«Գալո՛ւ է և այդ օրը, երբ Թուրքիան խոնարհվելու է». Արթուր Ավանյան
ՀՀ սփյուռքի նախարարությունում պարբերաբար հյուրընկալվում են Սփյուռքի հայկական համայնքների ներկայացուցիչներ. այս անգամ հյուրը Մոլդովայի հայկական համայնքի նախագահ Արթուր Ավանյանն էր, ում հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
– Պարո՛ն Ավանյան, Դուք Հայաստան եք եկել ապրիլյան այն օրերին, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախում և, մասամբ էլ Հայաստանի սահմանային որոշ հատվածներում, զոհեր ունեցանք, վիրավորներ. Ձեր այցը նաև համընկել է Ապրիլի 24-ին Հայոց եղեռնի 101-րդ տարելիցի հիշատակի օրվան: Այս երկու առիթներից ո՞րը Ձեզ բերեց Հայաստան:
–Այս երկու առիթներն էլ շատ զորավոր պատճառ էին, որպեսզի գամ Հայաստան: ճիշտ է, մենք հեռվից էլ ցավում էինք, բոլորիդ հետ միասին սգում զոհված տղաների համար, տագնապում մեր Հայրենիքի սահմանների անվտանգության համար, փորձում բարոյապես և նյութապես օգնել Արցախին, կարեկից լինել վիրավոր ու զոհված զինվորների հարազատներին, ձեռք մեկնել տունուտեղ ավերված արցախցիներին, սակայն որոշեցի անպայման գալ Հայաստան, տեղում լինել, հանդիպումներ ունենալ, ավելի մանրակրկիտ տեղեկություններ իմանալ, նաև՝ Ապրիլի 24-ին իմ հարգանքի տուրքն ու խոնարհումը բերել՝ Ծիծեռնակաբերդի բարձունքին հավերժական կրակի մոտ մեր անմեղ նահատակների հիշատակին ծաղիկներ խոնարհելով:
…Ես ուզում եմ, որ խաղաղություն լինի, բա՛վ է, հայ ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում շատ զոհեր է տվել: Ամեն մի զոհը մեզ համար անպատմելի ողբերգություն է. նրանք՝ այդ երիտասարդ ու քաջարի տղաները, մեր վաղվա օրն էին և ե՛ն, իսկ վաղվա օրը չի կարելի սպանել, չպետք է թողնել, որ սպանվեն վաղվա՝ ապագայի հայրերը: Մենք Մոլդովայում գիշերուզօր հետևում էինք իրադարձություններին, բոլորս ցնցված էինք: Ես կարող եմ ասել, որ այդ իրավիճակի համար ինչ-որ տեղ նաև մենք ենք մեղավոր. 25 տարի շարունակ մենք պետք է հասկանայինք, որ այդ հողի, այդ դրախտ աշխարհի ետևից մի օր եկող է լինելու, որ ազերիների ախորժակը չի փակվելու, և մենք պետք է գերազանց պատրաստականություն ունենանք. թշնամին չի քնում:
– Ի՞նչ եք կարծում, պարո՛ն Ավանյան, հայը մի հզոր ու նոր զարթոնք կապրի՞ արդյոք:
– Զարթոնք կապրի՛, անշուշտ, որովհետև մենք կարողանում ենք կարևոր, օրհասական պահերին համախմբվել: Հոյակապ ազգ ենք, հոյակապ ժողովուրդ ենք այդ առումով: Նույնը չեմ կարող ասել Մոլդովայում ապրողների մասին: Իմ գերնպատակն այն է, որ այնտեղ ապրող հայերը միաբան լինեն, համախմբված, ճանաչեն իրար, շփվեն իրար հետ, դժվար պահերին սատար լինեն մեկը մյուսին, մտերմանան ընտանիքներով. դրսում առավել կարևոր է, որ մեր հայրենակիցներն իրար ձեռք մեկնեն:
-Ձեր փայփայած համախմբվածությունն ընդհանրապես չկա՞ Մոլդովայի հայերի առումով:
-Կա՛, բայց քիչ է, փոքր է. դա պետքէ է ավելի մեծ, տարածական և ամուր բնույթ կրի: Շատ մեծ աշխատանք ունենք անելու: Մենք մի մեծ միջոցառում անցկացրեցինք՝ «Հայերի ներդրումն աշխարհի զարգացման մեջ» խորագրով, որին հրավիրված տարբեր ազգությունների ներկայացուցիչներին նվիրեցինք ձայնասկավառակներ՝ աշխարհի նշանավոր հայերի մասին: Մարդիկ տարան իրենց հետ, ծանոթացան. նաև այսպես ենք ծանոթացնում հայերին ու հայկական արժեքներին: Շատերը չգիտեն, թե ովքեր են հայերը, երբեմն հարցնում են ազգությունդ և ասում՝ դուք մահմեդակա՞ն եք… Շատ վիրավորական է, ցավալի, դրա պատճառն այն է, որ ժամանակին լավ չեն ներկայացրել հայերին, այդ մարդիկ չգիտեն, թե ովքեր են հայերը, ինչ մշակույթ ունեն (շատ քչերն են ճանաչում մեզ): Իմ գերնպատակը հայերին ու Հայաստանը ճանաչելի դարձնելն է: Որոշեցինք բացել զբոսաշրջային գործակալություն և համագործակցել Երևանում որևէ նմանատիպ գործակալության հետ. նպատակը Մոլդովայում ծնված, այնտեղ ապրող, սակայն երբևիցե իրենց Հայրենիքը չտեսած մարդկանց Հայաստանում լինելու հնարավորություն ընձեռելն է: Պայմանավորվածության շրջանակներում ցանկություն ունեցողները 7 օրով կգան Հայաստան, որտեղ նրանց կդիմավորեն հենց օդանավակայանում, կտեղավորեն հյուրանոցում և կկազմակերպեն էքսկուրսիաներ՝ դեպի Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ և այլ տեսարժան վայրեր, իսկ ուղևորության ավարտին կճանապարհեն օդանավակայանից: Այս նախաձեռնությունը որոշել ենք սկսել մայիս ամսից:
– Պարո՛ն Ավանյան, քանի՞ տարի է, ինչ ապրում եք Մոլդովայում և ղեկավարում եք հայկական համայնքը:
– Երկու տարի է, ինչ Մոլդովայում եմ: Ես Հայաստանում երկար ժամանակ եղել եմ Կապի և տրանսպորտի փոխնախարարը: Կինս Մոլդովայում ՄԱԿ-ի դեսպանն է, ես էլ մեկնեցի, քանի որ Հայաստանում արդեն պետական աշխատանք չունեի, և իմ նվաճումը եղավ այն, որ կարճ ժամանակում, չճանաչելով ինձ՝ մարդիկ վստահեցին և ընտրեցին համայնքի ղեկավար: Համայնքում կանոնադրության հետ կապված շատ խնդիրներ կային, ես կարողացա դրանում շատ փոփոխություններ անել, որպեսզի համայնքը կարողանա «շնչել»: Օրինակ՝ իրենց մոտ նշված էր, որ հայ համայնքի անդամ կարող է լինել նա, ով ունի Մոլդովայի քաղաքացիություն: Մենք փոխեցինք այդ կետը, որովհետև շատ հայեր կան այնտեղ, ովքեր կեցության, ապրելու իրավունք ունեն, որը մոլդովական քաղաքացիություն չէ, սակայն նրանք ազգությամբ հայ են և կարող են լինել հայ համայնքի անդամ: Եթե մարդն ունի ընտանիք, երեխաներ, օրինական կերպով է ապրում երկրում, ապա ինչպե՞ս և ինչո՞ւ նրան չհամարել համայնքի անդամ: Ես իմ ամբողջ ուժերը կենտրոնացնում եմ, որ մեր համայնքը լինի համախմբված, առաջադեմ և օրինակելի: Կապ եմ հաստատել ու պայմանավորվածություն ձեռք բերել Ռումինիայի հայկական համայնքի ղեկավարի՝ մի հրաշալի անձնավորոթյան՝ Վարուժան Ոսկանյանի հետ, որպեսզի մայիսի 20-ին կազմակերպենք մի համաժողով, բիզնես-ֆորում, ուր հավաքվեն Մոլդովայի և Ռումինիայի հայ գործարարները, շփվեն, ծանոթանան, փորձի փոխանակման ծրագրեր կազմեն, կարծիքներ կիսեն:
– Դուք հանդիպեցիք նաև ՀՀ սփյուռքի նախարարին. որոշակի ինչպիսի՞ պայմանավորվածություններ ունեցաք:
– Ասեմ, որ ես շատ եմ սիրում Սփյուռքի նախարարությունը, բարձր եմ գնահատում նախարարության ծավալած գործունեությունը, բոլոր ծրագրերը: ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումը շատ անհրաժեշտ էր և, Փառք Աստծո, այն կա և շուտով կդառնա 7 տարեկան: Մեր համայնքն անպայման կմասնակցի «Արի տուն», «Սփյուռք-ամառային դպրոց» ծրագրերին… Ունենք կիրակնօրյա գործող դպրոց, սակայն շատ ցանկալի է, որ դասավանդողները գան Հայաստան ու մասնակցեն Սփյուռքի նախարարության կազմակերպած վերապատրաստման դասընթացներին:
– Ինչիսի՞ հարաբերություններ են ձևավորված Մոլդովայի հայկական և մյուս համայնքների, տեղի բնակիչների միջև:
– Մենք շատ մոտ ընկերներ ունենք Հունաստանի, Բելառուսի, բուլղարական, հրեական և այլ համայնքներում. բոլորի հետ էլ լավ հարաբերություններ ունենք:
– Իսկ ադրբեջանական համայնքի՞…
