«Սփյուռքում Եկեղեցու առաքելությունը հոտին համախմբելն ու Հայաստան առաջնորդելն է».Հովհաննես սարկավագ Գումրույան
ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա հայկական վարժարանի տնօրեն Բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի հետ «Հայերն այսօր»-ի հարցազրույցը կրթօջախի գործունեության, Սփյուռքում ազգային–եկեղեցական կյանք ստեղծելու և հայապահպանությանն առնչվող հարցերի շուրջ է:
-Հովհաննե՛ս սարկավագ, հոգևոր կրթություն որտե՞ղ եք ստացել և ե՞րբ եք ծառայության անցել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմում:
–Ծնվել եմ Հայաստանում՝ Վանաձոր (Կիրովական) քաղաքում, մտավորականի ընտանիքում: Սովորել եմ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան hոգևոր ճեմարանում, այնուհետև բանասիրական որակավորումս ստացել եմ Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Աշխատել եմ Վանաձորի Գերմանական կենտրոնում, «ԳՆՊ» բարեգործական հիմնադրամում, ավելի ուշ՝ դասախոսել եմ նաև Երևանի Հայ Կաթողիկե Առաջնորդարանում և Վանաձորի Սարգիս Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջում, ապա տեղափոխվել եմ Ամերիկայի Միացյալ Նահագներ:
2010 թվականից ղեկավարում եմ Առաջնորդարանի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը, հայերեն և հայոց պատմություն եմ դասավանդում ՀԲԸՄ-ի «Մանուկյան-Դեմիրճյան» վարժարանում: Որպես Հայ Առաքելական Ս. Եկեղեցու սարկավագ` իմ ծառայությունն եմ բերում Արևմտյան թեմում` մասնավորապես Հոլիվուդի Ս․ Հովհաննու Կարապետ եկեղեցում:
-Այժմ հանգամանալից ներկայացրեք, խնդրեմ, Առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա հայկական վարժարանի մասին:
– Դպրոցը հիմնադրվել է 2000թ-ին` Բլիկյան ընտանիքի ազնիվ մտահղացմամբ: 2010թ.-ին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ տեղափոխվել է Առաջնորդանիստ Ս. Ղևոնդյանց Մայր Տաճար:
Ներկայումս դպրոցում սովորում է 6-14 տարեկան 250 աշակերտ, ուսուցումը վեցամյա է, դասարանները բաժանվում են ըստ լեզվական իմացության, դասավանդման լեզուն արևելահայերենն է: Դասընթացներն անցկացվում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների դասագրքերով:
Այս հարցով համագործակցում ենք ՀՀ սփյուռքի նախարարության հետ, ինչի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում նախարար Հրանուշ Հակոբյանին՝ մեզ ցուցաբերած աջակցության համար: Ի դեպ, ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կազմակերպած «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2015 թ. մրցանակաբաշխության շրջանակներում մեր կրթօջախը Սփյուռքի լավագույն շաբաթօրյա վարժարան է ճանաչվել՝ արժանանալով գլխավոր մրցանակի և առաջին կարգի դիպլոմի:
Կրթօջախում մշտապես տեղի են ունենում հանդեսներ, մշակութային, ազգային ձեռնարկներ ու հանդիպումներ, գործում է դպրոցի երգչախումբը:
Վեց դասարանների բաժանված արևելահայերենի ծրագիրն իր մեջ ամփոփում է այբուբենի դասավանդումից մինչև հայոց գրականության, պատմության, մշակույթի ու երաժշտության նյութերի դասավանդում, որը հիմնված է Կալիֆորնիայի կողմից սահմանված լեզուների ուսուցման հիմնական չափանիշների վրա (Common Core State Standards): Ուսումնական տարվա տևողությունը 10 ամիս է․ մեկնարկում է օգոստոսին և ավարտվում` մայիսին: Դասարանների բաշխումը կատարվում է ըստ լեզվական իմացության:
Ամեն տարի օգոստոս ամսին թեմի ամբողջ ուսուցիչների համար վերապատրաստման դասնթացներ ենք կազմակերպում՝ դասախոսների հրավիրելով Հայաստանից և ԱՄՆ-ից: Դպրոցը գեղեցիկ ավանդույթ է ձևավորել. յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ի մոտակա շաբաթ օրը Առաջնորդարանի բակում կառուցված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ շաբաթօրյա այլ վարժարանների և մեր ուսուցիչների մեկտեղումն ու ծաղիկների խոնարհումը: Աշակերտները նույնպես միանում են մեզ:
Այս տարի աշակերտների համար յուրատեսակ կավճանկարչություն կազմակերպեցինք. նրանց ազատ ընտրության հնարավորություն տալով՝ առաջարկեցինք եկեղեցու բակում հայկական թեմաներով տարբեր պատկերներ նկարազարդեն: Այս միջոցով փորձում ենք ապրիլի 24-ը երեխաների մոտ նաև որպես վերածննդի օր սերմանել:
–Աշակերտները սիրո՞վ են սերտում Մայրենին:
-Անկեղծ ասած, Լոս Անջելեսում գրեթե բոլոր հայ երեխաների մտածողության լեզուն անգլերենն է, բայց առավելագույնն ենք անում, որպեսզի հայոց լեզվի, Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ սեր ու հետաքրքրություն ունենան:
