հրավիրել սփյուռքահայ մեր հայրենակիցների ուշադրությունը։ Նախարարին խնդրեցի սույն նախաձեռնության մասին հնարավոր միջոցներով տեղեկացնել Հայաստան այցելող մեր հայրենակիցներին։ Համապատասխանելով նշված պահանջներին և ունենալով ցանկություն իրենց մասնակցությունը բերել ծրագրին, նրանք կարող են հանձնել իրենց արյան նմուշը՝ դրանով սատար կանգնելով Պատմական Հայաստանի գենետիկական ատլասի ստեղծման գործին:
– Ո՞րն է Ձեր խոսքը՝ ուղղված մեր հայրենակիցներին։
– Մեր նախնիների պատմական ծննդավայրերի մասին գենետիկական հիշողության անդառնալի կորստի վտանգը կանխող այս նախաձեռնությունը կանմահացնի հայերի բազմադարյա ժառանգությունը` ստեղծելով ուրույն «գենետիկական հուշամատյան»: Անհերքելի է, որ այսօրինակ հուշարձանները ազգային մեծարժեք հարստություն են: Ուստի այս բացառիկ ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնելու համար կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին ակտիվորեն մասնակցել «Պատմական Հայաստանի գենետիկական ատլասի» նախագծին։
Գևորգ Չիչյան