ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սիրիայի Ղամիշլի քաղաքի հայազգի բժիշկ Զարեհ Սիմոնյանին և Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդարանի սպասավոր Տեր Հովսեփ քահանա Պետոյանին
Փետրվարի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սիրիայի Ղամիշլի հայաշատ քաղաքի բնակիչ, բժիշկ Զարեհ Սիմոնյանին և Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդարանի սպասավոր Տեր Հովսեփ քահանա Պետոյանին:
Բժիշկ Զարեհ Սիմոնյանը ներկայացրեց այս օրերին Սիրիայում գտնվող հայերի ծանր վիճակը, ովքեր աջակցության կարիք ունեն: Ի տարբերություն Դամասկոսի և Հալեպի՝ Ղամիշլիի հայերը գտնվում են համեմատաբար անվտանգ վիճակում, սակայն Ղամիշլիից 20 կմ հեռավորության վրա մշտական ռմբակոծությունների պատճառով բնակավայրերը վտանգված են:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց Հայաստան տեղափոխված սիրիահայերի առողջապահական, կրթական, սոցիալական և այլ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության կատարած աշխատանքները, այդ թվում՝ նաև սիրիահայերի համար բնակարանաշինության «Նոր Հալեպ» ծրագիրը: Նա ներկայացրեց նաև դիվանագիտական ներկայացուցչությունների հետևողական աշխատանքը և կարևորեց այն հանգամանքը, որ պատերազմական գործողությունների ողջ ընթացքում Սիրիայում չդադարեցին գործել ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Սիրիայում գտնվող հայերի անվտանգության ապահովման, օգնության տրամադրման, անձնագրային և վիզաների ձեռքբերմանը վերաբերող խնդիրներ: