«Ահազանգ»-ը Մհեր Մկրտչյանի խորհրդով ստեղծվեց».Մկրտիչ Բասմաջյան

Սփյուռքում ազգապահպանության, հայ մշակույթի զարգացման և տարածման գործում, ահավասիկ, զգալի ներդրում ունեն նաև թատերախմբերը, որոնք իրենց բեմադրություններով օտարությամբ մեջ չեն թողնում մոռացության մատնվի գրական ժառանգությունը հատկապես երիտասարդների շրջանում:Այս առաքելությանն է նվիրվել ՀԲԸՄ Փարիզի «Ալեք Մանուկյան» մշակութային կենտրոնի «Ահազանգ» թատերախումբը, որի համար տարին հոբելյանական է:

Բեմական բեղուն գործունեության քսանհինգ ամյակի առիթով «Հայերն այսօր»-ը զրուցել է «Ահազանգ» թատերախմբի ղեկավար Մկրտիչ Բասմաջյանի հետ, ով նաև երկար տարիներ պաշտոնավարում է Փարիզի Նուբարյան գրադարանում:

-Պարո՛ն Բասմաջյան, թատերախմբի ստեղծումը ժամանակի հրամայակա՞ն էր, ինչպե՞ս հանձն առաք հայ մշակույթի պահպանման այս կարևոր «դարբնոցի» կյանքի կոչմանը:

-Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ 1986թ. Մհեր Մկրտչյանը Փարիզում էր գտնվում՝ «Պաղդասար ախպար» թատերախաղը բեմադրելու նպատակով: Այդ ընթացքում չորս ներկայացում տեղի ունեցավ:

Երեք ամիս մեծանուն դերասանի հետ աշխատելու աննախադեպ հնարավորություն ունեցանք, բերկրալի օրեր էին, միմյանց շատ էինք մտերմացել: Հրաժեշտի ժամանակ սեղանի շուրջ նա մեզ խորհուրդ տվեց թատերական խմբակ բացել՝ առօրյա, կենցաղային թեմաների ու համայնքում տեղի ունեցող իրադարձությունների հիման վրա ներկայացումներ բեմադրելով:

Մհեր Մկրտչյանի տված խորհուրդը միանգամից դաջվեց ուղեղիս մեջ և այդ ուղղությամբ սկսեցի գործուն քայլեր ձեռնարկել: Թուղթն ու գրիչը ձեռքիս՝ գնում էի  հայկական որևէ թաղամաս՝ հետևելու մարդկանց անցուդարձին, խոսքին և պահվածքին:

Սկզբում համախոհ մի քանի ընկերներով հավաքվեցինք և հայ թատերական արվեստը Ֆրանսիայում վերարժևորելու, տարածելու և զարգացնելու նպատակով՝ 1992 թվականին սահմանափակ ուժերով ՀԲԸՄ Փարիզի «Ալեք Մանուկյան» մշակութային կենտրոնում ստեղծեցինք «Ահազանգ» հայկական թատերախումբը:  Առաջին բեմադրությունը եղել է «Կյանքի էջեր՝ կատարելապես անկատար» կոչվող ներկայացումը: Թատերախմբի ստեղծմամբ անհրաժեշտ էր լուծել նաև Մայրենիի պահպանման խնդիրը:

-Ինչու՞«Ահազանգ»:

-Զգալով, որ օտար ամայի ճամփեքի վրա ուծացման ենք գնում, եվրոպական մշակույթի, բարքերի ու քաղաքակրթության ազդեցության տակ հայտնվում՝ մտածեցինք, որ «Ահազանգ»-ը սթափեցնող կոչ կլինի սփյուռքահայերին, մասնավորապես՝ ֆրանսահայերին, որպեսզի մտածեն այս կարևոր հարցի շուրջ:

-Եթե ամփոփենք թատերախմբի գործունեության քսանհինգ տարիները, իբրև գլխավոր  ձեռքբերում, ո՞րը կնշեք:

 -Կարծում եմ՝ ֆրանսահայերի վստահությունը շահելն է: Սկզբնական շրջանում մտավախություն ունեինք, թե համայնքի կողմից ինչ ուշադրության կարժանանանք, բայց հուրախություն մեզ՝ ֆրանսահայերը գրկաբաց ընդունեցին, որից շատ ոգևորվեցինք:

Տեսնելով մեր կատարած աշխատանքը՝ նրանք ցանկություն են                   հայտնում կրկին այցելել, նաև պարբերաբար հարցնում են, թե ինչ նոր ներկայացումների ենք պատրաստվում:

-Թատերախմբում միայն ֆրանասահայ դերասաննե՞ր են ընդգրկված:

-Ո´չ միայն: Ներկայումս թատերախմբի կազմում Հայաստանից, Լիբանանից, Սիրիայից և Թուրքիայից եկած հայ դերասաններ ևս ընդգրկված են: Ստեղծման պահից ձևավորված թատերախմբի հիմնական «կորիզը» մինչև այժմ պահպանվում է: Քսանհինգ տարվա միասնության գաղտնիքն այն է, որ մեկ ընտանիքի պես ենք ապրում և աշխատում՝ կիսվելով և՛ ուրախություններով, և՛ տխրություններով:

Իհարկե, թատերախմբում երիտասարդներ էլ կան, ովքեր մեծ խանդավառությամբ են ցանկանում ներգրավել մեր շարքերը: Առհասարակ, սերունդների տարիքային տարբերություն չենք դնում. թատերախմբի դռները բոլորի առջև բաց են:

-Ցանկացած թատրոնի գոյության կարևոր պայմաններից մեկը ճիշտ ընտրված խաղացանկն է: Ի՞նչ ներկայացումներ են տեղ գտել «Ահազանգ»-ի թատերական «ներկապնակում»:

-Թատերախմբի ներկայացումները բացառապես արևմտահայերենով են կայանում: Բեմադրված առավել հայտնի ներկայացումներն են Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», Մուշեղ Իշխանի  «Մեռնիլը որքան դժվար է»,  Երվանդ Օտյանի «Թիվ 17 Խաֆիեն», Պերճ Զեյթունցյանի ստեղծագործությունները և այլն: Նաև իմ հեղինակած տաս բեմադրություններից վեցը ներկայացվել է հանդիսատեսի ուշադրությանը, ինչպես օրինակ՝  «Ձին կը տեզայ» և վերջերս ներկայացրած «Գաղթականի մը օրագիր» խորագրով ստեղծագործությունը, որտեղ նկարագրվում է   Հայկական սփյուռքի ներկա իրավիճակը, համահայկական հաստատությունների, կազմակերպությունների  աշխատանքները, սփյուռքահայերի մտահոգություններն ու մտորումները:

Այս ներկայացումներով տարբեր շրջագայություններ ենք ունեցել ֆրանսիայի հայկական մի շարք համայնքներում:

-Թատերախումբը Հայաստանում ներկայացում խաղալու, հայաստանցի հանդիսատեսի ջերմությանն ու ծափերին արժանանալու առիթ ունեցե՞լ է:

-Դեռևս ոչ: Բոլորիս փափագն է Մայր Հայրենիքում ելույթ ունենալ: Մշակութային կենտրոնը Հայաստանի, ՀՀ սփյուռքի նախարարության հետ սերտ փոխգործակցության մեջ է:

Հաջորդ տարի ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում ներկայացում ունենալու հեռանկար կա: Տեսնենք՝ ինչպես կստացվի, այժմ քննարկումների փուլում ենք:

 Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ցուցաբերած հոգատարությունից ավելի մեծ ուժ ենք ստանում՝ հետագայում  նոր կորովով աշխատելու  համար:

Աշխատանքային այցով Փարիզում գտնվելու օրերին մեծարգո նախարարն անպայման այցելում է մեզ, ծանոթանում կատարված աշխատանքներին և քաջալերում մեզ:

Վերջերս, երբ առաջին անգամ Հայաստանում էի գտնվում, Հրանուշ Հակոբյանը «Ահազանգ»  թատերախմբին պարգևատրեց  ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով, որի համար անչափ շնորհակալ ենք:

Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի

 

Scroll Up