Մեր դպրոցի աշխատակազմի արհեստավարժության շնորհիվ նրանց հաջողվում է հաղթահարել լեզվական դժվարությունները և հիմնովին կատարելագործել հայոց լեզվի գիտելիքները:
Մեր աշակերտները սովորելու վեց տարիների ընթացքում, թերևս, կարողանում են հասնել Հայաստանի հանրակրթական դպրոցների հինգերորդ դասարանի մակարդակին:
«Փոքրիկ հրեշտակներ»-ի ավարտական դասարանի սաները ստանում են վկայականներ, որոնք ճանաչվում են` որպես երկրորդ օտար լեզվի վկայագիր` պետական քոլեջների կողմից: Բացի այդ, համագործակցում ենք ՀՀ գիտության և կրթության, ինչպես նաև՝ ՀՀ սփյուռքի նախարարությունների հետ:
-Դպրոցում կա՞ն աշակերտներ, ովքեր իրենց ապագան հոգևոր առաքելության մեջ են պատկերացնում, և կրթօջախն այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկում:
-Երիտասարդների համար հատուկ ծրագիր կա: Նրանք Ամերիկայում Աստվածաբանական պարտադիր կրթություն ստանալուց հետո Թեմի առաջնորդի օրհնությամբ գալիս են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ դասընթացների մասնակցելու Գևորգյան հոգևոր ճեմարանում, որից հետո հոգևորական դառնալ ցանկացողները Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ձեռնադրվում են՝ ծառայության անցնելով մեր թեմում:
– Ի՞նչ չափորոշիչներով է ընտրվում ուսուցչակազմը:
-Տասներեք ուսուցիչ ունենք: «Փոքրիկ հրեշտակներ»-ում բացառապես կարող են աշխատել այն մասնագետները, ովքեր հայաստանյան բուհերում բանասիրական համապատասխան կրթություն են ստացել: Ուշադրություն ենք դարձնում նաև ուսուցիչների անգլերենի իմացության և ամերիկյան դպրոցներում երեխաների հետ աշխատելու փորձառության վրա:
Լավագույն աշակերտները խրախուսվում են. ուսումնական վարձի զեղչեր են ստանում, որոշակի կրթաթոշակների արժանանում, համալսարաններ ընդունվելու միջնորդագրեր ստանում:
-Կարևոր է լսել Ձեր խոսքը՝ որպես հոգևորական, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Սփյուռքում հայկական ինքնության պահպանման, ազգային ներուժի համախմբման կարևոր առաքելության մասին:
– Դեռևս 5-րդ դարում հայ պատմիչ Եղիշեն բնորոշել է, որ մեր հայրը Սուրբ Ավետարանն է, իսկ մայրը՝ Առաքելական Մայր Եկեղեցին: Դարերով վկայված իրողություն է, որ երբ պետականություն չենք ունեցել, եկեղեցին է միշտ ստանձնել պետության գործառույթները: Այսօր էլ Եկեղեցին Սփյուռքում պատվով շարունակում է կատարել իր առաքելությունը՝ հոտին համախմբելով և առաջնորդելով դեպի Հայաստան:
Այս հարցում մեծ է հատկապես hոգևորականի դերը. մեզանից համայնքը մեծ ակնկալիք ունի: Մեր թեմը բեղուն գործունեություն է ծավալում բոլոր ուղղություններով՝ սկսած երիտասադների՝ Եկեղեցու շուրջ համախմբմամբ, Հայաստան ճանաչողական այցելության ծրագրերի կազմակերպմամբ, հայկական դպրոցների, մշակութային, գրական ձեռնարկների իրականացմամբ, աստվածաբանական հոգևոր գիտելիքների փոխանցմամբ:
Աշակերտները դպրոցն ավարտելուց հետո անդամագրվում են թեմի երիտասարդական ծրագրերում և Հայաստան գալիս՝ կամավորական ծրագրի շրջանակներում մասնակցելով շինարարական, վերանորոգման, եկեղեցիների մաքրման և այլ աշխատանքների իրականացմանը:
-Սփյուռքում հոգևորականն ի՞նչ խնդիրների է բախվում:
-Առաջինը համասփյուռ հայ երիտասարդների հայապահպանության, հոգևոր անվտանգության, քրիստոնեկան արժեքներին ծանոթացնելու խնդիրն է:
Շատ կարևոր է նաև նրանց խառնամուսնության վտանգից զերծ պահելը, քանի որ խառնամուսնությունների թիվը գնալով ավելանում է:
Այս առումով պարբերաբար այցելում ենք ընտանիքներ, ամուսնացող երիտասարդներին ծանոթացնում եկեղեցու սրբազան արարողություններին և այլն:
Վերջին տարիներին համայնքը հոգևոր մեծ զարթոնք ապրեց 2010 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարի կառուցման և օծման առիթով:
Եկեղեցում է գտնվում նաև Սփյուռքում քիչ գործող հայկական թանգարաններից «Զորյան» թանգարանը, որը եկեղեցական հնագույն նմուշների, անտիկ, ձեռագործ աշխատանքների և խաչերի ցուցադրության վայր է: Եկեղեցու և Առաջնորդարանի բակում են տեղադրված հայկական խաչքարեր, հնագույն եկեղեցիների քանդակներ, մի խոսքով՝ յուրօրինակ թանգարան է բաց երկնքի տակ:
-Հարց, որն ավանդաբար հղում եմ հոգևորական զրուցակիցներիս. հեռվում գտնվելով՝ կարոտի ի՞նչ զգացումներով եք համակվում դեպի Միածնաէջ Մայրավանքը:
-Իհարկե, կարոտի զգացումը միշտ ուղեկցում է ինձ. չէ՞ որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իմ տունն է, որտեղ անցկացրել եմ պատանեկությունս և հոգևոր կրթություն ստացել:
Որպես Հայոց Բեթղեհեմ՝ հավատացած եմ, որ Մայր Տաճարը հավերժական փարոսի պես իր լույսը սփռում է ամբողջ աշխարհում՝ ջերմացնելով համայն հայության սրտերը:
Զրուցեց Գևորգ Չիչյանը