Մենք բոլորս պարտավոր ենք նկարագրելու և ներկայացնելու Հայոց ցեղասպանությունը. իրաքցի արաբ գրող

Մարտի 18-20-ը Երևանում կայացավ «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիա խորհրդաժողովը, որին մասնակցում էին տարածաշրջանային և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Իրաքից մասնակցում էր արաբ գրող և ակադեմիկոս, մամուլի և մշակույթի զարգացման գրասենյակի տնօրեն, Միջկրոնական երկխոսության խորհրդի, Բաղդատում Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցի, կազմակերպվելիք համագումարի վերահսկիչ հանձնախմբի անդամ, բազմաթիվ գրքերի հեղինակ Սաադ Սալլումին:

Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» հարցազրույցը արաբ գրողի հետ:

Ի՟նչ կասեք Իրաքում հայերի ներկայության մասին:

– Հայերը Իրաքում ապրում են նախքան 1915 թվականի Ցեղասպանությունը, 17-րդ դարից սկսած, երբ Պարսկաստանի Շահ Աբասը հայերին տեղափոխեց Բաղդադ՝ Բասրա քաղաքի միջով: Նրանք տաղանդավոր արհեստավորներ էին, վաճառականներ և արվեստագետներ:

Հայերի թիվը Բաղդադում, Մուսուլում և Բասրայում նկատելիորեն ավելացավ 1915 թվականի Ցեղասպանությունից հետո: Նրանց մեծամասնությունը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են:

Իրաքցիները միշտ գովասանքով են խոսում հայկական եկեղեցիների հոյակապ ճարտարապետության մասին: Այդ եկեղեցիներից ամենահռչակավորն ու գեղեցիկը Բաղդադի Սուրբ Գրիգոր Առաջնորդանիստ եկեղեցին է՝ կառուցված 1957 թվականին: Իրաքի Հայոց թեմի առաջնորդն է Ավագ Արք. Ասատուրյանը: Նաև նշեմ, որ Հայ կաթողիկե համայնք էլ է գործում Իրաքում, որի առաջնորդը Էմանուել Արք. Դաբաղյանն է:

Իրաքի արդի պատմությամ մեջ ինչպե՟ս եք գնահատում հայերի փոխհարաբերությունները Իրաքի ժողովրդի հետ:

– Իրաքի ժողովուրդը գեղեցիկ հիշողություններով ամուր կապեր ունի հայերի հետ: Իմ կարծիքով, հայերը մյուս քրիստոնյա համայնքներից առանձնացան այն պատճառով, որ հատատվելով նոր երկրներում՝ վերաբերվեցին ինչպես իրենց հարազատ հայրենիքին: Օրինակ՝ Իրաք-իրանյան պատերազմի (1980-1988թթ.) ընթացքում երկու կողմերն ունեցան նաև հայ նահատակներ: Եվ երբ ես այցելում եմ Բաղդադի Հայոց Առաջնորդարան ու բակում տեղադրված նահատակների հուշարձանի վրա կարդում նահատակվածների անունները, մեծ ցավ եմ ապրում, մտածելով, որ 100 տարի առաջ հայերի մտքով չէր անցնի, որ նահատակներ կունենան մի պատերազմում, որի հետ հայը ոչ մի առնչություն չունի:

Սա ցավալի հակասություն է: Սակայն այդ ամենով հանդերձ՝ իրաքցիներիս համար հայերն ունեն հատուկ տեղ մեր հիշողության մեջ, անուններ, որոնք հռչակավոր դեր ունեցան Իրաքի արդի պատմության մեջ: Հիշատակեմ միայն երկու անուն: Գալուստ Գյուլբենկյան՝ Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և միջազգային մանկական զվարճանքի վայրը կառուցող առանցքային դեմքը: Սառա Թաթոսյան՝ «Սառա Խաթունը», այն մեծահարուստ, բարերար հայուհին, որի անունով է կոչվում Բաղդադի հռչակավոր թաղերից մեկը՝ «Քամբի Սառան»: Այլ անձնավորություններ էլ կան, որոնք Իրաքում հանդիսացան իբրև հայ ժողովրդի կենսունակության խորհրդանիշներ:

– Ինչպե՟ս սկսցվեց փոքրամասնությունների իրավունքների պաշտպանի ամուր և առանձնահատուկ կապերը իրաքահայության հետ, ո՟ւմ եք պարտական այդ ամենի համար:

– Նախևառաջ, ես Բաղդադի զավակ եմ, մեծել եմ այնտեղ, ուր կա բազմակարծություն՝ իր կրոնական, ազգային և լեզվական դրսևորումներով: Սակայն աշխատանքի բերումով ունեցա մարդկային հատուկ և անկեղծ կապեր Իրաքի Հայոց ազգային կենտրոնական վարչության անդամների հետ: Այդ կապերը վերածվեցին հոգեկան և միմյանց ճանաչելու փոխհարաբերությունների, հատկապես Ցեղասպանության 100-րդ տարելիցի ձեռնարկների նախապատրաստական աշխատանքների ժամանակ:

Բացի այդ, դարձյալ աշխատանքի բերումով, 2010 թվականին Սայիդաթ Ալ Նաճաթ եկեղեցու ցավալի դեպքից հետո, երբ կազմվեց Իսլամ-քրիստոնյա երկխոսության նախաձեռնությունը, ծանոթացա Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Ավագ Արքեպիսկոպոս Ասատուրյանի հետ, որի հետ ունեցա, և ունեմ, ջերմ և անկեղծ հարաբերություններ, չնայած որ նա մեծ համակրանք ունի Ալ Ղազալի փիլիսոփայի հանդեպ, իսկ ես՝ նրա հակառակորդ փիլիսոփայի՝ Իբն Ալ Ռուշտիի հանդեպ: Այդուհանդերձ, իմ ամենագեղեցիկ ժամերն եմ անցկացնում Սրբազան հոր հետ՝ հայկական սուրճ խմելով, որի մասին նա միշտ հիշեցնում է, որ թուրքերը դա էլ գողացան, ու այսօր այդ սուճը կոչվում է՝ «Թուրքիշ քոֆֆի»:

Հանդիպումների ժամանակ Սրբազանն ինձ ցույց է տալիս հայկական սրբապատկերներ, տեղեկություններ է տալիս, որոնք հասնում են մինչև Հայոց ցեղասպանության հարցին: Սուրճը խմելուց հետո, նա իր հայացքն է սևեռում հայ ժողովրդի խորհրդանիշ հանդիսացող Արարատ լեռան պատկերին:

Քանի որ անդրադարձաք Ցեղասպանության հարցին, կխնդրեի տեղեկություններ տայիք Ձեր գործունեության մասին, և թե ի՟նչ տեղ է գրավում Ցեղասպանության հարցը Ձեր գործունեության մեջ:

– Իմ գործունեությունը կարելի է ամփոփել այս վերնագրի ներքո՝ «Բազմակարծության խթանում Իրաքում»: Սա ծրագիր է, որն իրականացվում է վավերագրական ֆիլմերով, քաղաքացիական ձեռնարկներով և մեր ստեղծած Միջկրոնական երկխոսության խորհրդի աշխատանքներով և մի շարք գրքերի հրատարակությամբ:

Ներկայում աշխատում եմ լայնածավալ գրքի վրա, որը անդրադառնում է ցեղասպանության, լռության և մոռացումի հարցերին՝ Հայոց ցեղասպանությունից մինչև Եզդիների ցեղասպանությունը: Այդ աշխատանքով ես իմ նպաստն եմ բերում Հայոց ցեղասպանության հարցին:

Ձեր կարծիքով, աշխարհ ինչպե՟ս պետք է դիմավորի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

– Չեմ կարծում, որ աշխարհի խիղճը հանկարծակի կարթնանա… 100 տարի է անցել, սակայն մարդկությունը տակավին դասեր չի քաղել Ցեղասպանության հարցից: Մինչև այսօր տառապում ենք իրարամերժությունից, ուրիշին ավելի ցածր մակարդակի դասելուց: Կառավարությունները տակավին լռության քաղաքականություն են վարում և կոտորածներ են իրագործում: Ժողովուրդները դեռ պատերազմների զոհ են դառնում և նրանց իրավունքներն օգտագործվում են իբրև խաղաքարտեր՝ ճնշում բանեցնելու համար:

Տեսեք, թե ինչպես է փոքրամասնություններից դատարկվում Իրաքը, մասնավորապես, և Միջին Արևելքը, ընդհանրապես: Երեկ՝ Ալ Քաիդան էր, այսօր՝ ԴԱՀԵՇ-ը, իսկ վաղը չենք իմանան՝ ինչ նոր հրեշ դուրս պետք է գա և ինչ նոր Ցեղասպանություններ պետք է իրագործի:

Սակայն սա չի նշանակում, որ ես հոռետես եմ և պետք է հրաժարվեմ իմ առաքելությունից: Այդ պատճառով ասում եմ, որ 100-րդ տարելիցի ոգեկոչումը պետք է լինի համաշխարհային մակարդակի վրա, որ այն չօգտագործվի քաղաքական շահեր հետապնդող ուժերի կողմից:

Մենք բոլորս պարտավոր ենք նկարագրելու և ներկայացնելու Հայոց ցեղասպանությունը՝ իբրև մեկնակետ այլ ցեղասպանությունների:

Կարո՟ղ եք ներկայացնել Իրաքում ձեր պատրաստությունները 100-րդ տարելիցի կապակցությամբ:

– Իրաքում եղել են բնաջնջման մի քանի դեպքեր: 1933 թվականին ասորիների դեմ, անցյալ դարի 50-ական թվականներին հրեաների բռնագաղթ, 70-ակններին՝ բահաիների դեմ բռնություներ, 80-90-ականներին՝ շիաների և քրդերի դեմ կոտորածներ, և մեր օրերում տարածաշրջանում կատարվող, բոլորիս հայտնի, ցավալի դեպքերը:

Այս ներհյուսված բնաջնջման քաղաքականությունը, որը սկսվեց հայերի ցեղասպանությամբ, և այսօր շարունակվում է այլ ժողովուրդների հանդեպ, պետք է պատճառ հանդիսանա, որ ժողովուրդները գիտակցեն դա, ՈՉ ասեն և դատապարտեն բոլոր պատասխանատուներին:

Շուտով պետք է կազմակերպենք մեծ համագումար, որին պետք է մասնակցեն իրաքցի դասախոսներ և ակադեմիկոսներ: Պետք է կազմակերպենք նաև խաղաղ երթ՝ դեպի Թուրքիայի դեսպանատուն՝ նրանցից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Այս ձեռնարկների նպատակն է արթնացնել ժողովուրդների հիշողությունը, ճանաչել տալ նրանց Հայոց ցեղասպանությունը և դասեր քաղել: 100 տարի լռություն և մոռացություն… Ժողովուրդները պետք է շարժվեն՝ իրենց իրավունքները ձեռք բերելու համար: Խոսքս ժողովուրդների մասին է, ոչ թե կառավարությունների, որովհետև վստահությունս կորցրել եմ կառավարություններից, որոնք շահագործում են ժողովրդի արյունը:

Վստահությամբ ասում եմ, որ հայ ժողովրդի դեմ կատարվածը երբ ճանաչում գտնի համաշխարհային լայն մակարդակում, խթան պետք է դառնա իրավազրկված բոլոր ժողովուրդներին՝ վերագտնելու իրենց իրավունքները: Այս քայլով մենք հիշում ու պահանջում ենք, որ դա երբեք չկրկնվի:

Հարցազրույցը վարեց Վարանդ Պետրոսյանը

Հ.Գ. Սալլումիի գրքերն են.

«Փոքրամասնություները Իրաքում. հիշողություն, ինքություն, մարտահրավերներ»: Արաբերեն և անգլերեն լեզուներով այս գիրքը Իրաքում համարվում է առաջինը՝ կրոնական և ազգային բազմակարծության թեմայով:

«Տարբեր և հավասար: Իրաքում փոքրամասնությունների իրավունքները միջազգային և ազգային շրջանակներում» աշխատությունը համարվում է երկրորդը՝ բազմակարծության առաջխաղացման նախագծում:

«Ստեղծագործական բազմազանությունը. Իրաքում բազմակարծությունը խթանելու միջոցներ ստեղծել» գրքում հեղինակը կարևոր է համարում բազմազանությանը նպաստող մոտեցումները, որոնք նաև պետք է պահպանեն Իրաքի միասնությունը և ինքնության բազմազանությունը:

«Քրիստոնյաները Իրաքում. համապարփակ պատմություն և արդի մարտահրավերներ» գրքի մտահղացումը ծագել է Իրաքի և Միջին Արևելքի քրիստոնյաների ոչնչացման մտավախությունից, հատկապես՝ 2014 թվականի ամռանը ՏԱՀԵՇ-ի կողմից Մուսուլի քրիստոնյաների տեղահանումից հետո:

«Քաղաքական գործիչներն ու ցեղային խմբերը Իրաքում» գիրքը համարվում է 5-րդը՝ իսլամական համակարգից աղանդավորական մշակույթի մոտեցման բազմազանությունից հասնելով Օսմանյան տիրապետության շրջանից մինչև ժամանակակից Իրաքի պետության կազմավորման շրջանի քաղաքացիության հասկացողությանը:

«100 պատրանք փոքրամասնությունների մասին Իրաքում» գիրքը ներկայացնում է փոքրամասնությունների մասին առասպելները: Հեղինակն այս գրքում մշակութային լայն տեսությամբ բացահայտում է փոքրամասնությունների ինքնության մասին եղած պատրանքները:

Scroll Up