– Ադրբեջանցիները ապրիլի 7-ին շատ վատ պահեցին իրենց. նրանք 20 հոգով դուրս էին եկել ցույցի՝ ընդդեմ Ղարաբաղի, Հայաստանի, բողոքի նամակ էին գրել: Մեր համայնքում երիտասարդական նոր կազմակերպություն ենք ստեղծել, որի ղեկավարը Արսեն Սարուխանյանն է. ուզում եմ նրան Երևան ուղարկել, կայցելի նաև նախարարություն: Մեր համայնքի երիտասարդները շատ ակտիվ են ու հայրենասեր:
– Պարո՛ն Ավանյան, ապագայում ի՞նչ նոր նախաձեռնություններ ունեք:
– Մեր դարաշրջանի Մոլդովայի ամենահայտնի հայը ջութակահար Կարապետ Հայրապետյանն է, ով աշխատել է Մոլդովայում: Վերջերս ես ծանոթացա նրա տղայի՝ հայտնի ջազ նվագող Վահագն Հայրապետյանի հետ և ասացի, որ մտադրություն ունեմ իր հայրիկին նվիրված հուշ-երեկո կազմակերպել: Վահագնը շատ զգացվեց, ասացի, որ ինքն էլ պետք է Երևան գա, ներկա լինի, նվագի, և նա տվեց իր համաձայնությունը: Կուզեի մեր համայնք հրավիրել նաև Աշոտ Ղազարյանին, սակայն Մոլդովայում հայերեն իմացող 300 հոգի չեմ կարող իրար գլխի հավաքել, որպեսզի հասկանան մեծ հումորիստի լեզուն, իսկ երաժշտությունը լեզու չունի, կարող եմ և պետք է Կարո Հայրապետյանի հուշ-երեկոյին հրավիրեմ տարբեր ազգությունների մարդկանց: Ես մի մեծ նպատակ էլ ունեմ՝ կապված հայտնի հայի՝ Մանուկ Բեյ-Միրզոյանի հետ: Նա Մոլդովայում տուն-թանգարան ունի, ուզում եմ այնտեղ մի դահլիճ, մի սրահ վերցնել (ինձ խոստացել են տալ) և ձևավորել հայկական ոճով: Դիմել եմ հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանին, ով խոստացել է օգնել, եթե լավ ծրագիր ներկայացնեմ: Որոշել եմ նաև հայտնի հայերի ծառուղի հիմնել: Դրա սկիզբն էլի ուզում եմ սկսել Մանուկ Բեյ-Միրզոյանով: Ինձ անհրաժեշտ է պատրաստել նրա կիսանդրին, այդ առիթով զրուցեցի նաև հարգարժան նախարար Հրանուշ Հակոբյանի հետ և խնդրեցի օգնել: Հետագայում, երբ ամեն ինչ պատրաստ լինի, մի մեծ միջոցառում կկազմակերպենք և կհրավիրենք նաև նախարարին: Որոշել եմ իրագործել նաև «Հայկական խոհանոցի օր» մեծամասշտաբ միջոցառումը, որը նույնպես հայերին ու հայկական ավանդական մշակույթը դրսում ճանաչելու միջոց է: Իմ տեղակալի տղան մասնակցել է «Что-где-когда» ինտելեկտուալ խաղին, հաղթել է՝ շահելով բյուրեղապակյա բուն: Մենք պետք է կարողանանք Հայրենիքում և Սփյուռքում ապրող տաղանդավոր հայերին ներկայացնել աշխարհին: Հիմա, քանի դեռ Երևանում եմ, ուզում եմ զբաղվել նաև այդ հարցով:
– Պարո՛ն Ավանյան, եթե, Աստված չանի, Ադրբեջանը կրկին փորձի քառօրյա պատերազմը կրկնել, շարունակել, Մոլդովայի հայորդիները կգա՞ն պաշտպանելու Արցախ աշխարհի և Հայաստանի մյուս սահմանները:
– Իհարկե՛: Փոքր-ինչ կասկած անգամ չունեմ: Բոլորը մի մարդու նման ոտքի կկանգնեն:
– Կարոտո՞ւմ եք Երևանը:
– Շա՜տ: Կարոտում եմ Հայաստանը, կարոտում եմ Երևանի ամեն մի փողոց, ամեն մի ծանոթ վայր, իսկ ամենից շատ՝ իմ ընկերներին:
– 101 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, և ոճրագործ Թուրքիան դեռևս չի ճանաչել, չի ընդունում Հայոց եղեռնը… Հավատո՞ւմ եք, որ կգա և այդ օրը:
-Այո՛, հավատում եմ: Ես ապրիլի 24-ին բարձրացա Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ խոնարհեցի անմար կրակի մոտ… Չի՛ կարող այսպես շարունակվել՝ կոտորել մոտ 2 միլիոն անմեղ մարդկանց և լռել դարից ավել… Գալո՛ւ է և այդ օրը, երբ Թուրքիան խոնարհվելու է:
–Պարո՛ն Ավանյան, շնորհակալություն ջերմ ու բովանդակալից հարցազրույցի և Ձեր աննկուն հայրենասիրության համար:
Կարինե Ավագյան