Զապել  Եսայան-140 Աշխարհը փոխած 100 հայերից մեկը՝ Զապել Եսայան

Փետրվարի 4-ը  արձակագիր, իր ժամանակների հասարակական-քաղաքական, ազգային գործիչ, մեծ հայրենասեր Զապել Եսայանի ծննդյան օրն է: Այդ առիթով էլ «Հայերն այսօր»-ի խմբագրությունում մի հետաքրքիր զրույց ծավալվեց նրա թոռան՝ Ալեքսանդր Եսայանի հետ: 

…Իմ առջև նստած պատկառելի մարդը բացառիկ արժեքավոր հայ կին արձակագիրներից մեկի՝ Զապել Եսայանի թոռն է, գրողի տղայի՝ Հրանտի որդին՝ կենսաբանական գիտությունների թեկնածու, Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Եսայանը, ում ներկայությունը մեր խմբագրությունում պարզապես երևույթ է, և ես ամենայն սիրով ու ակնածանքով  զրուցում եմ քաջարի գրողի թոռան հետ, ով, տեսած չլինելով իր տատիկին, ամենայն մանրամասնությամբ գիտի նրա ստեղծագործական գործունեության ու կյանքի անցուդարձը:

-Պարո՛ն Եսայան, մենք Ձեզ ընկալեցինք իբրև Զապել Եսայան–լեգենդի՝ մեր ժամանակներում, մեր կողքին ապրող մի մասունք, մի թանկ մասնիկ. ի՞նչ ասել է Ձեզ համար Զապել Եսայան՝ գրո՞ղ, հասարակական-քաղաքական գործի՞չ, սոսկ տատի՞կ, Ձեր սրտի մի մասնի՞կ…

-Առաջին հերթին՝ իմ սրտի մի մասնիկ, տատիկ, հետո՝ մյուս բոլոր առավելություններն ու բնութագրականները: Դժբախտաբար, ես նրա մահից տաս տարի հետո եմ ծնվել, սակայն մեր տանը մայրս, հորաքույրս՝ Սոֆին, այնքան են պատմել նրա մասին, որ ինձ թվում է, թե ես ապրել եմ նրա կողքին: Հպարտ եմ, որ նրա թոռն եմ և փորձում եմ ինչ-որ բան անել՝ նրա հիշատակը վառ պահելու, նրան առավել ճանաչելի դարձնելու համար: Ցավոք, նրան ավելի լավ են ճանաչում Սփյուռքում, Արցախում, իսկ Հայաստանում Զապել Եսայանն առավել ճանաչելի է գրողների, մտավորականության նեղ շրջանականերում: Կարծում եմ՝ դա իմ թերացումն է. անելիք շատ ունեմ այդ առումով:

-Ասացիք, որ Արցախու՛մ են նրան ավելի լավ ճանաչում, հատկապես՝ դպրոցականները. ինչպե՞ս, ինչո՞վ է դա պայմանավորված…

-Անցյալ տարի սեպտեմբերին 10-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Արցախում Զապել Եսայանին նվիրված շարադրությունների մրցույթ հայտարարեց՝ ինչո՞ւ են կարևոր մարդու իրավունքները, Զապել Եսայանի փորձառությունն այդ հարթակում թեմայով. մասնակցում էին բարձր դասարանների աշակերտները: Շատ հետաքրքիր աշխատանքներ կային: Դեկտեմբերին ավարտվեց մրցույթը, ես էլ էի հանձնախմբի կազմում: Մոտ 60 մասնակիցներից հաղթեցին 12 աշակերտ, սակայն բոլոր 60 մասնակիցներին մեր ընտանիքի կողմից նվերներ հանձնեցինք, որովհետև մասնակցությունը ևս գնահատելի է: Ես դեռևս սեպտեմբերի 1-ին՝ ուսումնական նոր տարվա սկզբին էի Արցախում՝ «Թուֆենկյան» հիմնադրամի հովանավորությամբ Առաջամուտ սահմանամերձ գյուղի Զապել Եսայանի անունը կրող հիմնավերանորոգված, մի փոքր տարածքով ընդլայնած դպրոցի բացման և Արցախի անկախության տոնի առիթով:

-Զապել Եսայանի անունը կրող ուրիշ դպրոց, լսարան, փողոց, անվանական թոշակ, գրական մրցանակ կա՞…

-Որքանով տեղյակ եմ՝ նրա անունը կրող ուրիշ դպրոց Հայաստանում չկա, մի կորած-մոլորած նեղլիկ փողոց կա Եսայանի անունով, իսկ լսարան, կրթաթոշակ և այլ անվանակոչումներ չկան. ինքս մտադիր եմ Զապել Եսայանի 140-ամյակի հետ կապված՝ ԵՊՀ-ի թանգարանում մի ցուցատախտակ պատրաստել, որտեղ զետեղված կլինեն Զապելի լուսանկարները, գրքերի շապիկներից, պատառիկներ՝ձեռագրերից:

-Որպես ընթերցող՝ Զապել Եսայանի ո՞ր ստեղծագործությունն է Ձեզ առավել սրտամոտ, հոգեհարազատ:

-«Սիլիհտարի պարտեզները», իսկ մյուս գործերը հաճախակի բացում եմ, ընթերցում, փակում՝ հետո կրկին շարունակելու համար:

-Արդյոք Եսայանից պահպանվե՞լ են անտիպ գործեր, ձեռագրեր, բանտում գրված որևէ պատառիկ:

-Ոչ, չեն պահպանվել. միայն գիտեմ, որ նա բանտում իր արյան մեջ թաթախված ասեղով մի փոքրիկ կտորի, ասեղնագործած թաշկինակի պատառիկի վրա ինչ-որ բան է գրել, բայց դա չի պահպանվել: Բացի նամակներից՝ ոչինչ չի մնացել: Անհայտ են անգամ նրա վախճանի մանրամասները…

-Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ նա կարող էր նաև ողջ մնացած լիներ…սա էլ, թեկուզ անհավանական, բայց վարկած է:

-Ես մտածել եմ այդ մասին և որոշել եմ դիմել Կարագանդայի արխիվին. գուցե ինչ-որ տեղեկություն իմանամ նրա վախճանի մասին, որովհետև մի նամակ կա նրանից, որը թվագրված է 1943 թվականով: Գուցե ինքը պարզապես սխալվել է՝ 1943 գրելով, որովհետև կան նաև վարկածներ, որ նա հե՛նց 1937-ին է մահացել՝ խոշտանգվելով Բաքվի բանտում…

-Իսկ այն տու՞նը, որտեղ 1933-ից մինչև 1936-ը բնակվել է գրողը…հուշաքար կամ էլ՝ գոնե ցուցանակ այդ շենքի պատին կա՞…

-Նա ապրել է Աբովյանի անվան փողոցի սկզբնամասում. եթե հիշում եք, այնտեղ մի մեծ գրախանութ կար, տունը գրախանութի դիմացի մայթին էր, հիմա էլ այն կա: Երբ նրան ձերբակալել են, այդ տունը, ով գիտե, ում է մնացել: Տվել են ուրիշներին, իսկ հայրս և քույրս մնացել են փողոցում:

-Երբևէ եղե՞լ եք գրողի ծննդավայրում, նրա սիրելի Սկյուտարի Սիլիհտարի պարտեզներում..

-Ցավոք, բախտ չի վիճակվել, միայն մտովի, իմ պատկերացումներում եմ եղել այնտեղ:

-Ձեր զավակներից ո՞վ է շարունակել տատիկի գործը, նրա անունը կրող շարունակություն ունե՞ք:

Գրական դաշտում չեն զավակներս, իսկ Զապել Եսայանի անունը պատվով ու հպարտությամբ կրում է դուստրս:

-Զապել Եսայանի գործերը հրատարկվել են 60-ականներին, իսկ մեր օրերում դրանք չե՞ն վերահրատարակվել, թարգմանվու՞մ են:

-Հայաստանում չեն վերահրատարակվել. Ամերիկայում, Ֆրանսիայում, Թուրքիայում թարգմանիչներն ու հրատարակիչները թարգմանում են, լույս ընծայում նրա գրքերը: «Ավերակների մեջ» աշխատանքը թարգմանվել և հրատարակվել է Թուրքիայում:

Ֆրանսիայում նույն գիրքն արդեն երկրորդ անգամ է հրատարակվում՝ փոքր ձևաչափով, իսկ Ամերիկայում 4 գիրք հրատարակեց բոստոնահայ Ջուդի Սարյանը, ով տարված է Զապել Եսայանով: Հիմա Զապել Եսայանի մասին ռուսերենով գիրք է պատրաստում Կարինե Խալաթովան: Անցյալ տարի մարտի 7-ին, երբ ՀՀ Նախագահը հանդիպել էր Փարիզի քաղաքապետ Անի Հիդալգոյի հետ, նա հիանալի ճառ ասաց և հայտնեց, որ իրենք որոշում են ընդունել Փարիզում փողոց կոչել Զապել Եսայանի անունով: Ամերիկացիները շատ հետաքրքրված են Զապել Եսայանով, ով նրանց համար կին գրողի ու հասարակական-քաղաքական խիզախ գործչի խորհրդանիշ է: Նա այդ առումով բացառիկ կանանցից է և դասվում է աշխարհի 5 խիզախ կանանց շարքին, Զապել Եսայանը նաև համարվում է աշխարհը փոխած 100 հայերից մեկը:

Նման հարցազրույցից հետո, բնականաբար, նորից է մարդու մեջ խոսում հայ լինելու հպարտությունը, Զապել Եսայան գրողի ու խիզախ կնոջ արժանի հետնորդը լինելու պատասխանատվությունը:

Կարինե Ավագյան

Scroll Up