ՌԴ Իրկուտսկ քաղաքի Հայկական մշակութային կենտրոնը 20 տարեկան է
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ներկաներին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես կարևորվում էր Ռուսաստանի հայ համայնքի դերակատարությունը նոր փուլ թևակոխած Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում: Շնորհակալություն հայտնելով հայկական մշակութային կենտրոնին ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի ընդլայնմանն ու ծավալմանը նպաստելու համար՝ նշեց, որ այս ձևով կառուցվում է Հայրենիք-Սփյուռք հոգևոր մի ամուր կամուջ, որը դառնալու է հուսալի անցաքար սերունդների համար՝ Հայրենիք վերադառնալու ճանապարհին:
Հայկական մշակութային կենտրոնի նախագահ Սամվել Ոսկանյանը ներկայացրեց միության 20-ամյա գործունեությունը, մատնանշեց առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Նշեց նաև, որ կենտրոնը ակտիվ մասնակցություն է ունենում Իրկուտսկ քաղաքի այլ ժողովուրդների հասարակական կազմակերպությունների միջոցառումներին և համագործակցում է Իրկուտսկի մարզի և Իրկուտսկ քաղաքի իշխանությունների հետ:
Միջոցառմանը հայ համայնքի մի շարք անդամներ արժանացան տեղի իշխանությունների պատվոգրերի և շնորհակալագրերի: Հայ համայնքին շնորհավորեցին և հուշանվերներ հանձնեցին այլ ժողովուրդների հասարակական կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Այնուհետև ելույթ ունեցան հայկական և այլազգի պարախմբեր, երգիչներ, երաժիշտներ: Երեկոն ավարտվեց «Ուրարտու» պարախմբի ելույթով: